Տնտեսական

04.09.2014 15:21


Ստեփան Մարգարյան. «Նիկոլ Փաշինյանը շահարկումներով է զբաղված»

Ստեփան Մարգարյան. «Նիկոլ Փաշինյանը շահարկումներով է զբաղված»

Երեկ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ընդունվեց «Հանրային ծառայությունների համարանիշերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով ակնկալվում է վերացնել «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառման արդյունքում քաղաքացիների կողմից տեղական հարկեր, տուրքեր եւ վճարներ կատարելու համար ստեղծված խոչընդոտները(անհնարինությունը, ինչպես նաեւ ապահովել համայնքների բյուջեների մուտքերը):

Ինչպես Zham.am-ի հետ զրույցում մեկնաբանեց նույն հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական պատգամավորՍտեփան Մարգարյանը՝ նախագծին դրական եզրակացություն է տրվել մեկ տարով:

Հասարակությանն ավելի պարզ լեզվով ասած՝ օրինագիծը սահմանում է, որ հանրային ծառայությունների համարանիշ չունեցող անձինք չեն կարող խուսափել տեղական հարկերի և տուրքերի, աղբահանության, կարմիր գծերի եւ տեղական այլ տուրքերի համար կատարվող վճարներից: Օրենքում փոփոխությունների անհրաժեշտությունն առաջացել է այն պատճառով, որ այնտեղ նշված է, թե գույքահարկի, հողի հարկի, աղբահանության եւ այլ կարգի տեղական տուրքերի վճարները առանց հանրային ծառայությունների համարանիշի ընդունելը խախտում է:

Հայտնի իրողություն է, որ սոցիալական քարտերի ներդրման ժամանակ քաղաքացիներից շատերը դրանք համարում էին սատանայական կոդավորում եւ այդպես էլ ձեռք չբերեցին դրանք, քաղաքացիների մի հատված էլ պարզապես կարիք չի ունեցել եւ օրենքի բացի պատճառով, փաստորեն, դրանից այժմ տուժում է տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեն, որովհետեւ, ինչպես նշեցինք, ըստ օրենքի՝ տեղական տուրքերի վճարներն առանց հանրային ծառայությունների համարանիշի ընդունելը խախտում է, որը լրացուցիչ խոչընդոտ է հանդիսանում ՏԻՄ առանց այն էլ սուղ բյուջեների հավաքագրման համար:

Հանձնաժողովի կողմից նախագծին դրական եզրակացություն տալը որոշակի քաղաքական շրջանակների, հատակապես Նիկոլ Փաշինյանի կողմից շահարկումների առարկա է դարձել, ով պնդում է, որ դեմ լինելով կարմիր գծերին՝ ԲՀԿ պատգամավորները, ովքեր կողմ են քվեարկել նախագծին, այդկերպ ճանապարհ են բացում քաղաքացիներից կարմիր գծերի տուգանքները հավաքելու համար, մինչդեռ կարմիր գծերի տուրքերը տեղական տուրքերից ընդամենը մեկն է:

