Մեկնաբանություն

26.08.2014 11:15


Թուրքիան օգտվում է Հայաստանի «նախաձեռնողականությունից»

Թուրքիան օգտվում է Հայաստանի «նախաձեռնողականությունից»

Արտգործնախարար Նալբանդյանի «կանտորան» ռասիզմի մեջ էր մեղադրել Էրդողանին, երբ վերջինս Թուրքիայի նախագահի թեկնածուի կարգավիճակով մասնակցում էր ընտրարշավին, իսկ օգոստոսի 28–ին նույն Նալբանդյանն անձամբ է ներկա գտնվելու Թուրքիայի նախագահ ընտրված Էրդողանի երդման արարողությանը։

Դժվար է ասել, թե արդյոք այս անգամ է՞լ է Նալբանդյանը դիմադրել ու սենյակում փակվել այնպես, ինչպես հայ–թուրքական արձանագրությունների ստորագրման օրը Ցյուրիխում։ Բայց դա արդեն որևէ մեկին չի հետաքրքրում։ Փաստն այն է, որ նա մեկնելու է Անկարա և շնորհավորելու է մի մարդու, ով վիրավորական է համարում, երբ իրեն կասկածում են հայ լինելու մեջ, և ով պահանջում է Ղարաբաղի հանձնում, այսինքն՝ Հայաստանի կապիտուլյացիա։

Եթե «ֆուտբոլային» դիվանագիտության թողած բացասական հետևանքները չլինեին, և Հայաստանը միջազգային ասպարեզում ֆուտբոլի գնդակի վերածված չլիներ, ապա այս այցը ֆորմալ բնույթ կկրեր, կհամարվեր զուտ դիվանագիտական էթիկայի դրսևորում և թույլ չէր տա Թուրքիային դիվիդենտներ շահել։ Հայ–թուրքական տխրահռչակ արձանագրությունների գոյությունը, սակայն, նման հնարավորություն մեր հարևանին տալիս է։ Եվ այդպես կլինի այնքան ժամանակ, քանի դեռ այդ թղթի կտորները պաշտոնական Երևանն աղբարկղ չի նետել։

Հայաստանյան իշխանություններն այդպես էլ չհասկացան, որ թուրքական կողմին պետք է միայն հայ–թուրքական հաշտեցման գործընթացի իմիտացիան, այլ ոչ թե կոնկրետ արդյունքը (օրինակ՝ սահմանի բացումը)։

Երբ Սերժ Սարգսյանը պարբերաբար հայտարարում է, թե պետք է վավերացնել այդ արձանագրությունները, քանզի դա շատ կարևոր է Հայաստանի համար, Անկարան հնարավորություն է ստանում ակտիվ խաղալ այդ խաղաքարտով։

Թուրքիան ընդամենը շահագրգռված է հայ–թուրքական հարաբերությունների ձևական կողմի պահպանմամբ, այլ ոչ թե բովանդակային առաջընթացով։

Էրդողանն այժմ կարող է հարաբերությունների կարգավորման իմիտացիայով զբաղվել՝ շահարկելով Նալբանդյանի այցն ու փորձելով Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցին ընդառաջ՝ փակել այդ թեման միջազգային ասպարեզում՝ «Մենք հարաբերություններ ենք կարգավորում հայերի հետ, հետևաբար, մեզ մի՛ խանգարեք Ցեղասպանության հարցի արծարծմամբ» դեմագոգիկ կարգախոսի շրջանակներում։

Եվ ամենակարևորի մասին։ Երբ Հայաստանից անընդհատ հնչում են հայ–թուրքական արձանագրությունները վավերացնելու խնդրանք–կոչեր, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնվում Ղարաբաղի հարցում գնալ զիջումների, Թուրքիան լեգիտիմ հնարավորություն է ստանում կապել հայ–թուրքական գործընթացը հայ–ադրբեջանականի հետ և Ղարաբաղի հարցում դառնալ ակտիվ ու կողմնակալ լոբբիստ։

Մի խոսքով, «նախաձեռնողականությունից» շահում է Թուրքիան, կորցնում է Հայաստանը։ Նալբանդյանի բազմաչարչար այտերը վկա։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը