Մեկնաբանություն

30.09.2014 13:25


Անհավանական հեքիաթ մեծահասակների համար

Անհավանական հեքիաթ մեծահասակների համար

ՀՀ ոստիկանապետը կատարած խախտման համար տուգանքը վճարել էր, բայց նրա բանկային հաշիվները ԴԱՀԿ–ը սառեցրեց...

Պարզվեց, որ ոստիկանապետի մուծած տուգանքը ոչ մի տեղ չի երևում, և նա նույն տուգանքի համար կրկին պետք է մուծում կատարի կամ էլ ապացուցի, որ ժամանակին մուծել է։

Ոստիկանապետը գնում է ԴԱՀԿ... ու քար կտրում։ Երկու–երեք սպասարկող սեղանիկներ, պճնված աչոնիկներ ու նմանատիպ բողոքներով ահռելի քանակությամբ մարդիկ։

Ժամեր են անցնում, մինչև ոստիկանապետը հասնում է սեղանիկին... Բորբոքված ասում է, թե ինչու մի տուգանքի համար կրկնակի (ոստիկանապետի բախտը բերել էր. մարդիկ կային՝ եռակի, քառակի, անգամ՝ նույն տուգանքի կտրոնն էին ստանում) պետք է մուծեմ։ Անփորձ աչոնիկը պատասխանում է, թե անդորրագիրը ցույց տվեք։ Ոստիկանապետը չէր հիշում, թե ուր էր խցկել ամիսներ առաջ մուծածի դիմաց ստացած անդորրագիրը...

Կամ, ասենք, ՀՀ ոստիկանապետը գնում է անձնագիր ստանալու... Նույն ահռելի հերթը, ու ընկնում է Դոնարայի (նրանք բոլորը Դոնարա են) ձեռքը... Ոստիկանապետի նյարդերն այլևս չեն դիմանում...

. . .

ՀՀ գյուղատնտեսության նախարարը «էլիտար» սերմնացու է ստանում։ Ցանում է, ոչինչ չի աճում։ Ոռոգման ջուրն անընդհատ կտրում են, կամ այն ընդհանրապես շաբաթներով չկա։

Անասունները հիվանդ են. պետք է սատկացնել։ Փոխհատուցումը կամ կոպեկներ են, կամ ընդհանրապես չկա...

Ամբողջ գյուղում մեկ տեխնիկա է. դիզվառելիք չկա։ Օգնության կարգով տրվող բրինձը կամ ձեթն էլ հասնում են միայն հանրապետականներին... Գյուղնախարարը պարտքերի ու վարկերի տակ է... Նրա նյարդերն այլևս չեն դիմանում...

. . .

ՀՀ արդարադատության նախարարը գնում է դատարաններ, լսում է դատական գործերը, իմանում իրողությունն ու տեղեկանում, որ Սուրիկ Խաչատրյանը վերանշանակվել է Սյունիքի մարզպետի պաշտոնում։ Արդարադատության նախարարի նյարդերը չեն դիմանում, բայց նա շարունակում է աշխատել իր էնտուզիաստ թիմի հետ։

. . .

ՀՀ սոցիալական ապահովության նախարարը միայն աշխատավարձով է ապրում ու հանկարծ տեղեկանում է, որ իր աշխատավարձից նոր պահում է կատարվելու կենսաթոշակային հիմնադրամին։ Սոցապ նախարարն ինքնասպան է լինում։

. . .

ՀՀ կրթության և գիտության նախարարը որոշում է վերջապես ծանոթանալ դպրոցում և բուհերում տիրող մթնոլորտին։ Ծանոթանում է ու պոկում կուսակցական «զնաչոկը»։

. . .

Երևանի քաղաքապետը արթնանում ու հասկանում է, որ ոչ թե ընտրված է, այլ նշանակված՝ ասֆալտ փռելու, այն քանդելու ու նորից փռելու համար... Մի տեսակ նեղվում է... Հասկանում է, որ սիրուն չէ, բայց դե, իրեն «Տարոն ջան» են նշանակել ոչ թե ամեն ինչ հասկանալու, այլ չհասկանալու համար։

. . .

Միջին օղակների չինովնիկները հանկարծ պարզում են, որ «բորենիներ» են։ Եթե ՍԴ նախագահն է նման բան ասում, ուրեմն մի բան գիտի։

«Եթե մենք բորենի ենք, բա դուք ի՞նչ եք»,– մտածում են միջին օղակների չինովնիկներն ու նեղվում...

. . .

Մի խոսքով, երկրի բարձրաստիճան պաշտոնյաները, չինովնիկները, մանր ու միջին կառավարիչները նեղված ու նյարդայնացած գնում են տուն ու միացնում հեռուստացույցը։ Սերժ Սարգսյանը խոսում է «մարդակենտրոնությունից», ունեցած ձեռքբերումներից, սահմանադրական փոփոխություններից ու մի տեսակ աչքով տալիս... Նեղված բարձրաստիճան պաշտոնյաները, չինովնիկները, մանր ու միջին կառավարիչներն է՛լ ավելի են նյարդայնանում... Այստեղ արդեն հեքիաթն ավարտվում է։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը