Լրահոս

15.09.2014 14:52


Թբիլիսիի հայալեզու դպրոցում հնչել է Առաջին զանգը

Թբիլիսիի հայալեզու դպրոցում հնչել է Առաջին զանգը

Սեպտեմբերի 15-ին Վրաստանի բոլոր պետական դպրոցներում հնչեց Առաջին զանգը: Սկսվեց նոր ուսումնական տարին: Վաղ առավոտյան մարդաշատ և տոնական տրամադրություն էր Թբիլիսիի միակ ամբողջովին հայալեզու դպրոցում: Հավաքված աշակերտների, ծնողների և հյուրերի առջև ելույթ ունեցավ թիվ 104 հայալեզու դպրոցի տնօրեն Իրինա Ժամկոչյանը և մաղթեց բոլորին հաջող ուսումնական տարի: Հատուկ շնորհավորանքները, ինչպես միշտ լինում է, հատկապես ուղղված էին առաջին դասարանցիներին:

«Այսօր ձեր կյանքում սկսվում է նոր, հիասքանչ, ուրախ, երբեմն նաև դժվար ժամանակաշրջան: Դուք նոր կյանք եք մտնում: Այսօր դուք ձեռք կբերեք նոր ընկերներ: Այդ ընկերների մեջ կլինեն ձեր համադասարանցիները, ուսուցինչները և, իհա´րկե, գիրքն ու գիտելիքը: Շնորհավորում եմ ձեզ նոր կյանք մտնելու կապակցությամբ, առաջին զանգի առթիվ: Թող ձեր կյանքը միշտ լեցուն լինի ուրախ իրադարձություններով, ձեզ սպսում է կանաչ ճանապարհ», -շնորհավորելով առաջին դասարանցիներին ասաց Իրինա Ժամկոչյանը:
«Ես ուզում եմ մաղթել առաջին դասարանցիներն, որ նրանք իրենց ողջ կյանքի ընթացքում պահեն այն մաքրությունը, որն իրենց հոգիներում կա այսօր: Ցանկանում եմ նրանց, որ միշտ լինեն ազատ, ազատ մարդիկ, բարձր բարոյական սկզբունքներով: Ցանկանում եմ, որ այդ ազատության մեջ նրանք գիտակցեն և պահպանեն իրենց ազգային էությունը, միաժամանակ հարգեն այլ ազգերին, բայց մնան հայ», -ասաց տեր Հուսիկ քահանա Հարությունյանը, որն այս տարի ևս իր երեխային առաջին դասարան է ճանապարհում:
Հարկ է նշել, որ այս տարի Թբիլիսիի միակ հայալեզու դպրոցում առաջին դասարանցիները 21 էին: «Դպրոցը ստացել է անհրաժեշտ դասագրքերի ամբողջական քանակը: Բոլոր առաջին դասարանցիներին բաժանվել են դասագրքերը, որոնցով նրաք պետք է սովորեն ամբողջ տարվա ընթացքում: Մենք պատրաստ ենք տալ մեր աշակերտներին լիակատար կրթություն, որը նաև իր մեջ կներառի բարոյական բաղադրիչներ: Մեր դպրոցի աշակերտները միշտ տարբերվել են այլ դպրոցների աշակերտներից ոչ միայն այս դպրոցի պատերի ներսում ստացած իրենց գիտելիքներով, այլև իրենց պահվածքով, դաստիարակությամբ և բարոյականությամբ: Այս տարի մեր դպրոցն ավարտել է 21 աշակերտ: Նրանց 75%-ից ավելին ընդունվել է բուհ: Մեծամասնությունը՝ անվճար բաժնում: Կարծում եմ, որ դա շատ խորհրդանշական է, որ մի քանի ամիս առաջ մենք նվիրեցինք մեր երկրին 21 հիանալի կրթված քաղաքացու, իսկ այսօր հասարակությունը մեզ հանձնեց ևս 21 փոքրիկների, որոնց մենք պետք է դաստիարակենք որպես խելացի, շնորհալի և հաջողակ մարդիկ: Այս ուսումնական տարում մենք կունենանք քիչ ավարտողներ` 13 աշակերտ, բայց հուսով եմ, և մենք ամեն ինչ կանենք նրա համար, որ 2015թ.-ին մեզ մոտ առաջին դասարան գա նվազագույնս 26 առաջին դասարանցի», -խմբագրության հետ զրույցի ընթացքում ասաց դպրոցի տնօրեն Իրինա Ժամկոչյանը:
Ուղիղ ժամը 9-ին հնչեց առաջին զանգը, և աշակերտները բաժանվեցին ըստ իրենց դասարանների: Սկսվեց ուսումնական գործընթացը… և միայն մեկ դռան առջև էր մարդաշատ… Դռան հետևում հավաքվածները հետևում էին իրենց երեխաներին, որոնք առաջին անգամ նստել էին դպրոցական նստարանին… Հետևում էին, հուզվում և ուրախանում…
Խմբագրությունը զրուցեց առաջին դասարանցիների ծնողների հետ և խնդրեց պատմել, թե ինչո՞ւ է կարևոր, որպեսզի հայկական ընտանիքների երեխաները ստանան հայալեզու կրթություն:
«Մեր ընտանիքում այլ տարբերակներ չեն էլ քննարկվել: Մեր ընտանիքի համար սկզբունքորեն կարևոր է, որպեսզի երեխաները ստանան հայկական կրթություն: Ես համոզված եմ, որ նույնիսկ մեկ երեխան կարող է փրկել հայկական դպրոցը: Այսօր պետությունը մեզ հնարավորություն է տալիս սովորել հայկական դպրոցում: Անվճար: Ինչո՞ւ մենք չպետք է օգտվենք այդ հնարավորությունից: Ինչո՞ւ մենք պետք է տանք մեր երեխաներին ուրիշ դպրոցներին: Երեխաները անպայման պետք է իմանան և տիրապետեն պետական լեզվին, բայց կրթության հիմքը պետք է լինի Մայրենի լեզուն: Այն ծնողների պատճառով, ովքեր չեն հասկանում այդ հասարակ ճշմարտությունը, մենք կորցնում ենք հայկական դպրոցները», -ասաց Գայանե Բոստանջյանը` հայտնի գրող և թարգմանչուհի Անահիտ Բոստանջյանի թոռնուհին:
«Ապրելով Վրաստանում` ես ինքս ավարտել եմ հայկական դպրոց: Երբևէ կյանքում չեմ զգացել, որ հայակական դպրոցում ստացած կրթությունս ինչ-որ բանով պակաս է մյուսներից: Այն բանի շնորհիվ, որ իմ ծնողներն ինձ տարել են հայկական դպրոց, այսօր ես կատարելապես գիտեմ Մայրենի լեզուն, գիտեմ չորս օտար լեզու` վրացերեն, ռուսերեն, ֆրանսերեն և անգլերեն… Դպրոցն ավարտելով` ընդունվել եմ համալսարան: Այժմ աշխատում եմ որպես մենեջեր խոշոր միջազգային ընկերությունում: Ունենալով հայկական կրթություն` ես միշտ իմ առավելությունը զգում եմ և ուզում եմ, որ իմ երեխան էլ նունը զգա», -ասաց առաջին դասարանցու ծնող Աննա Գասպարյանը:
«Հայն առաջին հերթին պետք է իմանա իր Մայրենի լեզուն: Ուրիշ էլ ո՞նց: Եթե ոչ մենք, ապա ո՞վ կպաշտպանի մեր լեզուն: Եթե մենք կորցնենք մեր լեզուն, ապա կդադարենք մեզ որպես ազգ… Հայը պետք է սովորի հայկական դպրոցում: Ես ունեմ 7 երեխա, և նրանք բոլորն էլ սովորում են հայկական դպրոցում: Այսօր առաջին դասարան եմ բերել 7-րդ երեխայիս», -խմբագրության հետ զրույցում ասաց Սվետլանա Ավդալյանը:
«Եթե հայը երեխային հայկական դպրոց չի տանում, էլ ի՞նչ հայ է... Եթե մարդիկ քննադատում են դպրոցը, կարող եմ ասել, որ միշտ էլ հեշտ է քննադատել ուրիշին: Իրականում եթե երեխան ուզում է սովորել, ապա նա կսովորի ցանկացած դպրոցում: Հայալեզու դպրոցում աշակերտը ստանում է կրթության նույն մակարդակը, ինչ երկրի այլ դպրոցներում: Ըստ որոշ ցուցանիշների` նույնիսկ ավելի բարձր: Ավարտելով դպրոցը` մեծամասնությունը հաջողությամբ ընդունվում է համալսարան... Բայց եթե ծնողները հայ են և ուզում են, որ իրենց երեխան ու իր երեխաները նունպես հայ մնան, ապա նրանք անպայման պետք է ողջամիտ վարվեն և իրենց երեխային տանեն հայկական դպրոց: Երեխան ինքը չի կարող հասկանալ ինչը լավ կլինի իր համար: Ծնողները պետք է հոգ տանեն նրա մասին և ճիշտ ընտրություն անեն: Այսօր այս դպրոցը միակ հայալեզու դպրոցն է Թբիլիսիում և մենք իրավունք չունենք անտարբերությամբ վերաբերվել նրա հետ», -ասաց Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց Թեմի քահանա տեր Հուսիկ Հարությունյանը:
«Վրաստանի Հայ Համայնք»-ի «Միություն» պաշտոնաթերթը միանում է բազմաթիվ շնորհավորանքներին և Վրաստանում գործող հայկական դպրոցների ու «բաժինների» բոլոր աշակերտներին ցանկանում է բարեհաջող և արդյունավետ ուսումնական տարի: Թող բոլոր գիտելիքները, որոնք Դուք կստանաք հայակական դպրոցների պատերի ներսում, դարձնեն ձեզ ավելի մոտ Ձեր իսկ ժողովրդին, դարձնեն Ձեզ իսկապես երջանիկ և կատարյալ մարդիկ: Մենք համոզված ենք, որ արդեն իսկ այսօր հայկական դպրոցների և բաժինների նստարաններին մեծանում են ապագա Նարեկացին ու Րաֆֆին, Նժդեհը, Դրոն ու Թեհլերյանը… և իսկական հայերը:

Վրաստանի Հայ Համայնք

Այս խորագրի վերջին նյութերը