Կարծիք

11.09.2014 20:19


Ո՞րն է փարավոնի հետ թաղվելու իմաստը

Ո՞րն է փարավոնի հետ թաղվելու իմաստը

Այժմ արդեն կարող ենք վստահաբար պնդել, որ սահմանադրական փոփոխությունների հարցը մտել է բացահայտումների փուլ: Արդեն բացահայտվածներին շուտով կմիանան քաղաքական ուժերից, «քաղաքագետներից», լրատվական դաշտի «աննկուն մարտիկներից» և ամենակարևորը՝ պրոֆեսիոնալ իրավաբաններից բաղկացած նոր խմբաքանակներ:

Այսօր հատկապես ուզում եմ անդրադառնալ վերջիններիս: Սերժ Սարգսյանը մասնագիտական հանձնաժողով է ստեղծել, որոնք հայեցակարգ են մշակել ու շուտով այն կդնեն Ազատիչի սեղանին: Ինչ էլ այնտեղ գրված լինի, ինչպիսի գիտահետազոտական-միտահետազոտական եզրահանգումներ էլ լինեն այդտեղ արված, արդյունքում միջից հանվելու է մեկ նախադասություն՝ առաջարկվում է անցում կատարել խորհրդարանական, ավելի ճիշտ՝ համայնավարական կառավարման համակարգի, որպեսզի գործող նախագահը կարողանա վերարտադրվել։ Վե՛րջ, մնացածը բառակույտ է, որոնք այդքան շատ կլինեն թղթի վրա, որ այն կդարձնեն աղբակույտ:

Լա՛վ, ենթադենք՝ իշխանությանը չի հաջողվում իրականացնել վերարտադրվելու իր երազանքը (ու ես վստահ եմ, որ չի հաջողվելու), պարզ է, չէ՞, որ դրանից հետո բոլորն էլ իմանալու են, թե կյանքի լուրջ ճանապարհ անցած այդ պրոֆեսիոնալ իրավաբանները ինչ հրահանգ էին ստացել, և ինչով էին զվաղված: Եթե արդեն հիմա գիտենք, որ նրանց այդ լուրջ դեմքով գիտական ու մասնագիտական գնահատականներն իրականում ծառայում են Սարգսյանի վերարտադրությանը, ապա իշխանափոխությունից հետո ավելի մանրամասն են, չէ՞, պատմելու, թե ով ինչ է արել այդ գործում:

Հասկացանք՝ Գագիկ Հարությունյանը տարիքն առած մարդ է, կանցնի իր անփառունակ, բայց նյութապես փոխհատուցված թոշակին, բայց ի՞նչ են անելու երիտասարդ հանձնաժողովականները, որոնք այս տարիների ընթացքում ինչ իրավիճակ էլ փոխվել է՝ կարողացել են մնալ ասպարեզում, քանի որ, ինչպես ասվում է հայտնի ֆիլմում՝ «Լավ հաշվետարներ հիմա ամենուր պետք են»: Բայց այդ բացահայտված «հաշվետարներն» ո՞ւմ են պետք լինելու, երբ, փաստորեն, այսօր իրենց կյանքն ու ապագան կոշտ կապով կապում են գործող նախագահի հետ, որ եթե նրան չհաջողվի վերարտադրվել, մյուսներն ի՞նչ են անելու՝ համատեղ ինքնաթաղվելո՞ւ են։

Դե պատկերացրեք՝ նոր իշխանությանն ինչի՞ն է պետք այն պրոֆեսիոնալ իրավաբանը, որը զբաղված է եղել իր մասնագիտական վերլուծությամբ այդ նոր իշխանությունների ձևավորմանը խոչընդոտելով։ Հետևաբար, նրանք հայտնվելու են այնտեղ, որտեղ կարճ ժամանակ հետո հայտնվելու է նրանց գրած հայեցակարգ-մակուլատուրան:

Ու պետք է նշեմ, որ այսպես դաժան վարվել են ստրուկների հետ ու թաղել փարավոնի հետ միասին, այսպես վարվել են ֆաշիստներն իրենց գործակալ կամ ծառայող ԽՍՀՄ քաղաքացիների հետ, բայց այսպես չի կարող վարվել քաղաքական ուժի առաջնորդն իր թիմակիցներին հետ: Ու եթե անգամ այս հարցում Սարգսյանի մեղքը բավական մեծ է, այնուամենայնիվ, ավելի մեծ մեղքը հենց այն պրոֆեսիոնալներինն է, որոնք իրենց ոչ ստրուկ են համարում, ոչ պոլիցայ, բայց իրենց պահում են հենց այդպես:

Մեզ մնում է մյուսներին հեռու պահել նման դաժան հեռանկարից, որ հանկարծ նախանձով չնայեն այս «մահապարտներին», այլ կանգնեն պայքարողների կողքին ու իշխանական համակարգը մաքրեն նման արհեստավարժ կամակատարներից:

Արմեն Հարությունյան

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1471117053160077&id=100007853887323

Այս խորագրի վերջին նյութերը