Մեկնաբանություն

18.09.2014 02:45


ՀՅԴ վերնախավի հետևողականությունը և գերսկզբունքայնությունը

ՀՅԴ վերնախավի հետևողականությունը և գերսկզբունքայնությունը

ՀՅԴ–ն կողմ է սահմանադրական փոփոխություններին և ցանկանում է անցնել կառավարման խորհրդարանական համակարգին։

Իշխանությունները դեռ չեն սկսել քարոզարշավը և առայժմ հետախուզական գործունեությամբ են զբաղված։ Քարոզարշավն սկսել է ՀՅԴ–ն։

Սկսել է, սկսել է։ Դա իր իրավունքն է ու միգուցե նաև պարտականությունը։

ՀՅԴ վերնախավի իրավունքն է նաև հետևողականորեն հավատալ, որ ՀՀԿ ղեկավարն այս կամ այն հարցում զիջելու է կամ չի զիջելու, ինչպես նաև ընդունելու է իրենց առաջարկները։ Եվ դա այն դեպքում, երբ պրակտիկան միշտ հակառակն է ապացուցել։

Արմեն Ռուստամյանն, օրինակ, ասում է, որ իշխանությունը որպեսզի չկորցնի ամբողջը, պետք է կորցնի մասը և ընդունի իրենց առաջարկները։ Այսինքն՝ ՀՅԴ–ի կռիվը մասի համար է։ Մնում է միայն պարզել, թե ի՞նչ մասի մասին է խոսքը։ Հավանաբար այդ մասը նկատի ունեն ՀՅԴ–ում, երբ խոսում են ամբողջական իշխանափոխության մասին։

Կընդունի՞ արդյոք իշխանությունը ՀՅԴ–ի՝ հանրությանը դեռ անհայտ առաջարկները, կերևա շատ շուտով։ Մեզ, սակայն, այս պահին այլ հարց է հետաքրքրում։ Ավելի ճիշտ՝ այլ երևույթ։

ՀՅԴ վերնախավը յուրօրինակ հետևողականություն է ցուցաբերում Սերժ Սարգսյանի նկատմամբ։

ՀՅԴ–ում հավատում էին, որ եթե ասեն՝ «Նախագա՛հ, մի՛ զիջիր», և պահանջեն Նալբանդյան Էդիկի հրաժարականը, ապա նա չէր զիջելու ՀՀ և ԼՂՀ շահերը «Ֆուտբոլային» դիվանագիտության շրջանակներում։ Ինչպես հայտնի է, ՀՅԴ–ի սպասելիքները չարդարացան, քանզի զիջումը եղավ։ Ու հիմա կարկառուն դաշնակցականները, դիվանագիտական առաքելության շրջանակներում, «Ֆուտբոլային» քաղաքականության դրոշի ներքո են հանդես գալիս։

2013թ. նախագահական ընտրություններից առաջ ՀՅԴ վերնախավը հավատում էր, որ Սերժ Սարգսյանն ընդունելու է 7 կետից բաղկացած իրենց առաջարկները, և ոչ թե ընդդիմադիր դաշտում, այլ Բաղրամյան 26–ում էր փնտրում խնդիրների լուծման բանալիները։ Այդ ուղղությամբ ճիգեր էին գործադրվում։ Կետերից և ոչ մեկը չընդունվեց, բայց հետևողական հավատը, փաստորեն, չպակասեց։

Դաշնակցականները հիմա էլ հավատում են, որ սահմանադրական փոփոխությունների իրենց փաթեթը կընդունի իշխանությունը, որպեսզի չկարողանա վերարտադրվել։ Թե քանի մարդ է հավատում այս ամենին, թողնենք սոցիոլոգներին։ Միայն մեկ բան նշենք՝ եթե իշխանությունը չի կատարում «քառյակի» 12–կետանոց պահանջը, որն անմիջապես իր աթոռի հարցին չի առնչվում, ապա ինչո՞ւ պետք է ընդունի սահմանադրական փոփոխությունների այնպիսի փաթեթ, որ չկարողանա վերարտադրվել ու ցմահ իշխել։ Մանավանդ, երբ «էս գլխից» հայտարարում ես, որ ընդամենը հավակնում ես մասի, ես կասեի՝ մասնիկի։

Որտեղի՞ց այդպիսի յուրօրինակ հետևողականություն։ Պահանջել մեկից մի բան, ով բազմիցս չի կատարել ոչ մի պահանջ, կամ ավելի ճիշտ՝ կատարել է միայն այն դեպքում, երբ եղել է կոնսոլիդացված ուլտիմատում։

Տխրահռչակ Տիգրան Սարգսյանին հեռացնելու թեմայի շուրջ հիմնական քաղաքական ուժերն ու հանրության ակտիվ շերտերը միակարծիք էին։ Արդյունքում՝ հանրահավաքային վախից Տիգրանին «մատաղ» արեցին։ Հիմա, երբ եկել է հանրահավաքային հերթական ուլտիմատումի փուլը, ինչո՞ւ հանկարծ ՀՅԴ–ում կրկին արթնացավ հավատն առ «բարեփոխիչ» իշխանություն։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ ՀՅԴ ներկայացուցիչները հրաժարվել են մասնակցել համատեղ հանրահավաքին՝ հայտարարելով, որ տարաձայնություններ ունեն մյուս քաղաքական ուժերի հետ սահմանադրական փոփոխությունների հարցում, և որ խորհրդարանական կառավարման համակարգն իրենց համար գերսկզբունքային հարց է։

Չենք կասկածում ՀՅԴ վերնախավի գերսկզբունքայնությանը։ Պարզապես հետաքրքիր կլիներ իմանալ, որ եթե խորհրդարանական կառավարման համակարգն իրենց համար գերսկզբունքային հարց է այն աստիճանի, որ համատեղ հանրահավաքից առաջ գոնե Ազատության հրապարակի տիրույթում լքում են «քառյակը», ապա այդ դեպքում ինչո՞ւ չլքեցին իշխող կոալիցիան 2005թ. սահմանադրական փոփոխությունների ժամանակ, այլ աջակցեցին կիսանախագահական համակարգը պահպանող սահմանադրական փոփոխություններին։ Չէ՞ որ դա գերսկզբունքային հարց էր։ Դե, իսկ ՀՅԴ վերնախավի գերսկզբունքայնության մասին, ինչպես հայտնի է, լեգենդներ են պտտվում։

Այս խորագրի վերջին նյութերը