Մեկնաբանություն

22.09.2014 00:10


«Բերմուդյան եռանկյունին»

«Բերմուդյան եռանկյունին»

Պարզվում է, որ ՀՀ պետական կառավարման համակարգում յուրօրինակ «Բերմուդյան եռանկյունի» են ստեղծել, որտեղ կորում են ՀՀ քաղաքացիների վճարած գումարները։

«Բերմուդյան եռանկյունու» տարածքում հայտնված քաղաքացին ընկնում է քաշքշուկների մեջ, քայքայում նյարդերը, կորցնում ժամանակն ու լրացուցիչ ծախսեր անում։ Եվ դա այն դեպքում, երբ մարդը պարտաճանաչորեն կատարել է իր պարտականությունները։

Բանն այն է, որ վերջին շրջանում ինտենսիվացել են Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) մարմնից ուղարկվող նամակները, որոնց բովանդակությանը ծանոթանալուց հետո քաղաքացիները պարզում են, որ Ճանապարհային ոստիկանության կողմից տեխնիկական սարքերի միջոցով հայտնաբերված տուգանքներն իրենք չեն վճարել, ինչի համար էլ լրացուցիչ տուգանքի են ենթարկվել, և պետք է ներկայանան ԴԱՀԿ, որպեսզի հա՛մ տուգանքի մայր գումարը վճարեն, հա՛մ ԴԱՀԿ–ի ծառայության գումարը վճարեն, համ էլ տույժն ու տուգանքը վճարեն (օրինակ՝ 5.000 դրամով տուգանվածը ստիպված է վճարել 30.000 դրամ)։ Ընդ որում, ԴԱՀԿ–ից քաղաքացուն տեղեկացնում են, որ արգելափակվել են նրա բանկային հաշիվները։

Ամբողջ խնդիրն այն է, որ քաղաքացիներն իրականում վճարել են ՃՈ հայտնաբերած խախտումների համար, բայց բանկային համակարգ–ՃՈ հատվածում այդ գումարները կորել են, կամ էլ այլ խնդիրներ են առաջացել։ Արդյունքում՝ ՃՈ–ն դիմել է ԴԱՀԿ–ին, որպեսզի այդ կառույցը բռնագանձի քաղաքացուց գումար։ Եվ դա այն դեպքում, երբ, կրկնեմ, գումարն արդեն վճարված է եղել։

Քաղաքացիներն այժմ ստիպված են ամիսներ առաջ կատարած վճարումների կտրոնները (եթե, իհարկե, պահել են) տանել ԴԱՀԿ, կոտորվել ու ժամանակ ծախսել հերթերի մեջ, ԴԱՀԿ աշխատողներին ապացուցել, որ պարտաճանաչորեն կատարել են վճարումներն ու սպասել, թե երբ արգելափակման ռեժիմից դուրս կգան իրենց բանկային հաշիվները։

Փաստորեն, ԴԱՀԿ–ԿԲ–ՃՈ «Բերմուդյան եռանկյունու» ներսում խառնաշփոթ է, պետբյուջե վճարված գումարներն անհետացել են, բայց տուժում է քաղաքացին, որին ստիպում են ապացուցել, որ վճարել է, ասենք, նախորդ տարվա տուգանքը։ Դե, իսկ եթե վճարման կտրոնը կորցրած լինես ու մոռանաս, թե որ բանկով ես վճարել, և չգտնես վճարման հավաստիությունն ապացուցող «բարաթը», ապա նախորդ տարվա, ասենք, 5000–դրամանոց տուգանքը ստիպված կլինես վճարել դրա վեցապատիկի չափով։

Թե ով է մեղավոր այս պատմության մեջ՝ Կենտրոնական բա՞նկը, Ճանապարհային ոստիկանությո՞ւնը, թե՞ ԴԱՀԿ–ը, քաղաքացիներին քիչ է հետաքրքրում։ Մարդն ինչո՞ւ պետք է պետական մարմինների դռներն ընկնի ու ապացուցի, որ օրինապաշտ է։

«Բերմուդյան եռանկյունու» ստեղծած վիճակը ոչ այլ ինչ է, եթե ոչ պետական հիմքերի վրա դրված ռեկետ կամ ռեկետի փորձ։

Ահա այսպիսի «Ապահով Հայաստան»։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը