Մեկնաբանություն

19.09.2014 08:59


Բոլոր հարցերը լուծվում են ներսում

Բոլոր հարցերը լուծվում են ներսում

Հենց հայտնի դարձավ ԱԺ ոչիշխանական ուժերի՝ Ազատության հրապարակում հանրահավաք անելու օրը (հոկտեմբերի 10), կոնկրետ շրջանակներ ու լրատվամիջոցներ սկսեցին հնչեցնել մի տարօրինակ հարցադրում:

Հայտնի է, որ նույն օրը՝ հոկտեմբերի 10-ին, որոշվելու է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը:

«Այդ հարցը հանրահավաքում բարձրացվելո՞ւ է, այդ մասին խոսվելո՞ւ է հանրահավաքի ժամանակ»,- արդեն երկու օր այս հարցն են տալիս ոչիշխանական ուժերի ներկայացուցիչներին:

Կարծես, հանրահավաք հրավիրելու նպատակը արտաքին աշխարհի հետ կռիվ անելն է:

Իշխանությունների վարած ներքին քաղաքականության խնդիրներեն են այսօր առավելապես հուզում ժողովրդին, որը ի հետեւանք այդ քաղաքականության, այսօր հազիվ է կարողանում իր գոյությունը քարշ տալ:

Ոչիշխանական ուժերի 12 կետերում ամփոփված են այդ խնդիրները, որոնք լուծելու ուղղությամբ իշխանությունները գրեթե ոչինչ չեն արել՝ չնայած նախապես տրված ժամկետին:

Շատ կարեւոր է նաեւ սահմանադրական փոփոխությունների հարցը, ինչը իշխանությունները նախաձեռնել են՝ առանց հանրության կարծիքը հաշվի առնելու: Քանզի սեփական վերարտադրության խնդիր են լուծում, իսկ նման դեպքերում հարության կարծիքը նրանց համար զրո է:

Ահա սրա՛նք են հանրահավաքի օրակարգային հարցերը, որոնք սպառելու համար նույնիսկ մեկ հանրահավաքի ժամանակահատվածը բավարար չէ:

Մինչդեռ, հարցախույզ նախաձեռնած շրջանակները ներքին քաղաքական խնդիրներին վերաբերող հարցերը համարելով անկարեւոր՝ կառչում են «օրվա խորհուրդից» ու փորձում են պարզել մի բան, ինչի մասին ոչիշխանական ուժերը արդեն մեկ տարի իրենց դիրքորոշումներն ու տեսակետները հայտնել են:

Իսկ հետաքրքիր է՝ հոկտեմբերի 10-ը միայն ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցո՞վ է «նշանավորվում» (դեռ պարզ էլ չէ, թե այդ օրն արդյոք այդ հարցով որոշում կկայացվի՞, եւ ընդհանարպես, իրական անդամակցությունը տեղի է ունենալու 2016-ի հունվարի 1-ից):

Եթե մի թեթեւ փորփրենք մեր հիշողությունը, ապա այդ օրվա հետ կապված՝ հազար ու մի իրադարձություն կարող ենք հիշել: Մանավանդ որ, վեց տարի շարունակ ոչ միայն ամեն տարվա հոկտեմբերի 10-ի օրը, այլեւ բոլոր ամիսներին գործող իշխանությունների ձախողումների վկայություններ կարելի է նշել: Օրինակ՝ հայ–թուրքական արձանագրությունների ստորագրումն ու Նալբանդյանի այտերի փորձությունը։

Հիմա ի՞նչ, այդ բոլոր թեմաները պետք է դառնան հանրահավաքի օրակարգային հա՞րց:

Իրոք, տարօրինակ է ներքին քաղաքական խնդիրներն ամեն կերպ անկյուն մղելով եւ ԵՏՄ-ին անդամակցության հարցը առաջնային դարձնելու սրանց ջանքը: Արհեստական և ուղղորդվող ջանքը։

Նույն հաջողությամբ կեղծ հարցադրումներով հանդես եկողները կարող էին նաեւ հետաքրքրվել հայ-թուրքական արձանագրությունների մասին, որոնք այս իշխանությունները ստորագրեցին 4 տարի առաջ նույն օրը: Եվ փորձեին պարզել, թե հանրահավաքի կազմակերպիչները չե՞ն պատրաստվում արդյոք գնահատել հայ-թուրքական գործընթացի ՕԳԳ-ն:

Բայց ոչ, այդ մասին չեն հարցնում եւ միայն սեւեռվել են ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցի վրա: Անդամակցություն, որը «արևմտամետ» և «նախաձեռնողական» քաղաքականության ուղղակի հետևանքն է։

Իրականում, այսօր ժողովորդին հետաքրքրում են ներքին խնդիրները, որոնք մնում են անլուծելի՝ այդպիսով է՛լ ավելի վատթարացնելով իրենց վիճակը:

Բոլոր առումներով ձախողված իշխանությունն աղետ է երկրի ու ժողովրդի համար:

Եվ նախ անհրաժեշտ է հրապարակավ գնահատել նրա վարած ներքին քաղաքական տապալումները, ինչն էլ քողարկելու համար վեց տարի զբաղված էին արտաքին ճակատում «նախաձեռնողականություն» դրսեւորելու գործով:

Երբ ներքին քաղաքականության մեջ ՀՀԿ ղեկավարի դրսեւորած անգործությունը մատնացույց կարվի փաստերով, եւ ժողովուրդը համախմբվելով՝ նրան կստիպի հեռանալ, այդ ժամանակ արդեն հնարավոր կլինի չեզոքացնել կամ դիմագրավել արտաքին վտանգներն ու մարտահրավերները:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը