Քաղաքական

16.09.2014 14:40


Վահան Բաբայան. «Սահամանադրական փոփոխությունը մեծ ֆարս է, որը բեմադրվել է մեծ հանդիսատեսի համար»

Վահան Բաբայան. «Սահամանադրական փոփոխությունը մեծ ֆարս է, որը բեմադրվել է մեծ հանդիսատեսի համար»

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանի խոսքերով՝ Հայաստանն այսօր կանգնած է բարդ ընտրության առաջ՝ համակերպվել իշխանության վերարտադրության փորձերի հետ, լինել դիտորդ սեփական երկրում, կամ պայքարել, որպեսզի մեր իշխանավորները հասկանան, որ երկրի տնտեսական կործանարար իրավիճակը թողած՝ չի՛ կարելի մարդկանց խաբել և համոզել, թե մեր երկրի բոլոր չարիքները կապված են Սահմանադրության հետ, և այն փոխելով՝ մենք կզարգացնենք Հայաստանը: Այս մասին Վ. Բաբայանը հայտարարել է ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրված «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության բարեփոխումներ. թեր և դեմ» թեմայով խորհրդաժողովի ժամանակ։

ԲՀԿ–ական պատգամավորն ընդգծել է՝ ո՞ւմ հետ է քննարկվել Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունը, որ առաջարկում են քննարկել կիսանախագահական կամ խորհրդարանական կառավարման համակարգերի արդյունավետության հարցը:

Նախ՝ հարցնեիք երկիրը լքող և մոտակա ժամանակներում արտագաղթելու հնարավորություն փնտրող մեր հազարավոր քաղաքացիներից՝ որ փոխենք Սահմանադրությունը, արդյոք կմնա՞ք Հայաստանում: Կարծում եմ՝ քաղաքացիների պատասխանն իշխանավորին ակնհայտ է, որը այս միջոցառման և էթիկայի որևէ ձևաչափում չի տեղավորվում, այդ իսկ պատճառով զերծ կմնամ բարձրաձայնելուց քաղաքացու պատասխանի տարբերակները,–ասել է Վ. Բաբայանը:

Անդրադառնելով մեղադրանքներին, թե իրենք քննադատում են՝ չունենալով հիմնավորումներ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասով, նա բերել է մի քանի փաստարկ։

1. Ինչի՞ց ելնելով իշխանական բոլոր սուբյեկտները սկսեցին միանգամից և բոլոր հնարավոր ճիգերը գործադրելով՝ աղաղակել Սահմանադրության բարեփոխման անհրաժեշտության մասին: Ո՞րն է իրենց շահը: Տնտեսական ճգնաժամի հասցրած իշխանության շահը միայն կարող է լինել իշխանության հավերժացման մոտիվացիան:

2. Քառյակը ներկայացրել էր արդեն իր 12 կետերի մեջ 100–տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու պահանջը: Ո՞ւր է իշխանության բարեփոխումների ձգտման ցանկությունը: Բնականաբար, չկա և չի էլ լինելու: Եթե խնդիրը մարդու իրավունքներն են և Հայաստանի առավել դեմոկրատիզացիան, ապա տրամաբանորեն իրենք դա պետք է ընդունեին: Եվ ամենակարևորը՝ ո՞ր հասարակ մարդը մեր երկրում կարող է հավատալ, որ Սահմանադրությունից է կախված մեր երկրի տնտեսության զարգացումը, աշխատատեղերի գոյությունը, հարկային բեռի թեթևացումը, արտագաղթի կասեցումը և ներգաղթի կազմակերպումը, արդարադատությունը և մենաշնորհների վերացումը:

Եթե փոփոխություններ նախաձեռնողներն ու հայեցակարգը մշակողները կարողանան ցույց տալ գեթ մեկ խնդիր, բացի նույն իշխանությունների վերարտադրությունից, որն այսօրվա Սահմանադրության պայմաններում հնարավոր չէ լուծել, իսկ նոր Սահմանադրությունը կլուծի այդ հարցը, Վ. Բաբայանը խոստանում է ներկայացնել տասնապատիկ խնդիրներ, որոնք կարող են և պարտավոր են լուծել այսօր ա՛յս Սահմանադրության պայմաններում.

Ի վերջո, եթե մի պահ ենթադրենք, որ Սահմանադրությունը փոխվել է, արդյոք այդ նոր համակարգում չե՞ն պաշտոնավարելու կամ աշխատելու նույն այն անձինք, ովքեր պաշտոնավարում են այսօր և, մեղմ ասած, իրենց չեն արդարացնում: Գումարելիների, այս պարագայում՝ անձերի ու պաշտոնների տեղափոխությունից գումարը չի փոխվում. երկիրը շարունակելու է անկում ապրել: Սա մեծ ֆարս է, որը բեմադրվել է մեծ հանդիսատեսի համար: Մենք դեմ ենք սուր առճակատման. դա ոչ մեկին պետք չէ։ Եթե իշխանությունը փորձեց բռնի ուժով գնալ այդ փոփոխություններին, ապա երկրում լարվածությունը կմեծանա։ Բայց եթե իշխանությունը գնա համերաշխության խրախուսման ճանապարհով, ես տեսնում եմ մեծ ռեսուրս համերաշխության ճանապարհով առաջ շարժվելու համար։

Իր խոսքի վերջում պատգամավորը մեջբերել է Մոնտեսքյուի հայտնի խոսքերը. «Կարիք չկա օրենքների փոփոխություններով ձգտել նրան, ինչը կարելի է անել բարքերի փոփոխություններով»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը