Լրահոս

21.08.2014 15:15


Արցախում հանցագործությունների ընդհանուր թվաքանակը նվազել է 23,7%-ով

Արցախում հանցագործությունների ընդհանուր թվաքանակը նվազել է 23,7%-ով

Ըստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության հրապարակած վիճակագրության` Արցախում 2014թ. 1-ին կիսամյակում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակը նվազել է 23,7%-ով կամ 56 դեպքով (2013թ. 1-ին կիսամյակ` 236, 2014թ. 1-ին կիսամյակ` 180): Հանցագործությունների ընդհանուր թվաքանակի նվազման պարագայում, բնականաբար, նվազել է նաեւ հանցավորության գործակիցը: Հաշվետու կիսամյակում 10.000 բնակչին բաժին ընկնող հանցագործությունների թիվը հանրապետությունում կազմել է 12,2 (2013թ. 1-ին կիսամյակ` 16,1): Հանցավորության ընդհանուր կառուցվածքում աճել են մարդու (13,3%-ից 17,1%), հասարակական անվտանգության, հասարակական կարգի եւ բնակչության առողջության (20,9%-ից 34,8%) եւ սեփականության (33,3%-ից 35,4%) դեմ ուղղված հանցագործությունների մասնաբաժինները, փոխարենը նվազել են տնտեսական գործունեության (15,1%-ից 1,8%) ու պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի (12,9%-ից 8,5%) դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշիռները: Հաշվետու կիսամյակում 39-ով (119-ից 80) նվազել են միջին ծանրության, 17-ով (33-ից 16) ծանր եւ 1-ով (4-ից 3) առանձնապես ծանր հանցագործությունների թվերը: Մարդու դեմ ուղղված հանցագործությունների կազմում 1-ով (0-ից 1) աճ է արձանագրվել սպանության փորձերի դեպքերով, միեւնույն ժամանակ 1-ով (2-ից 1) նվազել են սպանության եւ 4-ով (12-ից 8) սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը, իսկ դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերի քանակը մնացել է անփոփոխ (5-5): Հասարակական անվտանգության, հասարակական կարգի եւ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների կառուցվածքում արձանագրված աճը` 47-ից 57, պայմանավորված է խուլիգանությունների (5-ից 11) եւ լատենտային բնույթ կրող այնպիսի հանցագործությունների աճով, ինչպիսիք են հրազեն, ռազմամթերք պահելը եւ պատրաստելը (12-ից 29): 3-ով (3-ից 0) նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարների (հ.253) եւ 10-ով (26-ից 16)` թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների դեպքերը, այդ թվում 7-ով (20-ից 13) առանց իրացնելու նպատակի եւ 4-ով (4-ից 0) իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը: Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների կազմում 1-ով (1-ից 2) աճ է արձանագրվել ավազակությամբ անձնական գույքի հափշտակության, 2-ով (0-ից 2)` անձնական գույքի կողոպուտի, 3-ով (1-ից 4)` խարդախությամբ անձնական գույքի հափշտակության եւ 2-ով (1-ից 3)` ավտոտրանսպորտային միջոցներ փախցնելու դեպքերով: Միեւնույն ժամանակ այս ոլորտում 1-ով (1-ից 0) նվազել են կողոպուտի միջոցով պետական գույքի հափշտակության, 10-ով (46-ից 36)` գողության, այդ թվում 7-ով (15-ից 8)` բնակարանային գողության, 3-ով (3-ից 0)` խարդախությամբ պետական գույքի հափշտակության եւ 12-ով (21-ից 9)` յուրացման եւ վատնման դեպքերը: Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների կազմում 1-ով (0-ից 1) աճել են հարկեր, տուրքեր վճարելուց խուսափելու եւ 1-ով (3-ից 2) նվազել կեղծ թղթեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու դեպքերը: Պետական իշխանության, ծառայության եւ կառավարման դեմ ուղղված հանցագործությունների կազմում 3-ով (4-ից 1) նվազել են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ անցնելու, 8-ով (12-ից 4)` պաշտոնեական կեղծիքի եւ 1-ով (3-ից 2)` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերը:

Այս խորագրի վերջին նյութերը