21.09.2014 15:20


Կարծես համաժողովի մասնակից սփյուռքահայերն էլ ՀՀԿ-ական լինեն

Կարծես համաժողովի մասնակից սփյուռքահայերն էլ ՀՀԿ-ական լինեն

Ավարտվեց Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովը: Երկօրյա համաժողովը, որին մասնակցում էր սփյուռքի 700 ներկայացուցիչ, մեկնարկեց եւ ավարտվեց հանրային անտարբերության մթնոլորտում:

Այսինքն՝ որեւէ կերպ այդ հավաքը նշանակալի իրադարձություն չես համարի:

Թեպետ, հայրենասիրական ճառերի պակաս չկար, եւ «ազգափրկիչ» օրակարգերով նիստեր էլ անցկացվեցին, սակայն համաժողովի նկատմամբ ընդհանուր ուշադրության եւ հետաքրքրության պակաս կար:

Ճիշտն ասած, սպասում էինք Տիգրան Սարգսյանին, որի «Հայկական աշխարհի» ժողովուրդն էր նաեւ մասնակցում համաժողովին, սակայն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը չժամանեց հայրենիք՝ իմանալու, թե ինչպես է աշխատելու ամերիկահայության հետ:

Դե, իսկ Սերժ Սարգսյանը համաժողովին ներկա գտնվեց եւ ելույթով հանդես եկավ միայն վերջին օրը:

Ընդամենը վերջերս նա ներկայացնելով արտագաղթի պատճառները՝ առաջինը նշեց Սփյուռքը, որն, ըստ Սերժ Սարգսյանի, իրեն է ձգում, քաշում-տանում է հայաստանաբնակներին:

Եվ ահա, նա հենց այդ քաշող-տանողների առաջ ելույթ ունեցավ, սակայն անդրադառնալով արտագաղթի խնդրին՝ հայտարարեց. «Եվ իրար թե՛ Հայրենիքում, թե՛ Սփյուռքում մեղադրելու փոխարեն՝ մենք պետք է գործնական միջոցներ գտնենք և ձեռնարկենք այդ խնդրին լուծում տալու համար: Միասին վեր հանենք բացթողումները և արձանագրենք, թե ինչ հակաքայլեր կարող ենք ձեռնարկել»:

Հակաքայլն էլ հայրենիքի եւ Սփյուռքի գործակցության վեկտորը Հայաստանի զարգացմանն ուղղելն է։

«Սփյուռքը Մայր հայրենիքի հետ կապելու նպատակով մենք ողջունում և խրախուսում ենք Սփյուռքի յուրաքանչյուր նախաձեռնություն Հայաստանում: Պետությունը պատրաստակամ է սփյուռքահայերին հնարավորություններ ընձեռել ներդրումներ կատարելու համար, ինչի նպատակը բարեգործությունից փոխշահավետ գործընկերության անցնելն է»,- հայտարարեց Սարգսյանը:

Ինչեւէ, նմանատիպ հավաստիացումներ նրա կողմից հնչել են միշտ, եւ այս անգամ էլ նույնը լսեցինք:

Իսկ արանքում փոխշահավետ գործակցության առարկայական վկայություններ չկան, կամ օրինակները չափազանց քիչ են:

Արցախի խնդրի, Հայոց ցեղասպանության ճանաչման, հայոց լեզվի, հայի ինքնության, հայոց եկեղեցու դերի կարեւորման մասին թեմաները դարձյալ ընդգծվեցին ու շեշտադրվեցին:

Տպավորությունն այնպիսին էր, որ ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլեւ համաժողովի մնացած բոլոր բանախոսներն անցած համաժողովում ունեցած իրենց ելույթների վրայից փոշին թափ էին տվել եւ նույն ելույթներն էին կարդում:

Իսկ թե համաժողովից համաժողով ընկած ժամանակահատվածում գործակցության ինչ մակարդակ է արձանագրվել, այդ մասին ոչինչ չասվեց:

Քանի որ այս համաժողովը զուտ «պարադային» բնույթ է կրում, բնականաբար, Սփյուռքի ներկայացուցիչներն էլ առանձնապես սուր հարցերով չանհանգստացրին հայոց իշխանությանը:

Թվում էր, թե սփյուռքահայությանը կհետաքրքրեր հայ-թուրքական արձանագրությունների ճակատագրին վերաբերող հարցը, եւ կփորձեր հենց Սերժ Սարգսյանից ճշտել, թե նա մտադիր չէ՞ արդյոք հետ կանչել Հայաստանի ստորագրությունը այդ տխրահռչակ փաստաթղթի տակից, եւ ընդհանրապես, այդ արձանագրությունները հանել ԱԺ օրակարգից: Կամ՝ համաժողովի մասնակից Սփյուռքի ներկայացուցիչները կփորձեին պարզել, թե արդյոք ճի՞շտ էր Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի կապակցությամբ Սերժ Սարգսյանի քայլը, ով հրավեր ուղարկեց Էրդողանին, այն էլ՝ ոտքի վրա բռնացնելով վերջինիս:

Ընդ որում, նախ հրավեր ուղարկեց Թուրքիայի նախագահին, հետո միայն՝ Հռոմի պապին:

Սակայն, որքան էլ զարմանալի է, նման հարցեր համաժողովում չհնչեցին:

Ընդհանրապես, տպավորություն ունենք, որ կարծես Սփյուռքից ընտրված ու համաժողովին ներկա գտնվող այդ մասնակիցներն էլ ՀՀԿ-ական են՝ առնվազն իրենց տեսակով:

Պակաս ուշագրավ չէր համաժողովում Սերժ Սարգսյանի առաջարկը. «Ի դեպ, մի գաղափար եմ ուզում առաջ քաշել և ակնկալում եմ ձեր արձագանքը: Առաջարկում եմ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը 2015թ. վերանվանել «Համահայկական խորհուրդ», որը կդառնա համահայկական հրատապ խնդիրների քննարկման ազգային մշտական հարթակներից մեկը»:

Զարմանալի, եթե չասենք՝ զավեշտական գաղափար:

Այս պարագայում հարց է առաջանում՝ իսկ ինչո՞վ էր ավելի քան 5 տարի զբաղված Սփյուռքի նախարարությունը, եւ եթե ստեղծվելու է «Համահայկական խորհուրդը», ապա այլեւս ի՞նչ իմաստ ունի պահել Սփյուռքի նախարարությունը:

Նույն գործառույթներն իրականացնող երկու կառույցների գոյությունը շռայլություն չէ՞ աղքատ հայրենիքի համար: Մանավանդ, երբ այդ գործառույթները նմանատիպ բովանդակազուրկ միջոցառումներից այն կողմ չեն անցնում: Ինչպես այս օրերին Հայաստանում գտնվող սփյուռքահայերն են նկատում՝ ե՞րբ է վերջ տրվելու այս «ջուրծեծոցիներին», որոնք ավարտվում են բանկետներով (նկատի ունեմ համաժողովը), եւ ե՞րբ է սկսվելու իրական գործակցությանն անցնելու ժամանակը:

Այդ ժամանակը չգիտենք՝ երբ կգա, քանզի համաժողովի ընդունած հռչակագրում, որպես գործակցության առաջնահերթություններ, առաջին կետում նշված է՝ «Հզոր եւ ապահով Հայաստանի կառուցում»: Ամեն ինչ այդպիսով պարզ է. իշխանություններն անցած վեց տարիներին էլ այդ գործով էին զբաղված:

Թե ինչպես էին կառուցում, բոլորին է հայտնի:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը