Մեկնաբանություն

23.09.2014 14:15


Սահմանադրական փոփոխությունների գնալը Սերժ Սարգսյանի ամենակոպիտ սխալներից է

Սահմանադրական փոփոխությունների գնալը Սերժ Սարգսյանի ամենակոպիտ սխալներից է

Արդեն գրեթե բոլորի համար պարզ է, որ եթե նույնիսկ ինչ–որ հրաշքով Հայաստանում կառավարման համակարգը փոխվի, ապա դրանից հաստատ Սերժ Սարգսյանը չի շահի: Իհարկե, պարզ է նաեւ, որ այսօր կառավարման համակարգի փոփոխությունից չի շահի նաեւ մեր երկիրը: Այնպես որ, այսպես թե այնպես, այսօր սահմանադրական փոփոխությունների անցկացումը հակացուցված է մեր երկրին:

Ավելի քան ակնհայտ է, որ իշխանությունները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, սահմանադրական փոփոխությունները նախաձեռնել են՝ հույսով, որ այն կապահովի իրենց վերարտադրությունը, բայց երբ գալիս է փոփոխությունների ժամանակը, ապա ոչ մի սահմանադրական փոփոխություն էլ օգնության չի կարող հասնել:

Առաջին հայացքից թվում է, թե ամեն ինչ պարզ է: Ներկայացնում են փոփոխությունների իրենց ձեռնտու փաթեթը, այն դնում են հանրաքվեի, իրենց հայտնի մեխանիզմներով կեղծում են արդյունքները, հետո նույն մեթոդներով խորհրդարանական ընտրություններում ապահովում իրենց հաղթանակը: Բայց եթե աշխարհում ամեն ինչ այդքան պարզ լիներ, ապա այսօր սահմանադրական փոփոխությունների նախաձեռնողներն այսքան չէին նյարդայնանա:

Աշխարհում բազմաթիվ օրինակներ կան, որոնք ցույց են տալիս եւ ապացուցում, որ սահմանադրական փոփոխությունները բավարար պայման չեն վերարտադրության համար: Ամենավերջին թարմ օրինակը Վրաստանինն է, երբ Սահակաշվիլին գնաց այդ քայլին՝ հույսով, որ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կհասնի: Արդյունքում նա պարտվեց և հիմա փորձում է խուսափել Վրաստանի իրավապահ համակարգից:

Պարզ է, որ եթե վրացական ընդդիմությունն այդ պահին միավորված եւ ուժեղ չլիներ, ապա կհաղթեր Սահակաշվիլին: Այստեղից հետեւություն՝ որոշիչ են լինելու ընդդիմության քայլերը: Այնպես որ, ուժեղ ընդդիմության պարագայում, եթե նույնիսկ սահմանադրական փոփոխություններ լինեն (ինչն ամեն կերպ պետք է վիժեցնել), վերարտադրությունն իրականություն չի դառնա:

Դժվար չէ պատկերացնել, թե ինչ ծանր վիճակում կհայտնվի ՀՀԿ-ն, եթե խորհրդարանական ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորի Սերժ Սարգսյանը: Դե, այս պարագայում գնա եւ մարդկանց համոզիր քվեարկել ՀՀԿ-ի օգտին կամ ապահովել ՀՀԿ-ի հաղթանակը:

Ինչ վերաբերում է բուն սահմանադրական փոփոխություններին, ապա բանականությունը մեզ պետք է հուշի, որ ներկա իրավիճակում նման քայլի չի կարելի գնալ: Եվ խնդիրն այստեղ խորհրդարանական կառավարման համակարգի լավ կամ վատ լինելը չէ, քանզի փոփոխության գնացողների մոտիվներն այլ են։

Եւ համոզված եղեք, որ եթե հանկարծ Սերժ Սարգսյանը գնա մինչեւ վերջ, ապա Հայաստանում տեղի կունենա այն, ինչ եղավ Վրաստանում: Արդյունքում կտուժեն ե՛ւ Սարգսյանը, ե՛ւ, որ ամենավատն է, Հայաստանը:

Կարելի է կռահել, թե ինչ այլանդակ առեւտրի կգնա ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններից առաջ, որը գաղջն ավելի կշատացնի՝ դրանից բխող բոլոր բացասականն հետեւանքներով, վերջին հաշվով, ոչ բոլորը կարող են դիմանալ այս գաղջին:

Այս փուլում ընդամենը պետք է ազատվել Հայաստանի ֆեոդալականացմանը նպաստող մեծամասնական ընտրակարգից, անցնել համամասնական ընտրակարգի և ապահովել ազատ ու արդար ընտրությունների անցկացումը: Հայաստանի շահը հենց դա է հուշում: Ցանկացած այլ քայլ արկածախնդրություն է, որից պետք է հեռու մնալ:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը