Քաղաքական

08.09.2014 13:59


Երվանդ Բոզոյան. «Մինչև սոցիալ–տնտեսական խնդիրները չլուծվեն, սահմանադրական փոփոխությունների մասին խոսելն անիմաստ է»

Երվանդ Բոզոյան.  «Մինչև սոցիալ–տնտեսական խնդիրները չլուծվեն, սահմանադրական փոփոխությունների մասին խոսելն անիմաստ է»

Այսօրվա ասուլիսին քաղաքահետ Երվանդ Բոզոյանը խոսելով ներքաղաքական զարգացումներից և պատասխանելով հարցին՝ ինչ ակնկալել ու սպասել այսօր մեկնարկած Ազգային ժողովի աշնանային նստաշրջանից, ասել է.

–Մեծ հաշվով՝ կապրենք՝ կտեսնենք։ Նոր մարտահրավերներ կան։ Առաջին մարտահրավերն այն է, որ իշխանությունները պատրաստում են փոփոխություններ, մասնավորապես՝ սահմանադրական։ Կարծում եմ՝ որոշակի ժամանակ անց խնդիրը կարող է դառնալ հիմնական թեմա։ Այս պահի դրությամբ՝ օրակարգում՝ հանրության գիտակցության մեջ, դրված են «քառյակի» հայտնի 12 կետերը, որոնք պետք է քննարկվեն, և գնահատականներ տրվեն։ Ըստ էության, դուք գիտեք, որ մոտավորապես մինչև սեպտեմբերի վերջ գնալու են քննարկումներ «քառյակի» անդամ կուսակցությունների միջև այդ խնդրի վերաբերյալ։ Ես կարծում եմ, որ այդ քննարկումները կտան որոշակի արդյունք, և այդ արդյունքից հետո արդեն կարելի է բովանդակային խոսել, թե ինչ պրոցեսներ կլինեն քաղաքական դաշտում։ Եթե դրան գումարենք նաև իշխանությունների կողմից հռչակված այն թեզը, որ Հայաստանում անհրաժեշտ են սահմանադրական բարեփոխումներ, ապա ես կարծում եմ, որ սկսած հոկտեմբեր ամսից՝ բավականին բուռն պրոցեսներ կարող են գնալ Հայաստանում։

Ինչ վերաբերում է քաղաքական ճամբարներին, բանախոսը նշել է, որ այս պահին դրանք տեսանելի են, բայց դեռ վերջնական ճշգրտում չկա. «Այսինքն, գործընթացը երբ սկսվի, այդ ժամանակ պարզ կդառնա, թե այդ ճամբարներում ով որտեղ է գտնվում։ Խոսքը վերաբերում է ոչ միայն խորհրդարանական կուսակցություններին, այլև արտախորհրդարանական ուժերին»։

«7օր»–ի հարցին՝ ինչպես կմեկնաբանի քաղաքագետը Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստում այն վստահությունը, որ արդեն հոկտեմբերին նոր փաստաթուղթ կլինի՝ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի տեսքով, և իշխանության ցանկությունը՝ սահմանադրական փոփոխությունների քննարկումների դաշտ բերել քաղաքական ուժերին, պատասխանել է։

–Ըստ էության, սահմանադրական փոփոխությունների մեքենան արդեն աշխատում է։ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ հոկտեմբերի 15-ին արդեն դրվելու է հայեցակարգը։ Նա չբացեց փակագծերը, թե ինչ է լինելու, և միաժամանակ հորդորեց հանրապետականներին ակտիվ ներգրավվել այդ պրոցեսի մեջ։ Ես հասկանում եմ՝ որն է իր նպատակը։ Ինքը, փաստորեն, ցանկանում է սահմանադրական փոփոխությունների միջոցով արմատական փոխել համակարգը։ Հասկանում եմ նաև այն, որ նա փորձելու է քաղաքական դաշտում փնտրել դաշնակիցներ։ Քաղաքական դաշտն էլ պետք է, ըստ էության, իր դիրքորոշումներում հստակեցնի, թե ով ինչպես է վերաբերվում այդ հարցին։

Իսկ «7օր»–ի լրագրողի հարցին՝ որո՞նք պետք է լինեն «քառյակի» հետագա քայլերը, քաղաքագետը պատասխանել է, որ այդ հարցում «քառյակում» էլ միանշանակ տեսակետ չկա. «Չեմ ցանկանում փակագծերը բացել. թող ժամանակը գա, քննարկումներն ընթանան... այդ ուժն էլ է ասում, որ պարտադիր չէ, որ ինքն էլ է կողմ դրան, «եթե..., ապա...» բանաձևով է հանդես գալիս։ Դրա համար զուտ կոռեկտության սահմանների մեջ լինելու համար ես չեմ ցանկանում այստեղ փակագծերը բացել։ Ժամանակը կգա, կապրենք՝ կտեսնենք, թե ինչ է առաջարկում կոնկրետ, և ինչպիսի դիրքորոշում կունենան տվյալ քաղաքական ուժերը։

Քաղաքագետը նշել է նաև, որ քաղաքականությունը ցանկությունների և հնարավորությունների արվեստ է, և որ Սերժ Սարգսյանը ցանկանում է հասկացնել, որ սահմանադրական փոփոխությունները ուզում է անցկացնել կոնսենսուսի ճանապարհով. «Նա շատ լավ հասկանում է՝ եթե մեծ վակուում առաջանա հանրության մեջ, ապա ինքը չի կարողանալու անցկացնել դրանք, և կարող են խնդիրներ առաջանալ»։

Բանախոսի կարծիքով նախագահը փորձելու է համոզելու ճանապարհով խնդիրը լուծել։

Ըստ քաղաքագետի՝ գործնականում երկրում առկա սահմանադրական նորմի աշխատանքի կարիք կա. «...ես ցանկանում եմ հասկանալ՝ սահմանադրական ո՞ր նորմը լավ չի աշխատում, որ պետք է փոխենք, ու զարգացման տանի»։

Քաղաքագետը նշել է, որ փոփոխություններն անհարժեշտ են երկրի սոցիալ–տնտեսական կյանքում, ընտրական օրենքում, և դա տեսանելի է։

«Մինչև այս խնդիրները (սոցիալական, տնտեսական) չլուծվեն, սահմանադրական փոփոխությունների մասին խոսելը պարզապես անիմաստ է»,–եզրափակել է բանախոսը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը