Մեկնաբանություն

26.08.2014 10:40


Գաղջն այլևս արտագաղթի պատճառ չէ

Գաղջն այլևս արտագաղթի պատճառ չէ

Սերժ Սարգսյանը, մասնակցելով «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի փակման արարողությանը, հարցազրույց է տվել միջոցառմանը ներկա երիտասարդ լրագրողներին: Հարցազրույցում, ի թիվս այլ հարցերի, Սարգսյանն անդրադարձել է արտագաղթի խնդրին և հայտարարել, թե Հայաստանում արտագաղթը պայմանավորված է երկու գործոնով՝ հայկական Սփյուռքով և Արցախի չավարտված պատերազմով:

Նույն Սերժ Սարգսյանը 2013թ. մարտին տրված իր մեկ այլ հարցազրույցում արտագաղթի հիմնական գործոնը համարում էր երկրում ստեղծված գաղջ մթնոլորտը, ինչպես նաև պնդում, որ «արտագաղթի համար առաջին պատասխանատուն իշխանությունն է»:

Սարգսյանը նաև լրագրողներից մեկին խնդրել էր համակարգիչը բացել և նայել Ազգային վիճակագրական վարչության տրամադրած տվյալները նվազող արտագաղթի մասին:

Հետևելով Սարգսյանի հորդորին՝ ես նույնպես բացեցի Ազգային վիճակագրական ծառայության կայքը և որոնումների արդյունքում պարզեցի, որ վիճակագրական վարչությունը հատուկ ուսումնասիրություն արտագաղթի վերաբերյալ չի կատարում: Կայքում նույնիսկ «արտագաղթ» բառի որոնման արդյունքում որևէ նյութ չի հայտնաբերվում: Վիճակագրական վարչության կայքում, սակայն, ներկայացված են տվյալներ առ այն, որ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին 212 500 քաղաքացի հեռացել է Հայաստանից ու հետ չի վերադարձել: Փաստորեն, վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալները հակասում են Սարգսյանի ներկայացրած պատկերին։

Սարգսյանը խոսել է նաև տնտեսության զարգացման մասին և հայտարարել՝ «Տեսե՛ք՝ մեր տնտեսությունը որքան է զարգացել վերջին հինգ տարիներին»:

Զարմանալի է, որ կառավարելով 6,5 տարի՝ Սարգսյանը, սակայն, չգիտես՝ ինչու, զարգացման մասին խոսելիս հիշեցնում է իր կառավարման միայն վերջին հինգ տարիները: Սարգսյանը մոռացել է, որ 2009թ. Հայաստանի ՀՆԱ-ն դրամով 14,4 տոկոս անկում է ունեցել (դոլարային հաշվարկով այդ անկումն ավելի մեծ է):

Սերժ Սարգսյանի կառավարման շրջանի մասին տնտեսական տվյալները ցույց են տալիս, որ վերջին 6,5 տարիների ընթացքում աղքատությունը 26 տոկոսից հասել է շուրջ 37 տոկոսի, ՀՆԱ-ն 2008թ. կազմել է 11.7 մլրդ դրամ, իսկ 2013թ.՝ 10.4 մլրդ դրամ (եթե դոլարային տեսքով համեմատենք 2008թ. և 2013թ. ՀՆԱ–ները, ապա պատկերն ավելի տխուր կլինի)։ Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 2008թ. եղել է 3606 դոլար, իսկ այսօր այն կազմում է 3452, արտաքին պետական պարտքը 1.58 մլրդ դրամից հասել է 3.9 մլրդի:

Նման պայմաններում առնվազն անհասկանալի են դառնում Սարգսյանի լավատեսական պնդումները տնտեսության ու այդ ոլորտի վերջին հինգ տարիների ընթացքում գրանցած զարգացման մասին:

Արմեն Գրիգորյան

Այս խորագրի վերջին նյութերը