«Օրինագծի հեղինակը քաղաքապետարանն է, եւ քանի որ նա չունի օրենսդրական նախաձեռնության իրավունք, օրինագիծը ներկայացրել է Կառավարությունը: Նրանք պատճառների մեջ նշել են նաեւ այդ կարմիր գծերի տուգանքների մուծման դեպքում առաջացող խոչընդոտների մասին նույնպես, եթե մարդիկ չունեն այդ քարտերը: Բայց, բացի կարմիր գծերից, օրինագիծը վերաբերում է գույքահարկին, աղբահանության վճարներին, հողի հարկին, տեղական բոլոր հարկերին եւ տուրքերին: Քաղաքապետարանն իր գործը հեշտացնելու համար գնացել է ոչ թե իր ունեցած այդ ստրուկտուրաները հարմարեցնելու այդ Հանրային ծառայությունների համարանիշներով կանոնակարգված նորմերին, ինչը օրենքով է գրված, այլ ներկայացնում է օրինագիծ, որով ասում է, որ դա չվերաբերի տեղական վճարներին, ինչին ես դեմ եմ, որովհետեւ եթե պետական ինստիտուտ է ներդրված, որը տարիներով գործում է, եւ կարեւոր է, սխալ է գնալ բացառման տարբերակով: Ես առաջարկել եմ հեեւյալը, քանի որ դեմ եմ բացառություն անելուն, եւ որպեսզի տեղական բյուջեները չտուժեն՝ փոփոխությունն ընդունել մեկ տարով, եւ այդ մեկ տարվա ընթացքում մնացած գործառույթները հարմարեցնել այդ քարտի գոյությանը, կամ հակառակ դեպքում այդ քարտի գոյությունը դառնում է ձեւական: Օրինագծի փոփոխություններին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել, որպեսզի չխոչընդոտենք տեղական բյուջեների հավաքագրմանը, որոնք առանց այն էլ հավաքագրման խնդիր ունեն»,-նշեց Ստեփան Մարգարյանը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի առաջարկին եւ հետագա շահարկումներին՝ դեմ քվեարկել օրինագծին, որպեսզի խոչընդոտեն կարմիր գծերի տուգանքների հավաքագրումը նույնպես՝ Ստեփան Մարգարյանն ասաց. «Ես դա համարում եմ մանկական խաղի նման մի բան, որովհետեւ ես ընդհանրապես կարմիր գծերին եւ այդպիսի ստրուկտուրա ունենալուն եմ դեմ, եւ ԲՀԿ-ն շարունակելու է պայքարը, մինչեւ բացառենք դրա գոյությունն ընդհանրապես, այլ ոչ թե այլ բնագավառներին վնասենք: Եթե դա վերաբերեր միայն կարմիր գծերին, անշուշտ, միանգամից դեմ կլինենիք, բայց կարմիր գծերը այնտեղ միայն մի կետ են, իսկ տեղական բյուջե մտնող բոլոր մուտքերն այդ շարքում են, այդպիսով մենք կխոչընդոտեինք բոլորին եւ տեղական բյուջեի հավաքագրմանը: Ինչ վերաբերում է կարմիր գծերին, ես հենց նիստի ժամանակ եմ հայտարարել, որ ընդհանրապես կարմիր գծերի դեմ պայքարը մենք ենք հանձնաժողովով սկսել, լսումներ ենք կազմակերպել, հարցապնդումներ ենք ուղարկել քաղաքապետարան: Այս մասով ԲՀԿ-ի տեսակետը բացառապես չի փոխվել. մենք շարունակելու ենք կարմիր գծերի դեմ պայքարը, որը նաեւ «քառյակի» պահանջների մեջ է մտած»:

Սեփական լրատվամիջոցում քաղաքական շահարկումները, փաստերի աղավաղումը կարծում ենք՝ ոչ այլ ինչ է, քան անհարգալից վերաբերմունք ընթերցողի նկատմամբ, քանի որ ինչպես հայտարարություններում, այնպես էլ սեփական լրատվամիջոցում պատգամավորը չի ներկայացնում իրողությունը. այս դեպքում չի ասվում, թե կոնկրետ ինչ օրինագծի մասին է խոսքը, չի ներկայացնում խնդիրն ամբողջությամբ, այլ շահարկելով «կարմիր գծեր» չարչրկված արտահայտությունը՝ փորձում է խնդիրը ներկայացնել իր քաղաքական շահերից ելնելով, որը, մեղմ ասած, անազնիվ է: Իսկ կարմիր գծերի գոյությունը, ինչպես հասկացանք, շարունակում են մերժել ԲՀԿ-ն՝ մասնավորապես եւ «քառյակն»՝ ընդհանրապես:

Լաուրա Մեհրաբյան

http://zham.am/am/news/32702.html

Այս խորագրի վերջին նյութերը