Կարծիք

26.08.2014 14:10


Էդվարդ Անտինյան. Ինչպես հասնել փոփոխությունների՝ խուսափելով ցնցումներից ու արյունահեղությունից

Էդվարդ Անտինյան. Ինչպես հասնել փոփոխությունների՝ խուսափելով ցնցումներից ու արյունահեղությունից

Օրերս Սերժ Սարգսյանը խոսեց հանրահավաքների միջոցով բողոքն արտահայտելու մասին ու նաև հիշեցրեց, որ դրանք պետք է տեղի ունենան միայն օրենքի շրջանակներում: Եթե դա դիտարկենք տեսական հարթության մեջ, ապա կարելի է սրանով սահմանափակվել, բայց կյանքը մեր առաջ գործնական խնդիրներ է դնում, որոնց լուծումը տեսական մտավարժանքներից մեզ տեղափոխում է պայքարի հրապարակ:

«Քառյակն» իշխանություններին ներկայացրել է 12–կետանոց պահանջ, որոնց կատարման վերջնաժամկետ է սահմանվել սեպտեմբերի վերջը: Իհարկե, այդ կետերը կարող էին շատ ավելին լինել, բայց սրանց շուրջ են քաղաքական ուժերը հանգել կոնսենսուսի: Այժմ արդեն ակնհայտ է, որ մինչև ժամկետի ավարտը դրանք գրեթե ամբողջությամբ չեն կատարվելու, ուստի «քառյակը» պետք է կոշտացնի իր դիրքերն ու պայքարի այլ փուլ թևակոխի:

Հո չե՞ք կարծում, որ կընտրեն ինքնաոչնչացման ճանապարհն ու ոչինչ չեն ձեռնարկի: Իսկ ո՞վ է ասել, որ շուրջօրյա հանրահավաքների անցնելու դեպքում հնարավոր կլինի մինչև վերջ մնալ օրենքի շրջանակներում, կամ ի՞նչ է նշանակում «մնալ օրենքի շրջանակներում»: Այդ ո՞ր կազմակերպիչը կարող է նման երաշխիք տալ: Կամ ո՞վ է ասել, որ անգամ օրենքի սահմաններում տեղավորվելու դեպքում հարյուր հազարավոր մարդկանց ակտիվ ու ագրեսիվ պահվածքի պարագայում իշխանությունները կդիմանան տևական ճնշմանը: Ուստի, ողջախոհ մարդիկ, որոնց համար թանկ է մեր երկիրն ու նրա յուրաքանչյուր քաղաքացին, պետք է առաջին հերթին փորձեն իշխանափոխություն իրականացնել խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով և իշխանություններին թողնեն նահանջի ճանապարհ, որն ավելի բարեհունչ է ընկալվում «մարդասիրական միջանցք» տերմինով: Ու եթե իշխանության որոշ ներկայացուցիչներ «քառյակի» նման հավասարակշիռ պահվածքը որպես թուլություն են ներկայացնում, որպեսզի դրանով իրենց թիմին ոգևորեն, վախենամ՝ դեպքերի այլ զարգացման պարագայում այդ «խրոխտ նապաստակները» հարմար անցք էլ չգտնեն թաքնվելու համար:

Սերժ Սարգսյանի վարչակազմի որոշ ներկայացուցիչներ թույլ են տալիս նաև այլ սխալներ, թե պայքարողների մեջ շատերը նախկինում իշխանություն են եղել, նրանք ինչպե՞ս կարող են ընդդիմադիր լինել: Չեմ ցանկանում այս քաղաքագիտական անգրագիտության վրա սևեռվել ու բացատրել, որ ցանկացած կայացած քաղաքական ուժ իր կենսագրության ընթացքում կարող է ոչ թե մեկ, այլ բազմապատիկ անգամ դառնալ և՛ իշխանություն, և՛ ընդդիմություն, որ սա՛ է նորմալ քաղաքական պայքարի տրամաբանությունը, և այդ ուժերի այդ կարգի կանխատեսելիությունն է նրանց նկատմամբ վստահություն առաջացնում՝ հաջորդ անգամ էլ մեր քվեի միջոցով իշխանության բերելու: Ուղղակի ուզում եմ իշխանության «խելոքներին» ասել, որ սա իրենց համար մեծ բախտավորություն է, որ պայքարողները հագեցած կենսափորձով, լուրջ ճանապարհ անցած, երկրի ղեկավարման բեռը ժամանակին իրենց ուսերին կրած մարդիկ են, որոնք չարացած են ոչ թե աշխարհի վրա իրենց անհաջողակ լինելու պատճառով, այլ այս իշխանությունների՝ մեր երկիրն այս աղետալի վիճակի մեջ գցելու պատճառով:

Առաջիկա զարգացումները պայմանականորեն ներկայացվում են նաև որպես բուրժուադեմոկրատական հեղափոխություն, ու շատ պետք չէ հենց այդ տերմինի վրա ֆիքսվել, երբ իրականում գիտենք, թե ինչ ի նկատի ունեն դրա տակ: Ու եթե իշխանություններին քաղաքակիրթ ձևով ներակայացվում է զիջումների պահանջ, ու այն չի հարգվում, ապա անխուսափելիորեն փողոցային պայքարին միանալու են պրոլետարները (սա նույնպես պայմանականորեն ընկալենք)՝ իրենց ագրեսիվությամբ ու դեստրուկտիվ վարքագծով, ինչու չէ՝ նաև չարությամբ:
Եվ եթե պայքարի ելած ակտիվ զանգվածներն իշխանություններին են պահանջ ներկայացնում, ապա «պրոլետարները» հենց հանրահավաքների կազմակերպիչներից են պահանջելու գնալ ռադիկալ քայլերի: Եթե դա տեղի չունենա, ապա իրենք են իրենց միջից լիդեր ընտրելու և «փողոցը» փորձելու վերցնել իրենց ձեռքը՝ դրանից բխող բոլոր անկանխատեսելի հետևանքներով: Ուստի, պահանջել հանրահավաքային շարժման կազմակերպիչներից, այդ պարագայում էլ՝ կարգուկանոն պահպանել, առնվազն լուրջ չէ: Եվ պետք է հաշվի առնել, որ բուրժուադեմոկրատական շարժումից մինչև պրոլետարական հեղափոխություն մեկ քայլ է, մեկ լարված գիշեր, ու այնպես չէ, որ իշխանությունները հենց հասկանան, որ իրավիճակը դուրս է գալիս հսկողությունից, այդ ժամանակ համաձայնվեն զիջումներին: Կարող է ուղղակի նման հնարավորություն այլևս չստեղծվի, քանի որ հսկողությունից դուրս եկած «հրապարակը», որպես կանոն, հեղինակություն չի համարում շաժման կազմակերպիչներին ու նրանց բանակցությունների արդյունքների հետ էլ հաշվի չի նստում:

Հետևաբար, ոչ թե պետք է հեգնել, թե տեսեք՝ նախկին իշխանավորներն ու ունևորները փորձում են հեղափոխությամբ իշխանության գալ, այլ ուրախանալ, որ. «Ով ոչինչ էր՝ կդառնա ամեն ինչ» կարգախոսն առայժմ կյանքի չի կոչվում հենց «քառյակի» խելամիտ պահվածքի պատճառով, քանի որ այսօրվա պայքարողներից շատ շատերը հենց հիմա են ամեն ինչ: Եթե կուզեք իմանալ՝ ավելին, քան ամեն ինչ, քանի որ հոժարակամ հրաժարվել են այդ ամեն ինչից՝ հանուն իրենց սկզբունքների, ու նրանց ամենևին պետք չէ մեր ժողովրդի արյան գնով ու մեր երկիրն ավերելու միջոցով դառնալ ընդամենը «ամեն ինչ»: Այսինքն, մենք ունենք բացառիկ շանս՝ երկրում իրականացնելու արմատական բարեփոխումներ՝ անցնցում ու անարյուն, հակառակ դեպքում իրավիճակի հետագա լարման մեղքն ամբողջությամբ ընկնելու է պահի լրջությունը չգնահատող իշխանությունների վրա:

Հուսով եմ, որ առողջ բանականությունը կհաղթի, և մենք շատ կարճ ժամանակում հնավարություն կունենանք ընտրությունների միջոցով ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն ձևավորել, և մեր երկրի առաջ ծառացած բարդ հիմնախնդիրները հետևողականորեն լուծել: Գնդակը, ինչպես սիրում են ասել, Սերժ Սարգսյանի կիսադաշտում է։ Եթե նա խելամիտ գտնվի, ապա կկարողանա խուսափել անխուսափելիից։ Իսկ եթե կորցնի իրականության զգացումը, ապա՝ մեղքն իր վիզը։

https://www.facebook.com/ed.antinyan/posts/10202830127376760

Այս խորագրի վերջին նյութերը