Հարցազրույց

12.09.2014 17:40


Գառնիկ Իսագուլյան.

Գառնիկ Իսագուլյան.

«Evdu.am» կայքի հարցերին պատասխանում է «Ազգային Անվտանգություն» կուսակցությաննախագահ Գառնիկ Իսագուլյանը:

Պարոն Իսագուլյան, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերջին հարցազրույցը zham.am կայքին բավականին մեծ արձագանք ստացավ տարբեր քաղաքական ուժերի և քաղաքագետների կողմից, իսկ իշխանությունների արձագանքը ավելի քան տարօրինակ էր: Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը այդ հարցազրույցի վերաբերյալ:

Պետք է նշեմ, որ պարոն Ծառուկյանի հարցազրույցները, այդ թվում նաև zham.am կայքին տված հարցազրույցը աչքի են ընկնում իրենց պարզությամբ, մատչելիությամբ ու անկեղծությամբ: Բոլոր այն հարցերի պատասխանները, որոնք հնչեցնում է պարոն Ծառուկյանը, հասկանալի են և՛ շարքային քաղաքացուն, և՛ մասնագետներին, և՛ բոլոր նրանց, ում հետաքրքրում է Հայաստանում ընթացող քաղաքական ու տնտեսական գործընթացները: Հստակ երևում են նրա մտահոգությունները բոլոր այն խնդիրների նկատմամբ, որոնք այսօր առկա են Հայաստանի Հանրապետությունում, և պատրաստակամությունը իր ունեցած բոլոր հնարավորություններով աջակցել այդ խնդիրների լուծմանը: Անչափ կարևոր է նաև այն հանգամանքը, որ պարոն Ծառուկյանը առաջարկում է ստեղծել քաղաքական այնպիսի մթնոլորտ, որտեղ կբացակայեն միմյանց նկատմամբ անտեղի մեղադրանքները, անհանդուրժողականությունը, բանբասկոտությունը և իրեց տեղը կզիջեն առողջ ու փաստարկված քաղաքական ու տնտեսական բանավեճերին: Ընդ որում այդ առումով Ծառուկյանը ոչ միայն անում է առաջարկություններ, այլ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ կազմակերպում է քաղաքական ու տնտեսական հարցերի գործնական քննարկումներ, և այդ համատեքստում նրա հրավերն էր նաև չինական գործարար շրջանակներին` անցկացնել հայ գործարարների հետ սեմինար Հայաստանում:

Ինչո՞վ կբացատրեք Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովի արձագանքը պարոն Ծառուկյանի հարցազրույցին, երբ նա ասաց հետևյալը. «Ես չեմ ճանաչում Հայաստանում և առհասարակ աշխարհում մի քաղաքական գործիչ, որն ասում է, որ իր նպատակը, քաղաքականության մեջ մտնելով, անձնական խնդիրների լուծումն է»:

Ես հասկանում եմ պարոն Շարմազանովի խոսքի ենթատեքստը: Նա, իհարկե, ի նկատի ունի այն իրողությունը, որ պարոն Ծառուկյանը հաճախ իր խոսքում ասում է, որ ինքը, մտնելով քաղաքականություն, որևէ անձնական շահ չի հետապնդում, այլ իրեն մտահոգում է երկրի ու ժողովրդի առկա վիճակը ու նա ամեն ինչ անում և անելու է այդ վիճակը փոխելու համար: Այս խոսքերն ապացուցման կարիք չունեն. պարոն Ծառուկյանը որպես հաջողակ գործարար որևէ խնդիր չունի և չէր էլ ունենա, եթե ակտիվորեն չներգրավվեր երկրում հրատապ հարցերի լուծման գործին: Լինելով իշխանական կոալիցիայի անդամ` ԲՀԿ-ն գերադասեց պետության ու ժողովրդի շահը և հենց այդ շահերը պաշտպանելու համար էր, որ լքեց կոալիցիան:

Պարոն Շարմազանովը թերևս մեծ ցանկություն ունենալով ինչ-որ պատասխան տալ (դա նրան հանձնարարված աշխատանքն է), ասում է նաև հետևյալը` «Ես Ձեր հարցին պատասխանեցի, ասի, չեմ ճանաչում մի քաղաքական գործիչ և մի քաղաքաղական կուսակցություն, որը հայտարարում է, որ ինքը մտնում է քաղաքականության մեջ անձնական բարեկեցությունն ապահովելու համար»: Այդ դեպքում թո՛ղ ասի ինձ պարոն Շարմազանովը, թե հենց ՀՀԿ խորհրդի նիստում ՀՀԿ և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արտահայտած հետևյալ միտքն ի՞նչ է նշանակում. «Ես, առաջին հերթին, դիմում եմ մեր պատգամավորներին և շեշտում, որ այսօրվանից ձեր բոլոր անձնական կամ ոչ անձնական այլ խնդիրներն ու ծրագրերը դնում եք մի կողմ, մղում երկրորդ պլան: Խորհրդարանի բնականոն աշխատանքի ապահովումը, մեր ծրագրերի իրականացմանը միտված օրենսդրական գործունեությունը բոլորդ միանշանակ համարում եք ձեր առաջնահերթ խնդիրը: Ամենագլխավոր խնդիրը պատգամավորի համար օրենսդրական գործունեությունն է, մնացած բոլոր խնդիրները, այդ թվում՝ նաև անձնական, ես հասկանում եմ, բոլորս էլ մարդ արարած ենք, բոլորս էլ հարցեր, խնդիրներ ենք ունենում, բայց այն իրավիճակում, որն այսօր ստեղծվել է, օրենսդիր գործունեությունը ես համարում եմ ձեր կարևորագույն խնդիրը»:

Թերևս ճիշտ կլիներ, եթե պարոն Շարմազանովն ասեր, որ Հանրապետական կուսակցության նախագահը մոտ մեկ շաբաթ առաջ իրենց հանձնարարական էր տվել, որ այդ օրվանից սկսած` 06.09.2014թ.,կուսակցության խորհրդի անդամները, ՀՀԿ պատգամավորները, կառավարության անդամներն և այլն այլևս անձնական հարցերը պետք է երկրորդ պլան մղեն, քանզի ըստ Սերժ Սարգսյանի խոսքի` մինչև այդ օրը դրանք առաջնային պլանում են եղել: Հիմա հստակ է, որ կան այդպիսի կուսակցություններ` ի դեմս Հանրապետական կուսակցության, և քաղաքական գործիչներ` ի դեմս պարոն Սերժ Սարգսյանի, որ բարձրաձայնում են, որ քաղաքականության մեջ են իրենց անձնական ու խմբակային շահը առաջ տանելու համար: Եվ միայն հիմա, երբ իրենց իշխանությունը պահելը վտանգված է, նրանք պատրաստվում են երկրորդ պլան մղել անձնական խնդիրները, իսկ առաջնային պլանում ոչ այլ ինչ է, քան սահմանադրական բարեփոխումների քողի ներքո այդ իշխանության պահպանման նոր մեխանիզմների մշակումը:

Փաստորեն, ըստ Ձեզ սահմանադրական բարեփոխումների ներքո իշխանությունը լուծում է իր վերարտադրման հա՞րցը:

Միանշանակ այո: Հասկանալի է, որ մեր կյանքում երբեմն շատերն իրենց մեղքը գիտակցում են խաչի վրա ու ներում հայցում, և նրանց ներվում է, բայց երբ մարդը տաս տարի երկրի նախագահն է, կառավարում է այդ համակարգով և միայն կառավարման վերջում է հասկանում, որ այդ կառավարման ձևը վատն է Հայաստանի համար, ու չի բերում դա հիմնավորող որևէ փաստարկ, գուցե անհրաժեշտ է խորհել, որ ոչ թե կառավարման ձևն է եղել վատը, այլ նա, ով եղել է այդ համակարգի վերևում: Թերևս սրա շուրջ արժե մտորել:

Հարցազրույցը` Ժաննա Արթուրի

Աղբյուրը՝ http://evdu.am/?p=3338

Այս խորագրի վերջին նյութերը