Տնտեսական

02.09.2014 15:03


Արմեն Պողոսյան. «Տրանսպորտի ոլորտը կործանման եզրին է»

Արմեն Պողոսյան. «Տրանսպորտի ոլորտը կործանման եզրին է»

Հարցազրույց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի հետ

–Ինչպե՞ս եք գնահատում սեպտեմբերի 1–ից քաղաքային տրանսպորտի վիճակը։

–Կործանման եզրին է։

–Իսկ եթե բացենք չակերտները...

–Բացենք։ Տրանսպորտի զարգացման ուղիներից մեկը կոչվում է էլեկտրատրանսպորտ։ Թբիլիսիում և այլ քաղաքներում կառուցվում է մետրո։ Թբիլիսիում չորս կայան է կառուցվել, Մադրիդում՝ 75 կմ երկարությամբ մետրո։ Մենք չենք կարող, իհարկե, համեմատվել Մադրիդի հետ, բայց մեկ կայարան վերջին 20-25 տարվա մեջ կարելի էր կառուցել։ Ոչ թե կարելի էր, այլ պարտավոր էին։ Եթե մենք ապիկար ենք, ուրեմն... սա՝ մեկ, երկրորդ՝ ոչնչացնում են ֆիզիկապես։ Կան բաներ, որոնք մաշվում ու շարքից դուրս են գալիս, բայց մեր ու մեր քաղաքի ղեկավարությունը ֆիզիկապես է ոչնչացնում տրամվայը և մետրոն... Գրված է, որ տրանսպորտը պետք է զարգանա, բայց նշված չեն ո՛չ ժամկետները, ո՛չ ֆինանսները, ո՛չ ռեսուրսները, ո՛չ ծավալները, ո՛չ մի բան։ Այդպիսի բան գրում էին Հարուն ալ Ռաշիդի ժամանակ։ Այդ ժամանակը վաղուց անցել է։ Եթե չկա դրա ժամկետը, ծավալը, ուրեմն դա եղավ ի՞նչ՝ մենք դատապարտված ենք։ Մեր լավ գիտնականներից մեկն ասաց՝ երեխան, մանուկը, որը երթևեկում է միկրոավտոբուսով՝ ողնաշարը ծալապատիկ, ո՞նց պետք է վաղը մեզ պաշտպանի։ Եղածը տրամաբանություն է, բայց և՛ տնտեսական է, և՛ քաղաքական, և՛ բարոյական. ոչ մեկը չկա։ Քաղաքապետարանի հանձնաժողովը չհասկացա՝ ինչի համար էր հավաքվել, և ինչ է արել։ Այդ վերլուծությունը, որն արտասահմանյան կազմակերպությունն արել էր, մենք վաղուց ունեինք, բայց հետևություններ չեն արել։

–Տրանսպորտի սակագնի բարձրացման կապակցությամբ խոսակցությունները չեն դադարում. այդ փաստն ինչպե՞ս կմեկնաբանեք։

–Այո, նոր եղանակ են մշակում՝ դիֆերենցված եղանակ։ Եթե ես հանձնաժողովի անդամ եմ ու տեղյակ չեմ, ո՞ւր մնաց իմաստը։ Պետք է մասնակից լինենք այդ քննարկմանը, թե ինչ ձևով է մշակվում այդ գնի տարբերակումը, դիֆերենցիան և այլն։ Ես տեղյակ չեմ, դուք տեղյակ չեք, բա ո՞ւր մնաց. դա չեղավ աշխատանք։ Տեղական ինքնակառավարման մարմիններին ընտրել ենք, չէ՞, փողը տվել ենք ու պատվիրել ենք էսինչ գործը։

–Ինչպե՞ս կարելի է պայքարել անարդյունավետ կառավարման դեմ։

–Ամենալավն արեցին երիտասարդները մեկ տարի առաջ՝ աղմուկով ստիպեցին գինը հետ վերադարձնել։ Դուք չեք հիշի, բայց ես դա արել եմ տարիներ առաջ. երբ 130 դրամ էին սարքել երթևեկությունը, չորս օրում հետ տվեցի։

–Այսինքն, թանկացումների դեմ պետք է պայքարել բարձրաձայնելով...

–Առաջին հերթին ինտելեկտով և բանավեճով։ Թող իմ փաստարկները հերքեն։ Առաջին եղանակն արգումենտների և ինտելեկտի մրցակցության ձևն է... երիտասարդները շատ լավ արեցին, որ հետ տվեցին։ Երկու եղանակն էլ կա։ Երկուսն էլ ընդունելի են։

Զրույցը վարեց Մերի Մովսիսյանը

Այս խորագրի վերջին նյութերը