Տնտեսական

11.09.2014 15:14


Տնտեսության մեջ փաստաթղթաշրջանառության ապահովման նպատակով սեպտեմբերի 1-ից 10-ը հարկ վճարողների հետ իրականացված աշխատանքների վերաբերյալ

Տնտեսության մեջ փաստաթղթաշրջանառության ապահովման նպատակով սեպտեմբերի 1-ից 10-ը   հարկ  վճարողների  հետ   իրականացված  աշխատանքների վերաբերյալ

Ֆինանսների նախարարությունը սեպտեմբերի 1-10-ը շարունակել է հարկային կարգապահության համապատասխան ցուցանիշների բարելավման պահանջը չընդունած կամ ոչ հիմնավոր բացատրություններ ներկայացրած հարկ վճարողների նկատմամբ շրջանառությունների և գների թերհայտարարագրումների, չգրանցված վարձու աշխատողների բացահայտման և մյուս ուղղություններով տարվող հսկողական աշխատանքները: Չփաստաթղթավորված գործարքների մասով այլ հարկ վճարողների հարկային պարտականությունները չկատարելուն օժանդակելու բացահայտմանն ուղղված հարկային հսկողության արդյունքում սեպտեմբերի առաջին տասնօրյակում 3 հարկ վճարողների մոտ կատարվել է լրացուցիչ հարկային պարտավորությունների նախնական հաշվարկ՝ 23մլն դրամի չափով, նյութերն ուղարկվել են Իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչություն: Խոսքը հետևյալ ընկերությունների մասին է. «ԹԱԼԳՐԻԳ»՝ 12մլն դրամ, «ԳՈՄՓ»՝ 7.3մլն դրամ և «ԻՍՏ-ՏԱՅԳԵՐ ՀՈԼԴԻՆԳ»՝ 3.7մլն դրամ:

Հաշվետու տասնօրյակում ավարտված բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 12 ստուգումների արդյունքում արձանագրվել է 731 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն: Առավել ուշագրավ են հետևյալ ընկերություններում կատարված ստուգումները. «ԵՐԵՎԱՆԻ ԳԱՐԵՋՈՒՐ» ՓԲԸ՝ 653.6մլն դրամ, «ԲԵՎԵՌ ԿՈՄՊՅՈՒՏԵՐ» ՍՊԸ՝ 21.7մլն դրամ, «ՍՈՒՐԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ» ՓԲԸ՝ 15.2մլն դրամ, «ԱՍԷԴԼ»՝ 14.2մլն դրամ և այլն:

Շրջանառությունների, գների և ապրանքային մնացորդների ճշգրտման նպատակով 47 հարկ վճարողի մոտ իրականացվել են չափագրումներ, 18-ի մոտ՝ հսկիչ գնումներ, իսկ 20-ի մոտ՝ ՀԴՄ շահագործման կանոնների պահպանման ճշտության ստուգումներ (արձանագրվել է 3.3մլն դրամի տուգանք): Իրականացված չափագրումների արդյունքում նախորդ ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է շրջանառությունների աճ մոտ 110մլն դրամի չափով և նախնական հաշվարկվել է մոտ 10.4մլն դրամի լրացուցիչ հարկ: Հիշատակման են ենթակա «ՍԼԱՎ ԳՐՈՒՊ» և «ԿՈՆՎԵԿՏ» ընկերություններում իրականացված չափագրումները, որտեղ հայտնաբերվել է պատրաստի արտադրանքի, ապրանքների մնացորդի պակասորդ, առաջադրվել է համապատասխանաբար 3մլն և 2 մլն դրամի լրացուցիչ հարկ:

Աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու 13 ստուգումների արդյունքում հայտնաբերվել է 13 չգրանցված աշխատող և արձանագրվել 780 հազար դրամի հարկային պարտավորություն: Ընդհանուր առմամբ, առաջին տասնօրյակում ցանկում ընդգրկված հարկ վճարողների մոտ իրականացված իրազեկման և հսկողական միջոցառումների արդյունքում բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարը կազմել է 768.5մլն դրամ:

