Մեկնաբանություն

22.09.2014 10:55


Քաղաքական կեղծ ելույթների խնդիրը

Քաղաքական կեղծ ելույթների խնդիրը

Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի առթիվ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրել էր տոնական ընդունելություն և ելույթ ունեցել: Նա իրականությանը չհամապատասխանող պնդումներ էր կատարել իր խոսքում՝ հայտարարելով, թե Հայաստանում կա տնտեսական աճ, որը, սակայն, բավարար չէ:

Եթե դիտարկենք տնտեսական աճի թվերը, կտեսնենք, որ իրականում վերջին վեց տարիների ընթացքում տնտեսական աճ, որպես այդպիսին, չի եղել. ընդհակառակը՝ եղել է տնտեսական անկում: Մեր երկրի ՀՆԱ-ն մոտ 1.5 մլրդ դոլարով կրճատվել է՝ 12.07 մլրդ դոլարից հասնելով 10.55 մլրդ դոլարի: Նման ցուցանիշների դեպքում չի կարելի խոսել տնտեսական աճի մասին:

Եթե ՀՀԿ ղեկավարն իր խոսքում տնտեսական աճ ասելիս նկատի է ունեցել 2010թ. սկսած տնտեսական որոշակի դրական տեղաշարժը՝ նոմինալ առումով, ապա նա պետք է հաշվի առներ, որ 2009թ. Հայաստանի տնտեսությունը 14,4 տոկոսով անկում էր գրանցել:

Սարգսյանը նաև խոսել է, այսպես կոչված, մութ ու ցուրտ տարիներից՝ հայտարարելով, թե հայ ժողովուրդը պատերազմից հետո ոտքի կանգնեց և կարողացավ անցնել սովի ու խավարի միջով: Թե ինչքանով արդյունավետ են հաղթահարվել սոցիալական խնդիրները, ցույց են տալիս վիճակագրական թվերը. 2008թ. Հայաստանում աղքատությունը կազմում էր բնակչության 26 տոկոսը, իսկ 2013թ. այն հասավ 37 տոկոսի: Այսինքն, նրա կառավարման տարիներին Հայաստանում աղքատությունն աճեց 11 տոկոսով, որը նշանակում է, որ այս իշխանությունների գործունեության հետևանքով այսօր ավելի շատ մարդ ունի սովը հաղթահարելու խնդիր:

Խոսելով ժողովրդավարության մասին՝ Սարգսյանը նշել է. «Մենք շարունակում ենք առաջ գնալ մարդու ազատությունների երաշխավորման, քաղաքացիական հասարակության ուժեղացման, իշխանության հետևողական բալանսավորման և իրավունքի գերակայության ապահովման ուղղությամբ... Մենք դա անում ենք, քանզի համոզված ենք, որ Հայաստանի զարգացման ճանապարհը ժողովրդավարության ամրապնդման ճանապարհն է»:

Սերժ Սարգսյանը նման հայտարարություն է անում այն դեպքում, երբ իշխանությունն ամբողջովին մոնոպոլիզացվել է իր գլխավորած ՀՀԿ-ի կողմից: Նման պայմաններում խոսել իշխանության բալանսավորման մասին առնվազն անտեղի է:

Սահմանադրական փոփոխությունները, որոնք նախաձեռնել է Ս. Սարգսյանը, և որոնց նպատակն է սեփական իշխանության վերարտադրության ապահովումը, մեծ վտանգ են հենց ժողովրդավարացման գործընթացին:

Հանրապետական խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը վերջերս ասել է, որ սահմանադրական փոփոխություններից հետո Սերժ Սարգսյանը հնարավոր է՝ զբաղեցնի վարչապետի կամ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը: Սա ևս մեկ անգամ փաստում է, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է վերարտադրել իր իշխանությունը, և ուրիշ ոչ մի այլ նպատակ չկա այդ փոփոխությունների հետևում: Սա Հայաստանի ժողովրդավարացման գործընթացին նետված ամենամեծ մարտահրավերն է:

Արմեն Գրիգորյան

Այս խորագրի վերջին նյութերը