Լրահոս

22.09.2014 16:43


2013թ. պետբյուջեով հղիության և ծննդաբերության նպաստի ծրագրով նախատեսվածից ավելի է վճարվել 1,927,335.9 հազ.դրամ

2013թ. պետբյուջեով հղիության և ծննդաբերության նպաստի ծրագրով նախատեսվածից ավելի է վճարվել 1,927,335.9 հազ.դրամ

ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հակոբ Հակոբյանի նախագահությամբ սեպտեմբերի 22-ին քննարկվեցին ՀՀ Վերահսկիչ պալատի 2013 թվականի հաշվետվության՝ սոցիալական ապահովության ոլորտի ուսումնասիրությունների արդյունքները:
ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նիստին մասնակցում էին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:
ՀՀ Վերահսկիչ պալատի գլխավոր աուդիտոր Խաչիկ Վարդանյանը ներկայացրեց վերահսկիչ պալատի կողմից ուսումնասիրությունների արդյունքները:
Նա տեղեկացրեց, որ սոցիալական ապահովության ոլորտում կենսաթոշակների վճարման գործընթացում վերջին տարիներին էական առաջընթաց է արձանագրվել: Ոլորտի բարեփոխումների շարունակականությունն ապահովելու, հնարավոր ռիսկերը բացահայտելու եւ կանխելու նպատակով Վերահսկիչ պալատը հաշվետու տարում անդրադարձել է ժամանակավոր նպաստների, մասնավորապես, հղիության եւ ծննդաբերության, ինչպես նաեւ ժամանակավոր անաշխատունակության նպաստի վճարման խնդրին:
Ըստ այդմ՝ 2013թ.ընթացքում ծնված երեխաների թիվը 2012թ. համեմատ պակասել է 710-ով, մինչդեռ վճարվել է 1,391,795.2 հազ. դրամ ավելի գումար, որը մասամբ պայմանավորված է «Եկամտային հարկի մասին» օրենքի փոփոխություններով:
2013թ. պետական բյուջեով հղիության եւ ծննդաբերության նպաստի ծրագրով նախատեսվածից ավելի է վճարվել 1,927,335.9 հազ.դրամ: Պարզվել է, որ հղիության եւ ծննդաբերության նպաստներ նշանակվել են ընդամենը 1-2 ամիս առաջ պայմանագրային աշխատանքի ընդունված հղի կանանց: Հղիության, ծննդաբերության արձակուրդին նախորդած ժամանակահատվածում ակնհայտորեն բարձրացվել են նպաստառուների աշխատավարձը, հավելյալ վճարները եւ մասնավորապես պարգեւատրումները:
2011-2013թթ ընթացքում մի շարք կազմակերպություններում գրանցվել է ժամանակավոր անաշխատունակության նպաստների վճարման ակնհայտ աճ:
Վերահսկիչ պալատի ուսումնասիրության արդյունքներով մի շարք կազմակերպություններ վերջին տարիներին բազմապատկել են ժամանակավոր անաշխատունակության գծով վճարված նպաստների ծավալները:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նկատեց, որ վերջին տարիներին վերահսկիչ պալատի հետ սոցիալական ոլորտում իրականացվող աշխատանքները արդյունավետ են եղել, եւ բազմաթիվ խնդիրներ ստացել են լուծումներ: Արտեմ Ասատրյանը մասնավորապես անդրադարձավ երեխայի ծննդի եւ հետագա խնամքի, ինչպես նաեւ ժամանակավոր անաշխատունակության նպաստի ոլորտներում իրականացվող ծրագրերին:
ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը նշեց, որ 2013 թվականի հաշվետվությամբ սոցիալական ապահովության ոլորտում չկա օրենքի խախտում, կա միայն իրավական դաշտի կարգավորման խնդիր:

Այս խորագրի վերջին նյութերը