Մշտական հսկողության տակ գտնվող առավել խոշոր ու թիրախային 100 ներմուծող և արտադրող հարկ վճարողների մոտ 2014 թվականի սեպտեմբերի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների քանակի աճը կազմել է 63 682 կամ 160%, դրանցում արտացոլված շրջանառության գումարի աճը կազմել է 1.3մլրդ դրամ կամ 262.2 %:

Ստվերային շրջանառության կրճատման ուղղությամբ իրականացվող միջոցառումներով Ֆինանսների նախարարությունն էլեկտրոնային հարկային հաշիվների շարժի դիտարկմամբ պարզել է, որ օգոստոսի 21-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ողջ տարածքում տարբեր պատճառներով տնտեսվարող սուբյեկտների կողմից անվավեր կամ չեղյալ է ճանաչվել 4 602 էլեկտրոնային հարկային հաշիվ՝ 2.7մլրդ դրամ ընդհանուր արժեքով: Օգոստոսի արդյունքներով այդ առումով ռիսկային համարված տնտեսվարողների մոտ իրականացվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 2 ստուգում՝ 8.8մլն դրամ արձանագրված գումարով, 3 հսկիչ գնում, 10 ուսումնասիրություն և 1 ՀԴՄ ստուգում:

Հարկային հսկողության միջոցառումներին զուգահեռ իրականացվում է նաև օպերատիվ-հետախուզական աշխատանք հարկային մարմնի առաջադրած ցուցանիշների ինքնուրույն բարելավման պահանջը չընդունած հարկ վճարողների նկատմամբ: Մասնավորապես սեպտեմբերի 1-ին տասնօրյակում նշված հարկ վճարողների մոտ իրականացվել է օպերատիվ-հետախուզական 7 միջոցառում` կապված հարկային հաշիվների դուրս գրման նկատմամբ հսկողության հետ, բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 1 ստուգում, 5 չափագրում, իսկ 229 հարկ վճարողի մոտ դրանք ընթացքի մեջ են: Տասնօրյակում ավարտված հսկողական միջոցառումների արդյունքում հարկ վճարողներին առաջադրվել է 6.8մլն դրամ լրացուցիչ վճարման գումար, այդ թվում՝ «ՎԻԼԱ ՏՐԱՆՍ» ընկերությանը՝ 4.1մլն դրամ, «ՍԻԿՈՆԵ»-ին՝ 616.5 հազար դրամ, «ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ»-ին՝ 525 հազար դրամ, «ՕՐՄԱ-ԱՐ» ընկերությանը՝ 536 հազար դրամ և այլն:

Շարունակվում է նաև ցուցանիշների բարելավման պահանջն ընդունած հարկ վճարողների կողմից ճշտված հաշվարկներ ներկայացնելու գործընթացը, որի արդյունքում առաջանում են լրացուցիչ հարկային պարտավորություններ: Այսպես, փաստաթղթաշրջանառության բարելավման, գների կարգավորման, դուրս գրվող հարկային հաշիվների քանակի ավելացման և նախորդ ժամանակաշրջանների համար ԱԱՀ-ի ճշտված հաշվարկների ներկայացման միջոցով 43 հարկ վճարողի մոտ առաջացել է 48.3մլն դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն: Տարեկան շահութահարկի ճշտված հաշվարկներով և հարկային բեռի ավելացմամբ 42 հարկ վճարողի 25.7մլն դրամի չափով լրացուցիչ պարտավորություն է հաշվարկվել: Աշխատողների իրական թվաքանակի հայտարարագրման և աշխատավարձերի իրական մակարդակների արտացոլման հետևանքով 106 հարկ վճարողի մոտ աշխատողների թվաքանակն ավելացել է 76-ով և առաջացել է 7.9մլն դրամ լրացուցիչ եկամտային հարկ: Ընդհանուր առմամբ՝ սեպտեմբերի առաջին տասնօրյակում ՀՀ ՖՆ իրականացրած աշխատանքի և հսկողական միջոցառումների արդյունքում առաջացել է մոտ 857.2մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:

ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը