Մեկնաբանություն

26.08.2014 12:00


Ի պաշտպանություն «սաքուլիկների»

Ի պաշտպանություն «սաքուլիկների»

Համացանցային հանրությունը փոթորկվել է, ցնցվել ու թափահարվել։ Պատճառն այն է, որ քաղաքապետ նշանակված Տարոն Մարգարյանի թեկնածուական ատենախոսության «պաշտպանությունը» լրագրողական աչքից պաշտպանած «Սաքուլիկը» նշանակվել է բուհի պրոռեկտոր։ Արմեն Աշոտյանն էլ ստանձնել է այդ պրոռեկտորի փաստաբանի դերը։

Ահա այդ փաստից էլ ֆեյսբուքներում մարդկանց սրտերը չի դիմացել, և նրանք բացել են իրենց բերանները։ Բայց դա անարդար է, քանզի եթե Տարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետ է, ապա ինչո՞ւ «Սաքուլիկը» չպիտի դառնա պրոռեկտոր։

Եթե Մանվել Գրիգորյանն իր ռազմահայրենասիրական կեցվածքով դարձել է մեր պետության քայլող արդարադատությունն ու արտագաղթը որպես դրական երևույթ գնահատող գաղափարախոսը, ապա ինչո՞ւ եք աչքներդ տնկել «Սաքուլիկի» պրոռեկտորական աթոռին։

Լիսկան դարձել է այս իշխանությունների կողմից պահպանվող պատմամշակութային արժեք։ Այս պայմաններում ինչո՞ւ չպետք է «Սաքուլիկը» «բեզ պիծի մինուտ» ռեկտոր դառնա։

Գծատեր Գալուստ Սահակյանն այնքան մնաց իշխանական գծի մեջ, որ հասավ ԱԺ նախագահի աթոռին։ Բա «Սաքուլիկը» չդառնար պրոռեկտոր, ո՞վ դառնար։

Երբ տխրահռչակ Տիգրան Սարգսյանին Կառավարության շենքից հանում և ուղարկում են ոչ թե դատախազության շենք ցուցմունքներ տալու, այլ ԱՄՆ–ում դեսպան են նշանակում, ապա «Սաքուլիկն» ունի բոլոր իրավունքները պրոռեկտոր դառնալու համար։

Եվ վերջապես, եթե Սերժ Սարգսյանը, ձախողելով արտաքին ու ներքին քաղաքականությունը, դեռ մնում է իշխանության ղեկին ու այն երկարաձգելու հայտ ներկայացնում, ապա ինչո՞ւ պետք է «Սաքուլիկը» պրոռեկտորի պաշտոն չստանա։

Մի խոսքով, «Սաքուլիկի» պրոռեկտոր դառնալը պատմական արդարության դրսևորում է և Աշոտյանի սիրած տեսաբաններ Լոկ–Մոնտեսքյուի առաջ քաշած քաղաքական սկզբունքների պահպանման տիպիկ օրինակ։

ՀՀԿ ղեկավարն ասաց, չէ՞, որ չի՛ կարելի լինել նախանձ, չար և տգետ։ «Սաքուլիկների» հաղթարշավին պետք է հետևել բարությամբ լցված (կամ նվազագույնը՝ բարի նախանձով) և բարձր գիտակցությամբ։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը