Քաղաքական

30.09.2014 18:16


Վահե Հովհաննիսյան. « Ինչո՞ւ պատրաստենք մեր հասարակություններին պատերազմի՝ խաղաղության փոխարեն»

Վահե Հովհաննիսյան. « Ինչո՞ւ պատրաստենք մեր հասարակություններին պատերազմի՝ խաղաղության փոխարեն»
Վահե Հովհաննիսյանի ելույթի տեքստը հանձնվել է ԵԽԽՎ քարտուղարություն` պաշտոնական հրապարակման նպատակով
Հարգելի գործընկերներ
Ակնհայտ է, որ Եվրոպան պետք է վերանայի իր «կամ Եվրոպայում, կամ՝ Եվրոպայից դուրս» քաղաքականությունը:Մենք պարզ տեսնում ենք, որ այս քաղաքականությունը տանում է լուրջ ցնցումների ԵՄ հարևան երկրների ու հասարակությունների ներսում: Կան պատմական, մշակութային, տնտեսական, էթնիկ խնդիրներ, որոնք անհնար է անտեսել: Արևելյան գործընկերության ծրագիրը պետք է ուղղված լինի երկրներն ու հասարակությունները կամրջելուն: Այսօր, փոխարենը, մենք բարիկադներ ենք դնում:
Այսօրվա Եվրոպան կառուցվել է կամուրջների ու փոխզիջումների գաղափարի վրա: Սակայն այսօր այն դիտվում է որպես աշխարհում նոր բարիկադների նախաձեռնող: Եվրոպայի իրական նպատակը սա չէ: Մենք պետք է բավարար ճկունություն ցուցաբերենք՝ փոխելու ցանկացած մոտեցում, որ աշխարհին բերում է նոր վարագույրներ ու նոր մեկուսացված կետեր:
Այսօրվա Եվրոպայում կան գործող և պոտենցիալ լարվածության օջախներ: Դրանք չեն ձևավորվել հանկարծակիորեն, այլ՝ միջազգային հանրության հայացքի առաջ՝ վերջինիս կողմից թերագնահատվելով: Հաճախ՝ գիտակցաբար:
Այսօր, օրինակ, Հարավային Կովկասում ձևավորվում է լարվածության նոր ալիք: Այնտեղ տարածաշրջանի երկրներից մեկը նախաձեռնել է սպառազինությունների իսկական մրցավազք՝ միլիարդավոր եվրոներ ծախսելով նոր զինամթերքի ձեռքբերման վրա: Այդ երկրի նախագահի ելույթներում, հաճախ են հանդիպում քսենոֆոբիայի տարրեր, ատելության արտահայտություններ, որոնք բերում են տարածաշրջանում լարվածության աճման: Նախորդ նստաշրջանին մենք, ցավոք, բաց թողեցինք հնարավորությունը՝ կարևոր հարցեր ուղղելու նրան:
Մենք կարող էինք հարցնել նրան՝ ինչո՞ւ պատրաստենք մեր հասարակություններին պատերազմի՝ խաղաղության փոխարեն, անհանդուրժողականության՝ հանդուրժողականության փոխարեն, հավերժ թշնամության՝ ապագա փոխշահավետ համագործակցության փոխարեն: Ինչո՞ւ տարածել սպառնալիքներ՝ քաղաքացիական օդանավերը նշանառելու:
Եվ ինչո՞ւ այս՝ լարվածություն առաջացնող ու պատերազմ հրահրող կոչերը, որպես կանոն, հնչեցվում են պետության ղեկավարի կողմից, այնպիսի վայրերում, ինչպիսին այս վեհաժողովն է՝ քողարկված որոշ կեղծ ժողովրդավարական, բարոյական կամ էթիկական արժեքների տակ:
Այսօր Ադրբեջանը ցանկանում է ուժով իրեն ենթարկեցնել Լեռնային Ղարաբաղը: Մի երկիր, որն ապրում է խաղաղ, ժողովրդավարական կյանքով: Այսօր, երբ ողջ միջազգային հանրությունը՝ ներառյալ՝ ԱՄՆ նախագահ Օբաման, եվրոպական կառույցները, խստորեն դատապարտում են Ադրբեջանում մարդու իրավունքների ու ժողովրդավարության վիճակը, այստեղ՝ այս դահլիճում, մենք ականատես ենք ակնհայտորեն նավթահոտ զեկույցների անցկացման փորձերի:
Թույլ տվեք բերել ընդամենը մի քանի օրինակ. այն պարագայում, երբ Ադրբեջանում անկախ հասարակական կազմակերպությունները ճնշվում են, անկախ խմբագիրները բանտարկվում են և կուսակցական գործիչներ են հետապնդվում, Ղարաբաղում գործում է մոտ 210 գրանցված ՀԿ, ավելի քան 30 գրանցված լրատվամիջոց և 11 քաղաքական կուսակցություն:
Կարծում եմ՝ բոլորս պետք է համաձայնենք, որ այն ազդեցության լծակները, որոնք ծնում է որոշ բնական պաշարների առկայությունը երկրում, երբևէ չեն կարող ծառայել որպես արդարացում՝ մարդու իրավունքների ոտնահարման կամ պատերազմի սպառնալիքների հնչեցման համար:
Վահե Հովհաննիսյան
Հայաստան

Այս խորագրի վերջին նյութերը