Մեկնաբանություն

29.09.2014 13:12


Ովքե՞ր են մեղավոր Սյունիքի մարզպետի նշանակման համար

Ովքե՞ր են մեղավոր Սյունիքի մարզպետի նշանակման համար

Սուրիկ Խաչատրյանին Սյունիքում աղուհացով «դիմավորելու» շոուն ու մեդիայով դրա լուսաբանումը նպատակ ուներ ստեղծել պատկերացում, թե նրա վերանշանակման մեղավորը հենց շոուին մասնակցած մարդիկ են, այլ ոչ թե Սերժ Սարգսյանը՝ բուն նշանակողը, որը Սյունիքի մարզպետի նշանակման պահին Կոլումբիայի համալսարանում պատրաստվում էր դասախոսության կարդալ Հայաստանի նոր ձեռքբերումների և կրթված կադրերի մասին:

Շոուն հաջողվեց. հայտնվեցին, այսպես կոչված, արժեհամակարգի ջատագովներ, որոնք ասացին, թե Սուրիկ Խաչատրյանի վերանշանակման պատասխանատուն հենց այդ մարդիկ են՝ Սյունիքի բնակիչները, և եթե նրանք ունենային այլ արժեհամակարգ, ապա Սուրիկ Խաչատրյանը չէր վերանշանակվի Սյունիքի մարզպետ:

Արժեհամակարգի «տեսության» ջատագովները սյունեցիներին դարձրին քավության նոխազ, մինչդեռ իրականում կատարվածում մեղավոր է ընդամենը մեկ սյունեցի, որը Տեղ գյուղից է:

Ենթադրվում է, որ «արժեհամակարգիստները» և՛ ազդված են մեդիահրապարակումներից, և՛ լավ չեն պատկերացնում Հայաստանի կառավարման մոդելը:

Մարզպետերին, այս մասնավոր դեպքում՝ Սուրիկ Խաչատրյանին, մարզպետի պաշտոնում նշանակելու որոշումը կայացնում է Կառավարությունը, իսկ վավերացումը տեղի է ունենում Սերժ Սարգսյանի ձեռամբ. փաստ է, որ գրեթե ողջ իշխանական բուրգը պաշտպանում է Սուրիկ Խաչատրյանին, իսկ համակարգի ներկայացուցիչները վերևի հրահանգով արդարացված են համարում այդ որոշումը: Այդ ամենից հետո այդ շոուին մի քանի մասնակցի պատճառով սյունեցիներին թիրախ դարձնելն արդար չէ, և ավելի մեծ անարդարություն է շոուի մասնակիցներին նշանակման մեղավոր համարելը:

Երբ վերջին երկու համապետական ընտրությունները կեղծվեցին իշխանությունների կողմից, կրկին Բաղրամյանի 26-ի վերահսկողության տակ եղած լրատվամիջոցները հիմնականում լուսաբանեցին կաշառք վերցնելու պահերը ու փորձեցին հանրության վրա գցել կեղծիքների ամբողջ պատասխանատվությունը: Նրանք լուռ մնացին լցոնումների, կեղծ անձնագրերով ընտրությունների, հանձնաժողովներում ու Կենտրոնական ընտրական հանձնաժողովում թվանկարչությունների և այլ խախտումների վերաբերյալ:

Իրականում ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ հանրությունն ադեկվատ է:

2013թ. նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը «խփել» է մոտ 860 000 ձայն, իսկ մնացած թեկնածուները միասին՝ մոտ 610 000 ձայն: 610 000 ձայնի համար ընտրողները գումար չեն ստացել, մարդիկ իրենց ընտրությունը կատարել են՝ ըստ իրենց ցանկության:

Սերժ Սարգսյանն իր ձայների մեծ մասը ձևավորել է կեղծ անձնագրերի, թվանկարչության, լցոնումների և այլնի միջոցով, եթե այդ թվերը հանենք ընդհանուր ձայների քանակից, ապա Սերժ Սարգսյանին ձայն տվածների թիվը՝ գումարած փողով ձայն տվածները, ստացվում է բավական փոքր: Սա նշանակում է՝ եթե պետական ապարատը չմասնակցեր կեղծիքներին, ապա Սերժ Սարգսյանը հաստատ կպարտվեր կամ առնվազն կլիներ ընտրությունների երկրորդ փուլ։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ չբացառելով ընտրակաշառք վերցնողների առկայությունը՝ ընդհանուր առմամաբ, հանրությունը քաղաքականապես հասուն է և բավական ադեկվատ:

Հայաստանում խնդիրը ոչ թե հասարակությունն է, այլ կառավարման համակարգը: Կառավարման համակարգի թերությունները շտկելու դեպքում հասարակությունը ոչ միայն օրինական վարքագիծ կունենա, այլ կեղծարարները պատմության աղբանոց կուղարկվեն:

Արմեն Գրիգորյան

Այս խորագրի վերջին նյութերը