Մեկնաբանություն

15.09.2014 10:14


Ստամտավորականության եւ լիսկաների սերտաճումը

Ստամտավորականության եւ լիսկաների սերտաճումը

Սեպտեմբերի 4-ից հետո, երբ պաշտոնից ազատվեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, լրատվական դաշտում, հասարակական-քաղաքական հատվածը ներկայացնող կոնկրետ շրջանակներում արդեն տաս օր աննախադեպ եռուզեռ է:

Տհաճությամբ ես հետեւում նշված շրջանակների գործունեությանը, որն ակնհայտորեն միտված է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին (Լիսկա) «ապուպապերից ժառանգված» աթոռը վերադարձնելու գործին:

Կոնկրետ լրատվամիջոցների ներկայացուցիչներ ուղղորդված ձևով արդեն տաս օր համառորեն շարունակում են հարցուփորձը՝ այս կամ այն պատգամավորից կամ պաշտոնյայից Լիսկայի մասին դրական կարծիք լսելու եւ դրանք տիրաժավորելու համար:

Հերթապահում են Մելիք-Ադամյան փողոցում՝ պարզելու, թե ՀՀԿ-ն իր հերթական նիստում արդյոք չի՞ քննարկել Սուրիկ Խաչատրյանին մարզպետի պաշտոնը կրկին վստահելու հարցը:

Եվ այս ամենը լրագրողներն անում են այնպիսի լրջությամբ, կարծես խոսքը ոչ թե մի անձի մասին է, որի անունը (մերձավորների անունները) տարբեր ժամանակներում հիշատակվել է զանազան քրեական պատմությունների համատեքստում, իսկ վերջին անգամ՝ անցյալ տարվա հունիսի 1-ին, այլ ջանքեր են գործադրում, որպեսզի մարզպետի պաշտոնում վերականգնվի ազնիվ ու պարկեշտ, անբիծ կենսագրություն ունեցող մեկը:

Ամոթալի վարքագիծ են դրսեւորում բոլոր նրանք, ովքեր ներգրավված են Լիսկային վերստին տարածքային իշխանություն շնորհելու նպատակով մեկնարկած գովազդային արշավում:

Մի արշավ, որի սցենարը հայտնի է, թե որտեղ է գրվել: Դե, իսկ այդ սցենարն իրագործողներն ու դրա մասնակիցները նույնպես հայտնի են:

Պարզ է, որ ՀՀԿ-ական պատգամավորները պետք է գնահատեին Լիսկային «Նա իրեն չի սպառել պետական կառավարման համակարգում» մտայնության շրջանակներում, կամ՝ «Եթե նշանակեն, ուրեմն նրա կատարած աշխատանքը հաշվի առնելով են նշանակում» անվրդով ու հաստատ տեսակետի շրջանակներում:

Իսկ ի՞նչ ասել լրագրողների, սոցիոլոգների, դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների ու մանկավարժների մասին, որոնք մտավորական խավն են ներկայացնում:

Ավելին, այս շարքում նկատվեց նաեւ Գյումրու թատրոնի մենեջերը, որը Լիսկային խորհուրդ է տալիս բարեգործությամբ զբաղվել, օրինակ՝ ֆինանսապես աջակցել թատրոններին:

Ի դեպ, Լիսկայի հետ քավոր-սանիկական կապերի մեջ է մշակույթի նախկին նախարար, բանաստեղծ Հովիկ Հովեյանը, որը քավորի տան բակում տեղի ունեցած մարդասպանությունից հետո ավելի ամուր թիկունք կանգնեց իր կնքահորը:

Իսկ սոցիոլոգներից մեկն էլ այս օրերին վռազ արած իր «սոցհարցմամբ» պարզեց ու հայտարարեց, թե Սյունիքի մարզի բնակչության 60 տոկոսը դրական կարծիք ունի Սուրիկ Խաչատրյանի մասին:

Այն, որ ՀՀԿ ղեկավարի համար կան անփոխարինելի կադրեր, իրողություն է: Այդպիսի կադրերին, որոնք փայլել ու փայլում են տարաբնույթ հանցանքներ կատարելու կամ դրանց մասնակից լինելու գործում, նա շատ կարճ ժամանակով է «աչքաթող» անում եւ կրկին նրանց պարգեւատրում է պաշտոնով:

Եվ այն, որ նրա համար անփոխարինելի կադր է նաեւ Սուրիկ Խաչատրյանը, դրա ապացույցը վերջին տաս օրերին լիսկայապաշտպանական նախաձեռնություններն են՝ Ս. Խաչատրյանի հետ օրական մի քանի հարցազրույցների, վերջինիս վերանշանակման հարցով այլոց դրական կարծիքների ակտիվ հավաքագրման եւ, վերջապես, Գորիսում մեկնարկած ստորագրահավաքի տեսքով:

Այո՛, այո՛, վերջին օրերին, ի պաշտպանություն նախկին մարզպետի, ստորագրահավաք է նախաձեռնվել, որի հեղինակները եւ ակտիվ մասնակիցները հանրակրթական ոլորտի ներկայացուցիչներ են (մարզի դպրոցների եւ մանկապարտեզների տնօրեններ ու մանկավարժներ):

Թեպետ, մյուս կողմից էլ՝ զարմանալի ոչինչ չկա:

Գարեգին Նժդեհի բնութագրած ստամտավորականությունն է սա, որին սիրում է օգտագործել Սերժ Սարգսյանը: Մի դեպքում ստամտավորականությանն իր գլխին ամպհովանի է պահում, մեկ այլ դեպքում՝ չնայած մարմնի ահավոր մեծ չափերին, նույն այդ ստամտավորականը կռանում է իր առջեւ (ինչպես օրեր առաջ մայր բուհի ռեկտորն ու պրոֆեսորադասախոսական կազմի շատ անդամներ), երրորդ դեպքում թույլ է տալիս եւ հաճույքով լսում է, թե հրապարակավ ո՜նց են քծնում իրեն, չորրորդ դեպքում իր հրահանգով լրատվամիջոցները հանցագործների ռեաբիլիտացիային ուղղված դրական ֆոն են ստեղծում։

Դե, հիմա էլ առանձին վերցրած տարածքում Բաղրամյան 26–ը ստամտավորականությանը մղել է ստորացուցիչ քայլի՝ Լիսկային պաշտոնական առանձնասենյակ վերադարձնելու օգտին ստորագրահավաքի իրականացմանը:

Այս ամենը չգիտես՝ ինչպես բնութագրել:

Բարոյականության ճգնաժա՞մ: Մեղմ է ասված:

Սա վերևից պարտադրվող շվեդական սինդրոմի յուրօրինակ դրսևորում է։ Ու արդեն կապ չունի, թե կհաջողվի՞ արդյոք Խաչատրյանին կրկին բազմեցնել մարզպետի աթոռին, թե՞ ոչ։ Նման փորձ անելն ու հանրային տրամադրությունները ստուգելն արդեն իսկ շատ բաների մասին են խոսում։

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը