Մեկնաբանություն

22.08.2014 17:40


«Или в ЗАГС, или к прокурору»

«Или в ЗАГС, или к прокурору»

Ընդդիմության (հատկապես վերջին ամիսներին) համաձայնեցված ու համատեղ քայլերի արդյունքում Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցան լուրջ զարգացումներ: Ինչ-որ առումով դրանք կարելի է համարել աննախադեպ, որքան էլ դա ամպագոռգոռ չհնչի: Իրականում այդպես է:

Իր պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ Սերժ Սարգսյանը պարտադրված գնաց զիջումների` պաշտոնանկ անելով Տիգրան Սարգսյանին: Մինչ այդ նրան հաջողվում էր խուսանավել միանձնյա գիշերային որոշումների, կեղծ բանակցությունների, հաճախորդներին «մարտի նետելու» ու նմանատիպ՝ բացառապես ոչ քաղաքական նախաձեռնությունների տիրույթում: Բայց դա չէր կարող երկալ տևել. քաղաքականությունը նաև բարոյականություն և կարևոր այլ արժեքներ է պահանջում:

Ու պատահական չէր, որ Սերժ Սարգսյանը ստիպված եղավ զոհաբերել իր սիրելի վարչապետին, որի հրաժարականի վերաբերյալ հարցերին ՀՀԿ-ականները միայն քմծիծաղով էին արձագանքում:

Սերժ Սարգսյանն այնքան հարկադրաբար գնաց Տիգրանին օվկիանոսից այն կողմ ուղարկելու քայլին, որ լուրջ երկընտրանքի առջև էր կանգնած նոր վարչապետի նշանակման հարցում: Հաշվարկը, թե Հովիկ Աբրահամյանին Կառավարության ղեկավար նշանակելով՝ կհաջովի ինչ-որ կերպ ազդել ԲՀԿ-ի հետագա քայլերի վրա, չարդարացավ: Ու կրկին ընդդիմության համատեղ գործունեությունը տվեց հերթական արդյունքը: Գործող նախագահը ստիպված եղավ հետաձգել իր համար այդքան բաղձալի սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը ներկայացնելու վերջնաժամկետը՝ հուլիսի 1-ի փոխարեն վերջնաժամկետ սահմանելով հոկտեմբերի 15-ը: Եվ պարզ է, թե ինչու. «քառյակի» ներկայացրած պահանջներն էլ ունեն վերջնաժամկետ:

Այսինքն, Սերժ Սարգսյանի քայլերն այսուհետ կախված են լինելու ոչիշխանական ուժերի համատեղ գործողություններից: Հասկանալի է, որ այս ընթացքում նախկինից տասնապատիկ անգամ ավելի փորձեր են արվելու՝ պառակտելու ընդդիմությանը, խաղալու նախկինում ունեցած տարաձայնությունների վրա, օգտագործելու բացահայտ ու ծպտյալ հաճախորդներին: Բայց դա արդեն խիստ երկրոդական է: Առաջնայինն այն է, որ ընդդիմությունը հրապարակավ բացահայտեց Սերժ Սարգսյանի ամենաթույլ կողմը՝ իրական միասնական ուժի ու բացառապես բարոյական քաղաքականության կանոններով առաջնորդվելու դեմ նա անկարող է: Դա տեսան բոլորը: Ու հենց այս գիծն ավելի կտրուկ պետք է առաջ տանի ընդդիմությունը: Այլընտրանք չկա, առավել ևս, որ Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները շարունակում են մնալ օրակարգում:

Այնպես որ, թեժ աշնանը գործող իշխանությունից ավելի պետք է պատրաստ լինի ընդդիմությունը: Հայտնի ֆիլմի հերոսի ձևավակերպմամբ՝ մոտավորապես այսպես. «Или я её веду в ЗАГС, или она меня ведёт к прокурору»: Մեր դեպքում դատախազի ֆունկցիան ժողովուրդն է կատարելու։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը