Կարծիք

19.09.2014 10:40


ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՏԱ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ

ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՏԱ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ

Եվ այսպես, քաղաքական ակտիվ զարգացումների մեկնարկը տրված է, առաջիկա հանրահավաքի օրն էլ՝ որոշված: Սպասելիքներն, անշուշտ, մեծ են, այդ իսկ պատճառով տարաբնույթ կարծիքների ու հատկապես քննադատությունների պակաս չի զգացվում:

Իշխանական քարոզչամեքենայի գնահատականները պարզ են, ու եթե անգամ չհաջողվեր բավարար չափով հանրությանը բացատրել, որ հոկտեմբերի 10-ի հանրահավաքը շատ կարևոր է, եթե չասենք՝ վճռորոշ, ապա Բաղրամյան 26-ի ակտիվիստների պահվածքն արդեն հերիք է, որպեսզի մարդիկ հաստատ որոշեն մասնակցել հանրահավաքին։ Իշխանության դրածոները մի այնպիսի ջերմեռանդությամբ են հարձակվել հանրահավաքի կազմակերպիչների վրա, որ ոչ միայն ժողովրդին տեղը-տեղին կզայրացնեն ու փողոց կհանեն, այլև, ովքեր կարծում էին, թե առաջիկայում ոչինչ չի փոխվելու, նրանք էլ են համոզվում, որ եթե իշխանությունները վտանգ չզգային, այսպես կատաղած իրենց պատեպատ չէին խփի: Այնպես որ, շնորհիվ քարոզչական ֆրոնտի իշխանական «աննկուն մարտիկների»՝ հանրային իրազեկումը պատշաճ կերպով կկատարվի, առաջիկա հանրահավաքի կարևորության գիտակցումն էլ կլինի բարձր մակարդակի վրա:
Փաստորեն, իշխանություններն անկախ իրենց կամքից՝ լավ էլ աշխատում են հօգուտ ժողովրդի:

Հաշվի առնելով, որ ոչիշխանական ուժերի կողմից ներկայացված անգամ այդ իրատեսական պահանջներն անտեսվեցին իշխանությունների կողմից, նշանակում է՝ հետագա համագործակցության մասին խոսելն ու կառուցողական դիրքորոշում ունենալն անիմաստ է դառնում, ուստի առաջիկա հանրահավաքը սոսկ 12–կետանոց առաջարկության կատարման ամփոփումը չէ: Բայց պետք է ի նկատի ունենալ, որ կազմակերպիչները հրապարակի շեֆերը չեն: Այս հանրային միջոցառման գլխավոր դերակատարը շարքային քաղաքացին է, որն իր պահանջներն ու առաջարկները պետք է բերի հրապարակ։ Ու որքան շատ լինեն պահանջատեր քաղաքացիները, այնքան ոչիշխանական ուժերն ավելի մեծ հնարավորություն կստանան իշխանություններին լուծումներ պարտադրելու և արմատական փոփոխությունների գնալու։

Եվ ոչ մեկը թող չկարծի, թե ինքը պետք է հարմար տեղավորվի փափուկ բազկաթոռի մեջ ու համացանցով հետևի հանրահավաքին, իսկ նրա փոխարեն ուրիշները պայքարեն երկրում իրավիճակ փոխելու համար:

Ինչ խոսք, հանրահավաքի կազմակերպիչ ուժերն ունեն բավական լուրջ ռեսուրս՝ ապահովելու Ազատության հրապարակում կուսակիցների, համակիրների մի ստվար բանակ, բայց անգամ այդ բազմամարդության պարագայում դա չի դառնա համաժողովրդական պայքար, եթե ըմբոստ ու անարդարությունների հանդեպ անհաշտ յուրաքանչյուր ոք, ով նաև դուրս է վերը նշված ցանկից, պայքարն իրենը չհամարի: Երբ հայտարարվում է, թե ժողովուրդը կորոշի, թե ինչ քայլերի է պետք գնալ, հենց դա է նկատի առնվում. որքան շատ են հանրահավաքի մասնակիցները, այնքան ավելի հզոր մանդատ է ստանում «եռյակն» իր գործողություններում։
Վստահ եմ, որ կազմակերպիչներն իրենց ծրագիր–մինիմումը հաջողությամբ կյանքի կկոչեն: Իսկ հոկտեմբերի 10-ի հանրահավաքը կդառնա՞ շուրջօրյա ու շարունակական, կձևակերպվի՞ իշխանափոխության հստակ պահանջ, թե՞ դեռ ոչ՝ կախված է մեզնից յուրաքանչյուրի վճռականությունից, հակառակ դեպքում կազմակերպիչները ստիպված կլինեն աստիճանաբար ու հետևողական քայլերով բարձրացնել քաղաքական ակտիվության մակարդակն օրերի, գուցե ամիսների ընթացքում, որպեսզի հնարավոր լինի պայքարը հասցնել կրիտիկական կետի և սկսել իշխանափոխության գործընթաց:

Եթե վստահ ենք, որ ի տարբերություն իշխանությունների, որոնց համար ժողովուրդն անտեսված է, ոչիշխանական ուժերը հավատարիմ են «իշխանությունը պատկանում է ժողովրդին» սահմանադրական նորմի տառին ու ոգուն, ուրեմն առաջին փուլով իշխանությունը պետք է վերադարձնեն ժողովրդին գոնե Ազատության հրապարակում, ու եթե հասարակությանը մասնակից չեն դարձնելու իրենց պայքարին, ո՞ւմ համար է արվում այս ամենը: Եվ չպետք է սպասել, որ հարթակի ագրեսիան ավելի մեծ լինի, քան պահանջատեր ժողովրդինը, ով գտնվում է այս օրհասական վիճակում: Չէ՞ որ որքան մեծ են հնարավորություններն ու ազդեցությունը հասարակական լայն զանգվածների վրա, զուգահեռաբար պետք է մեծ լինի նաև պատասխանատվությունը երկրի ու ժողովրդի հանդեպ, ու սա թուլության կամ անվճռականության հետ շփոթելը, մեղմ ասած, անազնիվ է:
Ես վստահ եմ, որ մեր հասարակությունը, որն իր ուսերի վրա է կրում այս իշխանությունների ապաշնորհ քաղաքականության ամբողջ ծանրությունը, բավարար վճռականություն կունենա սկսված գործը մինչև ամբողջական իշխանափոխություն հասցնելու համար:

Մեկ բան պետք է պարզ լինի բոլորին՝ եթե ուզում ենք անցնցում փոփոխություններ, ապա պետք է հնարավորնս շատ մարդ գա Ազատության հրապարակ։ Իշխանափոխությունը բոլորիս գործն է, այլ ոչ թե միայն ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի կամ «Ժառանգության»։

Էդվարդ Անտինյան

https://www.facebook.com/ed.antinyan/posts/10202983744577094

Այս խորագրի վերջին նյութերը