Մեկնաբանություն

01.09.2014 01:20


«Եվ ամեն ինչ կսկսվի նորից»

«Եվ ամեն ինչ կսկսվի նորից»

Նոր ուսումնական տարվա սկիզբը տոն է համարվում:

Բայց «Ապահով Հայաստանում» տոնս ո՞րն է: Համացանցային հանրությունը սեպտեմբերի 1-ից օրեր առաջ ակտիվացավ, ու հերթով սկսեցին գնահատել Կրթության եւ գիտության նախարարի համապատասխանությունն իր պաշտոնին:

Նորից զարմացան, հեգնեցին ու ծաղրեցին, թե Աշոտյանին իսկի «տաբուրետկան» չի կարելի վստահել, ուր մնաց… Դե, դրա համար էլ մեր հանրակրթության վիճակն էս է։

Ծնողներն սկսեցին թվարկել, հաշվել, գումարել ու բազմապատկել՝ ներկայացնելով մեկ երեխայի ծախսերը: Հագուստ, պայուսակ, կոշիկ, գրենական պիտույքներ: Պարզվեց՝ ամենահամեստ գնումների տակից անգամ չեն կարողանում դուրս գալ:

Համարյա խելագարվելու շեմին էին: Ախր, նվազագույն աշխատավարձ՝ 45 հազար դրամ ստացողն ինչպե՞ս դպրոց ուղարկի իր երկու երեխային: Իսկ գործազուրկն էլ՝ իր չորս դպրոցականին:

Էլ չասած այն մասին, որ սեպտեմբերի 1-ով բացվում է նաեւ դպրոցներում դրամահավաքության սեզոնը: «Թեժ գիծ» ասվածը ֆիկցիա է: Դրամահավաքությունը եղել է, կա ու կլինի: Դրանում չեն կասկածում հանրակրթական դպրոցների ՀՀԿ-ական տնօրենները, որոնք տնօրինում են հանրապետության դպրոցների գերակշիռ մասը (չգրված օրենքով այս ոլորտի «քվոտան» պատկանում է ՀՀԿ-ական իգական սեռի ներկայացուցիչներին, տեղ-տեղ էլ՝ արական):

Դե, կապ չունի, որ Աշոտյանի գերատեսչությանը տարվա մեջ մի քանի անգամ հարյուրավոր միլիոնների հատկացումներ են անում (բյուջեով նախատեսվածից զատ) անհայտ ու անհասկանալի բնույթի «բարեշրջումներ» իրականացնելու նպատակով:

Միեւնույն է, դպրոցը պահում է ծնողը՝ ժավել-ավելից մինչեւ դպրոցի ֆոնդ ու «հավաքարարի փող»:

Ինչ վերաբերում է բուհական համակարգին, այստեղ էլ պատկերը նույնն է. բուհերի կառավարման խորհրդի նախագահներից մինչեւ ռեկտորներ ու պրոռեկտորներ, մինչեւ ուսխորհրդի նախագահներ հանրապետականներ են ու ավագ կուսակիցներից հետո եկող «նոր սերնդի սաքուլիկներ»:

Ուսման վարձերն էլ այնքան բարձրացրին, որ այս տարի շատ բուհերում մրցույթ չկար, ավելին՝ ուսանողության թիվն էլ կրճատվել է:

Դե հիմա 4-5 տարի սովորելու են, իսկ ավարտելուց հետո գնալու են սուպերմարկետներում «տոպրակ լցնող աշխատեն» (քանի որ ստացած մասնագիտությամբ չեն կարող աշխատել. աշխատատեղեր չկան): Ուրեմն, արժե՞ դիմել բարձրագույն կրթական հաստատություն՝ «ճկռելով» ուսման վարձերը մուծել, իսկ ավատրելուց հետո էլ համալրել գործազուրկների շարքը:

Այդ միայն համագումարային ամբիոններից է ՀՀԿ առաջնորդը խոստանում «պայծառ ապագա» ու վստահություն հայտնում, որ մեր ուսումնատենչ հայորդիները վաղն իրենց ստացած գիտելիքները ծառայեցնելու են հայրենիքին: Իրականությունը, սակայն, այլ է:

Մի խոսքով, «ավանդույթի» համաձայն՝ այսօր բարձրաստիճան պաշտոնյաները կայցելեն դպրոցներ ու բուհեր, ճառեր կասեն, կվերհիշեն իրենց դպրոցական ու համալսարանական տարիները, բարի երթ կմաղթեն առաջին դասարանցիներին, ուսանողությանը, և ... «ամեն ինչ կսկսվի նորից»:

Դե, որովհետեւ սա ապահով Հայաստանն է եւ վե՛րջ:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը