Լրահոս

22.09.2014 15:08


Կուրության կանխարգելման տարածաշրջանային կենտրոն Երևանում

Կուրության կանխարգելման տարածաշրջանային կենտրոն Երևանում

Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի նորակառույց շենքում հանդիսավորությամբ բացվեց «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնը»: Այն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և «Հայ ակնաբուժական նախագծի «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն» ծրագրի հիմնական բաղադրիչն է:

Կենտրոնի նպատակն է հիմնել և զարգացնել ակնաբուժական մասնագիտացված ներուժ՝ օժանդակելու Հայաստանում և տարածաշրջանում մանկական կուրության կանխարգելմանը: Նորակառույց շենքում տեղակայված կենտրոնը երեխաներին սպառնացող կուրության հիվանդությունների ակնային վիրահատություններ իրականացնելու բնագավառի առաջամարտիկ է տարածաշրջանում:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը`շնորհավորելով ներկաներին «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնի» բացման կապակցությամբ, նշեց, որ սա եզակի մի նախաձեռնություն է, որը կօգնի բարելավելու համեմատաբար նոր զարգացող ակնային հիվանդությունների դեմ պայքարը և բազմաթիվ նորածինների փրկելու սպառնացող կուրությունից:

«Ուրախ եմ արձանագրելու, որ կարևոր այս նախաձեռնության շուրջ համախմբվել են ոլորտի շահագրգիռ այլ կազմակերպություններ ևս: Հատկանշական է, որ կենտրոնն ամբողջովին կառուցվել է Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի կողմից։ Մի կառույց, որը կոչված է նպաստելու պերինատալ և մանկական հիվանդությունների կանխարգելմանը և բուժմանը, պերինատոլոգիայի զարգացմանը»,- ասաց Վահան Պողոսյանը:

Կենտրոնում կկիրառվեն ինովացիոն մոտեցումներ, ինչը երեխաների կուրության կանխարգելումը Հայաստանում կբարձրացնի նոր մակարդակի: Իսկ ամենավերջին սերնդի սարքավորումների առկայությունը հնարավորություն կտա բարձրացնելու նորածինների խնամքի որակը և տեղում կազմակերպելու բուժանձնակազմի վերապատրաստումները:

Սյս ծրագրի շուրջ համախմբվել են ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի լավագույն մասնագետները: Այսօր կենտրոնում իրականացվում են անհասության ռետինոպաթիայի ակնային զննումներ և բուժում։ Ծրագրվում է անդրադառնալ ոչ միայն ակնային այլ պաթոլոգիաների բուժմանը, այլև շատ կարևոր մեկ այլ խնդրի լուծմանը` անհաս՝ ցածր քաշով ծնված նորածինների հետագա զարգացման հսկողության կենտրոնի ստեղծմանը:

«Ուզում եմ հպարտությամբ փաստել, որ Հայաստանի և սփյուռքի համագործակցության լավագույն օրինակներից մեկը հանդիսացող Հայկական ակնաբուժության նախագծի և նրա գործընկերների շնորհիվ մեր երկրում ունենք միջազգային չափանիշներին համապատասխանող ակնաբուժական ծառայութուններ, վերապատրաստում անցած բարձրակարգ մասնագետներ, ինչը սերունդների առողջության ապահովման կարևոր գրավական է: Շնորհակալություն բոլոր մեր գործընկերներին և աջակիցներին»,- հավելեց նախարարի տեղակալը:

Բարձրորակ վերապատրաստում անցած հայ վիրաբույժների և ԱՄՆ բժիշկների շարունակական համագործակցության շնորհիվ կենտրոնը միտված է Հայաստանում և տարածաշրջանում կուրության կանխարգելման նպատակով բուժման և ծառայությունների մատուցման գերազանցության ապահովմանը:

ՀԱՆ-ի հիմնադիր-նախագահ Ռոջեր Օհանեսյանը համոզմունք հայտնեց, որ տարածաշրջանում եզակի այս կենտրոնը` ունենալով հսկայական ներուժ, կօգնի նաև այլ երկրների բազմաթիվ երեխաների, կնպաստի տարածաշրջանի մասնագետների համագործակցությանը, գիտելիքների փոխանակմանը և վերապատրաստմանը:

«Իսկապես հուզիչ է ունենալ նման եզակի կենտրոն, այստեղ մենք կարող ենք ոչ միայն վիրահատել, այլև համացանցի միջոցով հեռարձակել այդ վիրահատությունը: Սա ԱՄՆ-ի և Հայաստանի բժիշկների միջև լուրջ համագործակցության օրինակ է, որը հնարավոր դարձավ առաջին հերթին բժիշկների համատեղ ջանքերի շնորհիվ»,- փաստեց Օհանեսյանը:

Առանձնակի շնորհակալություն հայտնելով նաև Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Մալայանին և Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին:

Լրագրողների հետ զրույցում Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի տեսողության կենտրոնի տնօրեն Թոմաս Լին հայտնեց, որ կենտրոնի այս վիրահատարանը իր տեսակի մեջ եզակի է:

«Բոլոր սարքավորումներն երեխաների կուրությունը կանխարգելելու համար են: Սրանք ամենաժամանակակից են: Նման բան մենք նույնիսկ ԱՄՆ-ում չունենք»,- ասաց մասնագետը ` տեղեկացնելով, որ արդեն իսկ հայաստանյան վիրաբույժներն արտասահմանյան մասնագետների հետ սկսել են կատարել կուրությունը կանխագելող վիրահատություններ:

Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Փրայս Քլարկը:

ԱՄՆ ՄԶԳ-ն, Հայկական ակնաբուժության նախագիծը և ՀՀ առողջապահության նախարարության հետ, նույն օրը իր աշխատանքները սկսեց նաև 13-րդ միջազգային ակնաբուժական համաժողովը: Երկօրյա համաժողովը կհամախմբի Հայաստանի, Միացյալ Նահանգների, Եվրոպայի և նախկին Խորհրդային Միության երկրների ակնաբուժության տարբեր ոլորտների անվանի փորձագետների՝ խթանելու ակնաբուժությանը վերաբերող տարբեր բնագավառներում տեղեկատվության և փորձի ակտիվ փոխանակմանը:

Համաժողովի երկրորդ օրը նվիրված է ՀԱՆ-ի գործունեությանը և հայ և ամերիկացի բժիշկների, հեղինակավոր մասնագետների և դոնորների բեղմնավոր համագործակցության շնորհիվ ակնաբուժության ոլորտում գրանցած հաջողություններին: Բանախոսները կարևորեցին ՀԱՆ-ի բժշկական կրթական ծրագրերը, ՀԱՆ-ի Աչքի շարժական հիվանդանոցի գործունեությունը, Երևանի ակնաբուժական հոսպիտալներում գործող մասնագիտացված կլինիկաները և այլ ձեռքբերումներ: Համաժողովի շրջանակներում ՀԱՆ-ն ներկայացրեց Orange Հիմնադրամի և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի հետ համագործակցությամբ ստեղծված ակնաբուժության և նորածնային բժշկության օնլայն կրթական ռեսուրսները։

Համաժողովի շրջանակում օտարերկրյա ակնաբույժներն այցելեցին ինչպես այս, այնպես էլ և այցելեցին Հայաստանում ակնաբուժական առաջատար կենտրոններից մեկը՝ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն, ծանոթացան Աչքի շարժական հիվանդանոցի աշխատանքներին:

Այս խորագրի վերջին նյութերը