Հարցազրույց

24.09.2014 17:21


Ցուցարարները դիմել են ԲՀԿ–ին

Ցուցարարները դիմել են ԲՀԿ–ին

Հարցազրույց ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանի հետ
-Պրն Մարգարյան, այսօր ԲՀԿ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի հետ կապված առկա դժգոհություններին: Մի՞թե այդ օրենքն իսկապես այդքան վատն է, որ առաջացրել է փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների դժգոհությունը:
-Այդ օրենքի փիլիսոփայությունը իրականում վատը չէ: Շրջանառության հարկը 3.5 տոկոսից իջնում է մեկ տոկոսի: Մենք դրան կողմ ենք քվեարկել: Այս խնդրի վերաբերյալ գրեթե նմանատիպ ձեւակերպում եղել է «քառյակի» կողմից ներկայացված հայտնի 12 կետերում: Որքան հիշում եմ, օրենքի նախագիծը կառավարությանն էր, եւ եթե անկեղծ լինենք, այս քայլը կարող էր լավ նպատակ հետապնդել, բայց պարզվում է, որ այն կիրառման ընթացքում որոշակի գործընթացներ է նախատեսում, որը փոքր եւ միջին բիզնեսին դնում է հարվածի տակ, դարձնում խոցելի: Մասնավորապես, օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո ապրանքների ծագման մասին փաստաթղթերի առկայության բացակայությունը լուրջ պատժամիջոցներ է ենթադրում համապատասխան ձեռնարկության նկատմամբ: Մյուս կողմից, հայտնի է, որ նման փաստաթղթերի ձեռք բերումը փոքր եւ միջին ձեռնարկությունների համար բավական բարդ գործ է: Հետեւաբար, այսպիսի փոփոխություն անելուց հետո անհրաժեշտություն է առաջանում բարելավել ամբողջ սխեման: Ոչ թե փոքր եւ միջին բիզնեսը դառնա թիրախ ստուգող կազմակերպությունների համար, եւ համակարգում առկա բացերն ու թերություններն ընկնեն հենց նրանց վրա, այլ ստեղծվի մեխանիզմ, որը կբացառի այդ ամենը: Փաստորեն, փոքր եւ միջին բիզնեսին օժանդակելու համար բավարար չէ միայն տոկոսային խնդիրները լուծելը, պետք է ստեղծել մեխանիզմ, որ նրանք հանգիստ աշխատեն: Որքան ինձ հայտնի է, ցուցարարներն արդարացիաբար այս եւ նմանատիպ այլ հարցերի դեմ են բողոքում եւ ոչ թե ամբողջ օրենքի:
-ԲՀԿ-ն հայտարարել է, որ անվերապահ աջակցություն է հայտնում ցուցարարներին եւ պատրաստ է ԲՀԿ-ական պատգամավորների մասնակցությամբ աշխատանքային խումբ ստեղծել՝ փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ միասին խնդիրը լուծելու համար: Ինչպե՞ս եք տեսնում այդ աջակցությունը եւ ինչպե՞ս եք պատկերացնում այդ համագործակցությունը:
-Այսօր ցուցարարների ներկայացուցիչները դիմել են մեզ՝ որպես ոչ իշխանական ամենամեծ խմբակցության՝ հաշվի առնելով նաեւ այն, որ մենք մշտապես կարեւորել ենք փոքր եւ միջին բիզնեսի զարգացման հարցը, առաջարկելով քննարկել խնդիրը եւ օժանդակություն ցուցաբերել այս հարցում՝ ակնկալելով նաեւ օրենսդրական լուծումներ: Ինչին մենք անմիջապես արձագանքել ենք՝ հայտնելով մեր աջակցությունն ու պատրաստակամությունը: Պայմանավորվել ենք հենց վաղը հանդիպել իրենց ներկայացուցիչների հետ, լսել իրենց, քննարկել առկա խնդիրները, լսել առաջարկությունները: Այնուհետեւ պատրաստվում ենք լուծման համատեղ սխեմա մշակել: Մենք գտնում ենք, որ հարցն օբյեկտիվորեն գոյություն ունի, եւ կառավարությունը պարտավոր է արագ անդրադառնալ դրան: Օրենքի ընդունումից հետո անհրաժեշտ է ստեղծել ճիշտ աշխատող սխեմաներ, որոնք թույլ կտան այս մարդկանց հանգիստ անցնել իրենց աշխատանքին: ԲՀԿ-ն, կարեւորելով փոքր եւ միջին բիզնեսի կայացմանն ու զարգացմանն ուղղված բոլոր քայլերը, այս դեպքում եւս կանգնած է նրանց կողքին եւ բոլոր հնարավորություններով օժանդակելու է խնդրի լուծմանը:
Աղբյուրը` top-news.am

Այս խորագրի վերջին նյութերը