Հարցազրույց

11.09.2014 14:02


Հայկ Խանումյան. «Սերժ Սարգսյանը Արցախի հարցում պարտվողական գործիչ է»

Հայկ Խանումյան. «Սերժ Սարգսյանը Արցախի հարցում պարտվողական գործիչ է»

Հարցազրույց Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի հետ

-ՀՀԿականները համառորեն շարունակում են արտաքին ոլորտում Սերժ Սարգսյանի ձախողված նախաձեռնողականությունը ներկայացնել որպես «ձեռքբերում»։ Մասնավորապես, Արցախի հարցում ի՞նչ արձանագրեցինք ՆԱՏՕի գագաթաժողովից հետո։

-Կարծում եմ՝ մեծ ուշադրություն չպետք է դարձնենք ՆԱՏՕ-ի և ՆԱՏՕ-ի հետ համագործակցող երկրների գագաթաժողովում ընդունված բանաձևին, քանզի այն հիմնականում հռչակագրային բնույթ ուներ և մեծապես ազդված էր Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններից։ Դրանով հանդերձ՝ զարմանալի է բանաձևը որպես ձեռքբերում ներկայացնողների տեսակետը։ Սովորաբար հավասարակշռված են այն բանաձևերը, որոնք պարունակում են ոչ միայն տարածքային ամբողջականության, այլ նաև ուժի չկիրառման, ազգերի ինքնորոշման և այլ հիմնարար սկզբունքներ։ Այս առումով վերոնշյալ բանաձևը կողմնակալ էր և ոչ հավասարակշռված։ ՀՀԿ-ականների վարքը՝ այն ներկայացնել որպես ձեռքբերում, միգուցե պայմանավորված է նրանով, որ այս կուսակցության ղեկավարը Արցախի հարցում ունի պարտվողական տեսակետ, հանդես է գալիս Արցախի որոշ շրջաններ Ադրբեջանին հանձնելու տեսակետով։ Ավելին՝ ՀՀԿ-ում չկա որևէ գործիչ, ով կկարողանա թեկուզ թեթևակի ընդդիմանալ Սերժ Սարգսյանի որևէ տեսակետին կամ քայլին, այդ թվում՝ Արցախի հարցում վերջինիս որդեգրած պարտվողական կեցվածքի դեպքում։

-Ինչպե՞ս են Արցախում վերաբերվում Սարգսյանի «Աղդամը իմ հայրենիքը չէ» և նման այլ հայտարարություններին։

-Սերժ Սարգսյանը Արցախի հարցում պարտվողական գործիչ է։ Սա փաստարկվել է ՀՀԿ առաջնորդի բազմաթիվ ելույթներով։ Ընդհանրապես, ցանկացած գործիչ, ով խոսում է տարածքներ հանձնելու մասին, անընդունելի է արցախյան հասարակության համար։ Սկզբում մարդիկ մտածում էին, որ պարտվողական հայտարարությունները դիվանագիտական հնարքներ են, սակայն աստիճանաբար համոզվեցին, որ այդ հայտարարություններ անողները հավատում են իրենց ասածներին։ Սա լուրջ անհանգստություններ է հարուցում արցախյան հասարակության մոտ։ Առավել անհասկանալի էր Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, թե Արցախն, իր պատկերացումներով, Հայաստանի մաս չէ։ Իմ կողմից ղեկավարվող «Ազգային վերածնունդ» կուսակցության կողմից կազմակերպվող հանրային քննարկումների ժամանակ մենք ևս մեկ անգամ համոզվում ենք նման հայտարարություններին արցախյան հասարակության անհանդուրժող վերաբերմունքի մասին։ Ընդհանրապես, խորհուրդ կտայի հայաստանյան քաղաքական դերակատարներին զերծ մնալ պարտվողական հայտարարություններից, քանզի դրանցով իրենց դեմ են հանում արցախյան հասարակությանը։ Իսկ արցախյան հասարակության կարծիքը, վստահեցնում եմ ձեզ, կարևոր գործոն կարող է դառնալ Հայաստանի ներքաղաքական կյանքում։

Հարցազրույցը վարեց Վախթանգ Մարգարյանը

Այս խորագրի վերջին նյութերը