Քաղաքական

26.09.2014 17:36


Արմեն Մարտիրոսյան. «Մենք՝ բոլորս միասին, իշխանափոխություն ենք անելու»

Արմեն Մարտիրոսյան. «Մենք՝ բոլորս միասին, իշխանափոխություն ենք անելու»

–Երեկ Աբովյանում կայացած հանրահավաքը իշխանություններին այլ ճանապարհ չթողեց, քան սկսել ռեպրեսիվ մեքենան միացնել, անցնել պրովակացիաների,–այս պահին Հրազդանում ընթացող ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի և «Ժառանգության» համատեղ հանրահավաքի ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։

–Իրենք մեղավոր չեն, որ այնպիսի սոցիալական վիճակում են հայտնվել, այնպիսի կախվածության մեջ են իշխանություններից, որ այսօր գալիս են այս հանձնարարությունը կատարելու,–հավելել է նա՝ բնակչությանը հորդորելով չտրվել իշխանության ահաբեկումներին.

–Մենք սկսել ենք մեր պայքարը, իսկ պայքարը բերում է միշտ մի հանգրվանի՝ պետք է լինի միասնություն և համախմբվածություն։ Մենք այսօր այդ միասնությունն էլ ունենք, համախմբվածությունն էլ ունենք, և, միանշանակ, առաջ ենք ընթանալու։ Մենք ունենք հայրենիքը փրկելու խնդիր, մեր քաղաքացուն իր հայրենիքում տիրոջ կարգավիճակում վերականգնելու խնդիր, և մենք դա կյանքի ենք կոչելու մինչև վե՛րջ։

Ա. Մարտիրոսյանը նաև անդրադարձել է Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակելու փաստին՝ դա անվանելով հարված մեր ինքնիշխանությանն ու արժանապատվությանը։

–Հարված է Հայաստանի ազատությանը, որովհետև օրը ցերեկով գնդապետին գնդակահարած մարդն իրավունք չունի մարզպետի կոչում ունենալ։ Սա մեր անվտանգությա՛նն է հարված,–նշել է Ա. Մարտիրոսյանը։

Նա ընդգծել է, որ միասնությունն է ապահովելու հաղթանակը, և այդ միասնությունն իրենք այժմ ունեն։

–Մենք՝ բոլորս միասին, իշխանափոխություն ենք անելու։ Այսօր մենք որևէ մեկի դեմ պայքար չենք ծավալում. մենք պայքարում ենք առաջին հերթին հանուն Հայաստանի, հանուն Ղարաբաղի։ Պատահական չէ, որ այստեղ չեք տեսնում որևէ կուսակցության դրոշ. միայն եռագույնն է, ուրեմն՝ Հա–յաս–տա՜ն,–եզրափակել է Ա. Մարտիրոսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը