Կարծիք

27.09.2014 11:52


Եկել է ժամանակը, որ Սյունիքը նորից դուրս գա պայքարի

Եկել է ժամանակը, որ Սյունիքը նորից դուրս գա պայքարի

Վաղը՝ սեպտեմբերի 28-ին, «եռյակի» հերթական մարզային հանրահավաքն է։ Այն տեղի է ունենալու իր մարզպետով հայտնի Սյունիքի մարզում՝ Սիսիան և Կապան քաղաքներում։
Թեև 21-րդ դարն է, բայց նժդեհական երբեմնի ազատ ու մարտնչող Սյունիքը վերածվել է ֆեոդալական մի բնակավայրի։ Իրենց իրավունքների համար երբեմնի մարտնչող, ազատ հոգու տեր սյունեցիները կքել են վախի մթնոլորտում։ Դիտելով այդ տեսանյութը՝ եկա այն եզրակացության, որ գավառամտությունն այս իշխանության այցեքարտն է։
Վերանշանակել եք (իսկ սրա մասին խոսվել է և դեռ երկար կխոսվի), գիտենք՝ ինչ նպատակով, բայց խնջույք կազմակերպելու ու մարդկանց ստորացնելու ի՞նչ կարիք կար։ «Իշխանական մենեջեր» կոչվածները գոնե հասկանո՞ւմ են, որ նման քայլից՝ «աղ ու հացով» Լիսկային դիմավորելուց, Հյուսիսային Կորեայի ու նախկին Սովետի հոտ է գալիս։
Վաղը սյունեցիներն առիթ ունեն թոթափելու վախի զգացումը, մեկ մարդու պես գնալու կանգնելու «եռյակի» կողքին՝ պայքարելու ազատ Սյունիքի, սեփական արժանապատվության համար։ Գնալ ու ապացուցել, որ մեծն Նժդեհի արժանի հետնորդներն են։

Սյունիքը Հայաստանի համար ռազմավարական նշանակության ունեցող մարզ է։ Ինչպես գիտենք, ամեն տեսակ ֆեոդալական ու բռնատիրական դրսևորումները հիմքից հիվանդ են ու փտած։ Սյունիքին «նոր արյուն» է հարկավոր, իսկ դրա միակ միջոցը պայքարն է, պայքար լիսկայացման ու իշխանության վերարտադրման՝ սահմանադրական փոփոխությունների դեմ։
Նժդեհը երազում էր ազատ Սյունիքի մասին և իրականացրեց դա։ Նա տանել չէր կարողանում թուրքանման հայերին ու ստրկամիտներին։
Այն, որ ՀՀԿ–ն՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, Լիսկայի ու Նժդեհի միջև հավասարության նշան է դրել՝ ակնհայտ է։ Հուսանք՝ բարոյալքված իշխանությունը չի հասցրել այդ հատկանիշով պարուրել նաև Սյունիքի բնակիչներին։ Եկել է ժամանակը, որ Սյունիքը նորից դուրս գա պայքարի՝ հանուն սեփական ազատության։

Աննա Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը