Լրահոս

28.08.2014 16:28


Գյումրու կենտրոնական հրապարակը՝ տաքսիների վճարովի կանգա՞ռ

Գյումրու կենտրոնական հրապարակը՝ տաքսիների վճարովի կանգա՞ռ

Գյումրու կենտրոնական հրապարակը, որին առանձնահատուկ հմայք են հաղորդում եկեղեցիները, վերջին տարիներին փաստացի համարվում է միակ վայրը, որտեղ գյումրեցիները հատկապես երեկոյան և գիշերային ժամերին զբոսնում են: Ցավոք, կենտրոնական հրապարակը մանավանդ ցերեկային ժամերին գերհագեցած է մեքենաներով, հատկապես տաքսիներով. հրապարակի ամբողջ տարածքով մեկ սփռված են տաքսի ծառայությունների վճարովի կանգառներ:

Մինչդեռ կանաչ տարածքների և զբոսայգիների խիստ պահանջ ունեցող քաղաքի բնակչության զբոսնելու միակ վայրը գոնե պետք է զերծ պահվեր վճարովի ավտոկանգառներից: Քաղաքային նախորդ իշխանության օրոք ինչպես Գյումրու ամբողջ կենտրոնական մասի, այնպես էլ հրապարակի մայթեզրերին մոտ տարածքները երկարաժամկետ՝ 99 տարով, վճարովի ավտոկանգառ կազմակերպելու նպատակով վարձակալության են տրվել ինչ-որ կազմակերպության: Մեր ունեցած տեղեկություններով՝ տեղական ներկայիս իշխանությունն առնվազն համայնքի շահերից չբխող այդ պայմանագրերը դատական կարգով լուծարելու գործընթաց է սկսել, ավելին՝ քաղաքապետարանի հայցը բավարարվել է առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններում:

Այդքանից հետո թվում էր, թե խնդիրը պետք է լուծվեր, սակայն օրերս հայտնի է դարձել, որ քաղաքապետարանի օգտին կայացրած վճիռների դեմ վճարովի կանգառների ծառայություններ մատուցող կազմակերպության բողոքն ընդունվել է վճռաբեկ դատարանի վարույթ: Իսկ այդ փաստը, ինչպես ասում են, «ինչ-որ բան նշանակում է», և դժվար թե գյումրեցիները մոտ ապագայում ևս կարողանան ազատ ու հանգիստ զբոսնել կենտրոնական հրապարակում:

Հ.Գ. Ի դեպ, նշենք, որ «Շիրակ կենտրոնը» դեռևս տարիներ առաջ բազմիցս առաջարկել է Գյումրիում բացառել «վճարովի ավտոկանգառներ» երևույթը:

http://shirakcentre.org/hy/news/20929-28-08-2014

Այս խորագրի վերջին նյութերը