Մեկնաբանություն

08.09.2014 20:17


Որո՞նք են այս իշխանությունների ապահոված արդյունքները

Որո՞նք են այս իշխանությունների ապահոված արդյունքները

Սեպտեմբերի 6-ին ՀՀ կառավարության նիստերի դահլիճում Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով Հանրապետական կուսակցության խորհրդի նիստում, դիմեց կուսակիցներին ու առաջարկեց անձնական խնդիրներն ու ծրագրերը մի կողմ դնել ու լծվել ՀՀԿ ծրագրերի իրականացմանը: Նա նաև հորդորեց առավել ակտիվ լինել միջազգային ասպարեզում ու ներկայացնել Հայաստանի խնդիրները:

Փաստորեն, Սամվել Ալեքսանյանը, Առաքել Մովսիսյանը, Մհեր Սեդրակյանը և այլոք պետք է հաճախակի աշխատանքի գան ու զբաղվեն Հայաստանի խնդիրներով միջազգային տարբեր ատյաններում ու ոչ պաշտոնական շփումներում: Կարելի է այդպիսով արձանագրել, որ Հայաստանի ապագան ավելի տեսանելի է դառնում:

Սարգսյանը խոսեց նաև Հայաստանի՝ միջազգային հարաբերություններում գրանցած հաջողությունների մասին ու հայտարարեց. «Մենք պետք է կարողանանք այնպես անել, որ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում ունեցած մեր հաջողությունները տարածենք բոլոր հարթակներում, իսկ այստեղ ես ձեզ անկեղծորեն եմ ասում, մենք բավականաչափ առաջընթաց և հաջողություն ունենք»:

Տեսնելու համար, թե Հայաստանն ինչ հաջողություններ է գրանցել, բավական է միայն հիշել Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի՝ մայիսի 7-ին Վաշինգտոնի «Կարնեգի» հիմնադրամում արված հայտարարությունը, որտեղ վերջինս որպես լուծում առաջարկում է Արցախին տալ միջանկյալ կարգավիճակ Ադրբեջանի կազմում, ազատագրված տարածքները վերադարձնել Ադրբեջանին, Արցախում տեղակայել միջազգային խաղաղապահ զորքեր, ինչպես նաև ադրբեջանցիներին հնարավորություն տալ վերադառնալու Արցախ:

Ի դեպ, Սերժ Սարգսյանը համաձայնություն է տվել այս մոտեցումներին:

Ու այդքանով հանդերձ՝ Սարգսյանը հայտարարեց, որ հաջողություններ է գրանցել Միսնկի խմբի ձևաչափում (նա, թերևս, մոռացավ հաջողություն համարել նաև օրերս ՆԱՏՕ–ի կողմից ընդունված որոշումը, որտեղ գերակա սկզբունք է ճանաչվում պետությունների տարածքային ամբողջականությունը):

Ըստ Սարգսյանի՝ Արցախի ժողովրդի պայքարն ու ձեռք բերած անկախությունը հարցականի տակ դնելը հաջողություն է համարվում: Սա յուրահատուկ քաղաքական մտածողություն է, որը նա ցուցադրել է նաև հայ-թուրքական արձանագրությունների ժամանակ:

Ելույթում Սարգսյանը խոսեց նաև սահմանադրական փոփոխությունների մասին և հայտարարեց. «Բոլոր այն, այսպես կոչված, փաստարկները, թեև, ճիշտն ասած, ես փաստարկ չեմ տեսնում, որ բերում են սահմանադրական բարեփոխումների հակառակորդները, ինձ համար անհասկանալի են ... Միայն մի բան են ասում՝ հիմա ժամանակը չէ: Իսկ ի՞նչ է եղել, ինչո՞ւ ժամանակը չէ»:

Սահմանադրական փոփոխությունների հակառակորդները համոզված են, որ դրանց նպատակը Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրումն է: Սա որևէ կասկած չի հարուցում, և հենց այդ պատճառով էլ նրանք նշում են, որ հիմա ժամանակը չէ: Իսկապես ժամանակը չէ, քանի որ իր սեփական իշխանությունը վերարտադրել ցանկացող և մեր երկրում հետընթաց ապահոված քաղաքական գործչին պետք չէ թույլ տալ սահմանադրական փոփոխություններ կատարել:

Սահմանադրական փոփոխությունների մասին կարելի է հանրային լայն քննարկում կազմակերպել և դրա անհրաժեշտությունը պարզել միայն իշխանական մենաշնորհը վերցնելուց հետո։

Արմեն Գրիգորյան

Այս խորագրի վերջին նյութերը