Քաղաքական

09.09.2014 13:01


Զոյա Թադևոսյան. «Սերժ Սարգսյանի ճանապարհը մեզ տանում է անհայտություն»

Զոյա Թադևոսյան. «Սերժ Սարգսյանի ճանապարհը մեզ տանում է անհայտություն»

Այսօրվա ասուլիսին ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադևոսյանը խոսել է Հայաստանի տնտեսությունից՝ նշելով, որ երկրում առկա է աննախադեպ արտագաղթ. «Որևէ այլ երկրում, նույնիսկ պատերազմող երկրներում այդպիսի աննախադեպ արտագաղթ չկա, ինչ որ մենք ունենք այսօր մեր իրականության մեջ»։

«7օր»–ի հարցին՝ երկրում առկա արտագաղթի բարձր ցուցանիշների, խորացող սոցիալ–տնտեսական վատ իրավիճակի համապատկերին ինչպե՞ս կմեկնաբանի Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ գործադիր նիստում այն հայտարարությունը, որ հոկտեմբերին կլինի նոր փաստաթուղթ՝ սահմանադրական փոփոխությունների տեսքով, Զոյա Թադևոսյանը պատասխանել է.

–Ի՞նչ կա, որ, եթե որոշել են հավերժ իշխանություն հաստատեն այս երկրում, դա էլ կանեն։ Թող որևէ մեկը չկասկածի կամ չզարմանա. դա կարող են անել։ Բայց դե, կընդունվի արդյոք դա, թե ոչ՝ լուրջ խնդիր է, որովհետև չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանի ցանկացած ճանապարհով մենք պետք է գնանք, առավել ևս, որ այդ ճանապարհը մեզ տանում է անհայտություն։

Բանախոսն ասել է նաև, որ նման քաղաքական իրավիճակով տնտեսության մեջ բարեփոխում հնարավոր չէ իրականացնել. ««Քառյակի» կողմից առաջադրված 12 կետերից և ոչ մեկը իշխանությունները չփորձեցին անգամ վերանայել, քննարկել. դրանցից երկու–երեքը սոցիալական էին, երեքը՝ քաղաքական, մնացած հինգը՝ տնտեսական։ Գոնե մեկ տնտեսական բնույթի խնդիր կարելի էր քննարկել և լուծում տալ դրան։ Գոնե գյուղացիական տնտեսությունների վերաբերյալ, որովհետև գյուղացիությունը հանդիսանում է յուրաքանչյուր երկրի զարգացման ամենակարևոր սոցիալական խավը»։

Թադևոսյանի խոսքերով՝ ոչ մի երկիր չի կարող տնտեսության զարգացման մասին ակնարկ անել, եթե գյուղացին վատ է ապրում։

ՀԱԿ վարչության անդամը շեշտել է նաև այն փաստը, որ տնտեսական խնդիրները երբեք քաղաքականությունից տարանջատել չի կարելի. «Ես համարում եմ ոչ գրագետ այն մարդկանց, ովքեր տնտեսագետներ են, բայց ասում են, որ մենք քաղաքականությամբ չենք զբաղվում։ Տնտեսությունը և քաղաքականությունը միաձուլված են, առանց տնտեսության չկա քաղաքականություն, առանց քաղաքականության չկա տնտեսություն։ Հետևաբար, քանի դեռ մեր քաղաքական համակարգի ձևավորման խութերը չեն վերացել, մեր տնտեսությանը զարգանալ չկա»։

Ըստ բանախոսի՝ այդ է վկայում աշխարհի երկրների զարգացման փորձը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը