Մեկնաբանություն

31.08.2014 12:17


Ինչպես չպետք է պետություն կառավարել

Ինչպես չպետք է պետություն կառավարել

Ուկրաինայում բազմաթիվ ներքին խնդիրներ կային, և այդ երկրի քաղաքական վերնախավը որոշեց լուծել դրանք արտաքին կողմնորոշումների միջոցով։ Ավելի ճիշտ՝ արտաքին կողմնորոշումները ներքաղաքական պայքարի գործիք դարձան։

Փոխանակ տխրահռչակ Յանուկովիչի հարցերը լուծեին ու ներքին կյանքի բարեփոխումների ճանապարհով գնային՝ որոշեցին, այսպես ասած, դրսից տղա բերել։

Ուկրաինայի քաղաքական վերնախավը, փաստորեն, չհասկացավ կամ չցանկացավ հասկանալ, որ այդպիսով սեփական պետությունն է գործիք դարձրել արտաքին ուժերի ձեռքում։ Արդյունքում՝ Ուկրաինան վերածվեց մարտադաշտի։ Ամենամեծ կորուստն, անշո՛ւշտ, մարդն է։

Ինչպե՞ս էր այն օրերին իրեն պահում Արևմուտքը Մայդանում, և ինչպե՞ս է հիմա իրեն պահում նույն Արևմուտքն, օրինակ, Դոնեցկում։

Մայդանի «հեղափոխական» շրջանում հայտարարվում էր, որ ԵՄ–ն անվտանգության երաշխիքներ կտա ասոցացվող երկրներին, բայց կյանքը ցույց տվեց, որ մեկը լինի՝ ԵՄ–ին անվտանգության երաշխիքներ տա։

Ու պետք չէ այս ամենի համար մեղադրել ԱՄՆ–ին։ Ուկրաինան ինքն էր համաձայնել հակառուսական պոլիգոնի վերածվել ու հիմա քաղում է իր քաղաքականության պտուղները։ Ինչո՞ւ պետք է ԱՄՆ–ն ուղղակի ռազմական հակամարտության մեջ մտնի ՌԴ–ի հետ։ Այո՛, զենք ու զինամթերք կմատակարարի Ուկրաինային, բայց կռվելն ու զոհվելն արդեն վերապահված է բազմաչարչար ուկրաինացիներին։

Ահա այսպես է լինում, երբ երկրիդ քաղաքական վերախավը լինում է կոռումպացված և միաժամանակ՝ քաղաքականապես անմեղսունակ։

Ուկրաինայի օրինակը շատ ուսուցանելի է։ Հատկապես մեր տնաբույծ «արևմտամետների» համար։ Նրանք էլ «արևմտամետ» Սերժ Սարգսյանի հետ Հայաստանն ուզում էին դարձնել աշխարհի հզորների բախման թատերաբեմ և մեզ մեղադրում էին նրա համար, որ չենք աջակցում այդ գործին։

Ուկրաինայի հետ համեմատած՝ մեր տարբերությունն այն է, որ մեր զինվորը սահմանում իր կյանքի գնով սրբագրեց քաղաքական ղեկավարության թույլ տված կոպիտ սխալները, ու հնարավոր եղավ մի որոշ ժամանակով խուսափել լայնամասշտաբ պատերազմից։ Իսկ այդ ընթացքում Հայաստանն իջեցրեց իր կարգավիճակը միջազգային հարթության մեջ՝ կորցնելով վստահությունն Արևմուտքում և հարգանքը՝ Ռուսաստանում։ Սա՛ է ՀՀ եվրաասոցացման գործընթացի արդյունքը։

Մենք, փաստորեն, մեր սխալների վրա էլ չենք կարողանում սովորել։ Նախորդ դարի քսանականներին էլ անկախ Հայաստանի ղեկավարությունը որոշեց մտնել հզորների արանքն ու «ճկուն» քաղաքականություն վարել խեղաթյուրված «և, և» տարբերակով՝ միանալով Սևրի համաձայնագրին ու միևնույն ժամանակ բոլշևիկների հետ պայմանագիր կնքելով։ Արդյունքում՝ մենք կորցրեցինք անկախությունը։ Սրա պատմաքաղաքական գնահատականը հայ ժողովուրդը դեռ չի տվել, և դրա համար էլ պարբերաբար սևրերի տակ մնալու վտանգ է առաջանում։

Ուկրաինան այժմ իր փայ Սևրի հետևանքների տակ է մնացել, իսկ Սերժ Սարգսյանը երկրորդ Սևրից խուսափելու համար Գյուլիստանի պայմանագրին է հավատարմության երդումներ տալիս, ինչը ոչ պակաս հակաանկախական քայլ է, քան Սևրին միանալը Հայաստանի առաջին հանրապետության ղեկավարության կողմից։

Եվ այսպես, Ուկրաինայի և Հայաստանի դեպքերն արդեն կարելի է դասագրքային համարել։ Ուսանողներին պետք է ցույց տալ, թե ինչպես չի կարելի պետություն կառավարել։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը