Մեկնաբանություն

29.08.2014 10:35


Սահմանադրական փոփոխություններն ու հայաթափությունը

Սահմանադրական փոփոխություններն ու հայաթափությունը

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ՀՀԿ-ական գյուղապետերն այնքան հանգիստ են նշում այս տարվա առաջին դասարանցիների թիվը:

Պարզվում է՝ այս տարի Այգեպար գյուղն ունի 4 առաջին դասարանցի (անցած տարվա 7-ի փոխարեն), Չինարի գյուղը՝ 11, Ներքին Կարմիրաղբյուրը՝ 6, Մովսեսը՝ 10, Վերին Կարմիրաղբյուրը՝ 10:

Այս գյուղերի դպրոցները վերանորոգման, ջեռուցման, գույքի կարիք ունեն:

Իսկ Աշոտյանը, ինչպես գիտեք, ֆլեշմոբով է զբաղված:

Դե, իսկ նրա շեֆին՝ Սերժ Սարգսյանին, բարկացնում է «ահագնանալ» բառը: Չի ընդունում, որ արտագաղթն ահագնացել է: Ըստ Սերժ Սարգսյանի՝ ահագնանում է առվի ջուրը, դառնում է գետ, հետո գետի ջուրն է ահագնանում, դուրս թափվում իր ափերից եւ այդպես շարունակ:

Իսկ արտագաղթը չի ահագնանում. կա՛մ «աճում» է, կա՛մ «դանդաղում»:

Ճիշտ է, ՀՀ վիճակագրական ծառայությունը, որի անվանումն էլ մինչեւ հիմա չգիտի Սերժ Սարգսյանը (ասում է՝ «վարչություն»), «ահագնանալ» բառը չի օգտագործում, բայց այդ ծառայությունն էլ ժամանակ առ ժամանակ ինչ-ինչ տվյալներ է մատուցում երկրից մեկնած-վերադարձածների, մեկնած եւ չվերադարձածների մասին:

Սակայն, որքան հասկանում ենք, Սերժ Սարգսյանն այդ տվյալներից էլ չի օգտվում, փոխարենը՝ բանավոր խոսքում մոտավոր ինչ-որ թվեր է նշում՝ եզրակացնելով, որ արտագաղթը ժամանակավոր բնույթ է կրում:

Այսպես ավելի լավ է: Փափուկ բարձ է դնում հա՛մ իր, հա՛մ հանրության գլխի տակ: Միայն թե վերջինը չի հավատում նրա ասածներին: Կամ էլ, ինչպես օրերս իմացանք, արտագաղթի հիմնական պատճառներ է համարում երկուսը՝ Սփյուռքը, որ մագնիսի նման քաշում է, եւ չավարտված պատերազմը:

Կարծես՝ Սփյուռքի ձեռքում է Մարկեսի հայտնի վեպի հերոսներից մեկի՝ գնչու Մելկիադեսի մագնիսը, որով իր կողմն է ձգում հայրենիքում ապրողներին:

Ինչ վերաբերում է արտագաղթը չավարտված պատերազմով պայմանավորելուն, ապա այս պատճառաբանությունն էլ անհիմն է, քանզի կա Իսրայել պետության օրինակը, որը տասնամյակներով պատերազմական իրավիճակում է, պարբերաբար ռազմական բախումների մեջ է, սակայն այդ երկրի բնակչության թիվը ավելացել է, ոչ թե պակասել:

Ակնհայտ է, որ սահմանամերձ գյուղերը դատարկվում են, եւ դա, ինչպես ասում են, նույնիսկ անզեն աչքով է տեսանելի: Դրա ապացույցը նաեւ այս տարվա առաջին դասարանցիների թիվն է:

Հո ամեն անգամ ելույթներում նույն բանը կրկնելով չէ՞, թե դպրոցական օլիմպիադաներում մեր աշակերտներից այսքանը հաղթել է, ինչը սիրում է ասել Սերժ Սարգսյանը (դե, մնացել են այդ «ձեռքբերումների» հույսին, ուրիշ ի՞նչ ասի):

Իսկ խորհրդարանը նոր-նոր է միայն փորձում սահմանամերձ գյուղերին չնչին արտոնություններ տալու մասին ինչ-որ առաջարկներ ներկայացնել Կառավարությանը:

Ե՞րբ է իշխանության գիտակցությանը հասնելու, որ արտագաղթն աղետ է, ինչը կանխելու ուղղությամբ հսկայական ջանքեր է պետք գործադրել, այլ ոչ թե դատարկ քարոզչությամբ զբաղվել:

Բայց այս աղետը թողած՝ Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխություններ իրականացնելու գործով է զբաղված:

Սահմանադրությունը փոխելով արտագաղթը կանխվելո՞ւ է: Իհա՛րկե, ոչ: Ճիշտ հակառակը. հենց փոխվեց, մարդիկ տեսնելու են, որ այլևս իրական փոփոխության հույս չկա, ու է՛լ ավելի բարձր տեմպով են արտագաղթելու։ Ահա թե ինչու չի կարելի թույլ տալ վերարտադրությանը միտված սահմանադրական փոփոխությունը։

Պարզվում է, սակայն, Սերժ Սարգսյանի համար սահմանադրական փոփոխություններն ավելի կարեւոր են, քան երկրի հայաթափումը:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը