Կարծիք

16.09.2014 11:48


Աննա Մովսիսյան. «Նրանք չեն տեսնում կամ չեն ուզում տեսնել»

Աննա Մովսիսյան. «Նրանք չեն տեսնում կամ չեն ուզում տեսնել»

Այսօր Ուկրաինաի ու ԵՄ–ի խորհրդարանները պետք է վավերացնեն ասոցացման պայմանագիրը։ Ինչպես հաղորդվում է մամուլում, նախատեսվում է միաժամանակ վավերացնել փաստաթուղթը, իսկ որպես «սյուրփրայզ» ու ձևական մասի ապահովում՝ Ուկրաինան հնարավոր է՝ ստանա նաև տեսակոնֆերանսի հնարավորություն փաստաթուղթը վավերացնելու ընթացքում։

Ինչ ասեմ՝ Ուկրաինան դեռևս հնարավորություն չի ունենալու ամբողջապես ինտեգրվել Եվրոպական շուկա՝ բավարարվելով ադապտացմանը եվրոպական ազատ առևտրի գոտուն։

Ինչպես տեսնում ենք, Ուկրաինան, ասոցացվելով ԵՄ հետ, կորցրեց Ղրիմը, կորցրեց վերահսկողությունը նրա արևելյան հատվածի նկատմամբ, իսկ երկիրն ընկղմվեց քաոսի մեջ։ Բայց, փոխարենը՝ նրանք կստանան ասոցացման պայմանագրի վավերացման շքեղ շոու՝ եվրոպական չափանիշերին համապատասխան՝ մի ամբողջ տեսակոնֆերանս։ Շատ «մեծ» ձեռքբերում է գրանցել Ուկրաինան։ Երևի հենց դրա մասին էլ երազում են մեր «արևմտամետները»՝ եվրոպական քաղաքական շոուների. գրողին, թե երկրի հետ ինչ կլինի։
Ուկրաինայի օրինակը շատ լավ բնութագրում է, թե ինչ է սպասվում այն երկրներին, այդ թվում՝ Հայաստանին, որոնք ներքին խնդիրները լուծելու փոխարեն՝ արտաքին նախաձեռնողականությամբ են զբաղվում՝ հրավիրելով աշխարհի ուժեղներին՝ իրենց շահերով, սեփական երկիր։
Ուկրաինան սխալ դրույք կատարեց, արդյունքում՝ կորցրեց գրեթե ամեն ինչ։

Անկեղծանամ. շատ եմ «սիրում» մեր «արևմտամետներին». այդպիսի օր չկա, որ չանդրադառնան Պուտինին, ռուսական մամուլն էլ նրանց կյանքի անբաժանելի մասն է։ Նրանք սիրում են խոսել, քննարկել ռուսներին, նրանց ղեկավարությանը, բայց մի օր չեն մտածում, որ այն, ինչ տեղի է ունենում մեր երկրում, նրանց հետ ոչ մի կապ չունի։ Ասենք՝ երբ օրը ցերեկով մտնում են քաղաքացիների գրպանները, ռուսներն ի՞նչ կապ ունեն։

Նրանք չեն տեսնում կամ չեն ուզում տեսնել մեր կառավարողների ու երկրի ղեկավարի ձախողումները։ Դե, երևի, գրպանին վնաս է։

Աննա Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը