Լրահոս

16.09.2014 16:35


Հայաստանի պատվիրակության ներկայացրած համարին ականատես է եղել շուրջ 60 հազար մարդ

Հայաստանի պատվիրակության ներկայացրած համարին ականատես է եղել շուրջ 60 հազար մարդ

Սույն թվականի օգոստոսի 30-ից սեպտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում Մոսկվայի օրվան նվիրված տոնակատարությունների շրջանակներում տեղի ունեցավ «Սպասկայա Բաշնյա» զինվորական-երաժշտական միջազգային փառատոնը (Կարմիր հրապարակում):

Հեղինակավոր այս փառատոնին այս տարի մասնակցում էին Իռլանդիայի, Իտալիայի, Չինաստանի, Մեքսիկայի, Շվեցարիայի, Սերբիայի, Թուրքիայի, Ղազախստանի և ռուսական 13 պետական և ռազմական նվագախմբեր, երաժշտախմբեր: «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի հիիմնադիր և գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանի նախաձեռնությամբ իրականացված բանակցությունների արդյունքում Հայաստանն առաջին անգամ ներկայացավ երկու խմբով («Մենք» հիմնադրամի ներքո գործող «Երևանյան թմբուկներ» թմբկահարների խումբը՝ Սոֆի Դևոյանի ղեկավարած «Արմելադ» պարային համույթի հետ համատեղ): Հայաստանի պատվիրակության ղեկավարն էր Պավել Սարգսյանը: Վերոնշյալ խմբերի անդամները թվով 35-ն էին, որոնց տարիքային շեմը տատանվում է 12-21-ի սահմաններում՝ բոլորը աղջիկներ:

Փառատոնի համերգային ծրագրում Հայսատանի պատվիրակությունը հանդես եկավ «Երևանյան թմբուկների» թմբկահարների կատարումներով և «Արմելադ» պարային համույթի պարային համարով (զինվորական Յարխուստա պար): Շուրջ վեց րոպե տևողությամբ համարում ներկայացվեցին նաև ՀՀ պետական խորհրդանշանները և պատմական Հայաստանը ներկայացնող թագավորությունների զինանշանները պատկերող դրոշները (այդ թվում Երևանի զինանշանը):

Կարմիր հրապարակում անցկացվող այս փառատոնի 9 օրերի ընթացքում Հայաստանի պատվիրակության ներկայացված համարին ականատես են եղել մոտ 60 հազար մարդիկ, որոնց թվին կարելի է ավելացնել նաև համացանցով և հեռուստատեսությամբ ականատես դարձած 100 միլիոնից ավել մարդկանց:

Սեպտեմբերի 6-ին Մոսկվայի օրվան նվիրված տոնակատարությունների շրջանակում տեղի ունեցավ «Սպասկայա Բաշնյա» փառատոնի բոլոր մասնակիցների մասնակցությամբ տոնական քայլերթ: Մոսկվայի Տվերսկայա փողոցով անցկացվող տոնական քայլերթում Հայաստանի պատվիրակությունը քայլերթով, որն ուղեկցվում էր թմբկահարների կատարումներով, ՀՀ պետական խորհրդանշանները և պատմական Հայաստանը ներկայացնող թագավորությունների զինանշանները պատկերող դրոշներով հանդես եկավ մոտ 65-70 հազար հանդիսատեսի առջև:

Այս խորագրի վերջին նյութերը