Մեկնաբանություն

13.09.2014 00:30


Իսկապես, սուտ քննակումներ թշվառ իրականության մեջ

Իսկապես, սուտ քննակումներ թշվառ իրականության մեջ

Իրականությունը գունազարդելու գործը հիանալի է ստացվում իշխանությունների մոտ: Սակայն որքան էլ փորձեն գունազարդված ներկայացնել, այնուհանդերձ, իրականությունը մնում է թշվառ ու տագնապալի:

Գագիկ Ծառուկյանի վերջին հարցազրույցում սահմանադրական փոփոխություններին վերաբերող հատվածում չգունազարդված իրականությունն է, որն, անկասկած, նա ներկայացնում է խոր մտահոգությամբ:

Պատասխանելով սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի՝ մարզերում քննարկումներ անցկացնելու մասին հարցին՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նկատում է ու հարցադրում. «Այսինքն, Ձեր ասած հանձնաժողովի անդամները գնացել են գյուղեր` բերքահավաքի, աշխատանքների ամենախառը փուլում, երբ գյուղացին չունի սերմացու, տեխնիկա, վառելիք, կարկուտից հսկայական վնասներ է կրել, բանկերում գրավ է դրել իր տունն ու հողը, ու ասել են` սիրելի գյուղացի, դրանք բոլորը կարևոր չեն, ամենակարևորը Սահմանադրությո՞ւնն է: Թող քո երեխան ու ծնողը սոված լինեն, դեղի, հագուստի փող չունենան, բայց դրանք մի կողմ դիր, արի իրար հետ քննարկենք Սահմանադրությունը: Այդպե՞ս է եղել: Սա լուրջ չէ: Թե՞ գնացել են քննարկելու ադրբեջանական բանակի կողմից գնդակոծվող գյուղերում: Թե՞ աղետի գոտում են քննարկել, թե՞ ավտոկայաններում ու օդանավակայանում են քննարկել, որտեղից մարդիկ ընտանիքներով արտագաղթում են»:

Ճշմարիտ դիտարկում է:

Այո՛, սուտ քննարկումներ, սուտ պատկեր չի կարելի ստեղծել:

Երբ «քառյակը» ներկայացնող ոչիշխանական երեք ուժերն ասում են, որ հիմա Սահմանադրություն փոխելու ժամանակը չէ, և դրա պահանջը չկա, նկատի ունեն հե՛նց Գագիկ Ծառուկյանի ներկայացրած իրավիճակը, որը շտկելու կամ գոնե փոքր-ինչ բարելավելու փոխարեն՝ իշխանությունը զբաղված է ժողովրդի համար միանգամայն անհասկանալի գործով:

Եթե սա է գյուղացու վիճակը, եթե սահմանամերձ գոտում իշխանությունը չի լուծել ամենակենսական խնդիրները, եթե արտագաղթը գնալով ահագնանում է, ապա ինչպե՞ս է հնարավոր, այս ամենը թողած, լծվել Սահմանադրությունը փոխելու գործին:

Այն իրավիճակում, որում այսօր գտնվում է երկիրը՝ աչք փակել եւ զբաղվել սահմանադրական փոփոխություններով, դա պարզապես կարելի է անհեթեթ զբաղմունք համարել:

Նույնքան անհեթեթ են սահմանադրական փոփոխությունները մարզերում քարոզելու հանձնաժողովի թափած ջանքերը, քանզի, ինչպես իրավացիորեն նկատում է Գագիկ Ծառուկյանը, մարդիկ, որոնք անգամ հացի, դեղի ու հագուստի փող չունեն, նրանց համար իսկապես անլուրջ բաներ են նման քննարկումները:

Սա չնկատելու տալ եւ համառորեն փորձել ինչ-որ թամաշաներ սարքել, թե, իբր, սահմանադրական հայեցակարգ ենք քննարկում, նման բանի ունակ է միայն այն իշխանությունը, որն ամեն կերպ ցանկանում է սեփական վերարտադրության հարցը լուծել:

Ոչ մի գաղտնիք չկա, եւ զուր են իշխանության ներկայացուցիչներն ու հանձնաժողովի անդամները փորձում մեզ հիմարացնել՝ ասելով, թե այդ փոփոխություններով վերարտադրման հարց չի լուծվում, իբր նման խնդիր դրված չէ: Սակայն ոչ մի փաստարկ չեն նշում, թե փոփոխված ո՞ր դրույթով կամ դրույթներով է կանխվում կամ դրանց առկայությամբ դժվարանում վերարտադրությունը:

Մի խոսքով, համ իրականությունն են սուտ ու կեղծ ներկայացնում, համ էլ անհաջող փորձում են հեքիաթներ պատմել այն մասին, թե, իբր, սահմանադրական փոփոխությունների գործընթացով վերարտադրության հարց չեն լուծում:

Եթե իսկապես վերարտադրության հարց չեն լուծում, ապա առավել եւս՝ հիմա ի՞նչ մի Սահմանադրություն փոխելու ժամանակն է:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը