Լրահոս

22.08.2014 13:57


ՀՀ ՊՆ. «Ադրբեջանական ԶՈՒ–ի և ՊՆ–ի ղեկավարությունը միտումնավոր դիմում է սադրիչ գործողությունների»

ՀՀ ՊՆ. «Ադրբեջանական ԶՈՒ–ի և ՊՆ–ի ղեկավարությունը միտումնավոր դիմում է սադրիչ գործողությունների»
Օգոստոսի 17-ից 22-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմը շարունակել է խախտել հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում:
ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 17-ից 22-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 240 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1900 կրակոց:
Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օգոստոսի 17-ից 22-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 48 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 300 կրակոց:
Եվ ՀՀ ԶՈւ, և ԼՂՀ ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` վստահորեն վերահսկելով իրենց պահպանության ներքո գտնվող դիրքերը:
Ադրբեջանական կողմից հրադադարի պարբերական խախտումները հերթական անգամ վկայում են, որ ադրբեջանական զինված ուժերի և պաշտպանության նախարարության ղեկավարությունը միտումնավոր դիմում է սադրիչ գործողությունների հայ-ադրբեջանական շփման գծում արհեստական լարվածություն ստեղծելու նպատակով, կամ` ադրբեջանական զինված ուժերի` սահմանագոտում տեղակայված ստորաբաժանումները չեն ենթարկվում կենտրոնական հրամանատարությանը, զբաղված են ինքնագործունեությամբ և հաշվետու չեն հրամանատարությանը սպառած ռազմամթերքի համար, եթե, իհարկե, նման հաշվարկներ Ադրբեջանի զինված ուժերում ընդհանրապես տարվում են:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակի լարմանն ուղղված քայլերից և գործուն միջոցներ ձեռնարկել սահմանագոտում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ:
ՀՀ զինված ուժերը և ԼՂՀ պաշտպանության բանակը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով, խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը: Հայ զինծառայողներն իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում:
ՀՀ ՊՆ

Այս խորագրի վերջին նյութերը