Քաղաքական

01.10.2014 16:58


ՀՀ կառավարության պատասխանը «Քառյակի» 12 կետերին

ՀՀ կառավարության պատասխանը «Քառյակի» 12 կետերին

Հաշվի առնելով հանրային լայն հնչեղություն ունեցող հարցի կարևորությունը, ՀՀ Ազգային ժողովի 4 խմբակցությունների կողմից 2014 թվականի հունիսի 3-ին ընդունված համատեղ հայտարարությունում առաջադրված հարցերի մասին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ գրությունը և ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանի ու ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի հարցումը՝ ՀՀ կառավարությունը ստորև ներկայացնում է հետևյալ պատասխանը.
«Հարգելի պարոնայք.
Ձեր՝ ՀՀ կառավարությանն ուղղված ՀՀ Ազգային ժողովի 4 խմբակցությունների կողմից 2014 թվականի հունիսի 3-ին ընդունված համատեղ հայտարարությունում առաջադրված հարցերի մասին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ գրությունը, ի գոհունակություն գործադիր իշխանության, ևս մեկ անգամ վկայում է որ Ազգային ժողովի ընդդիմադիր և այլընտրանքային խմբակցությունները ուշադիր կերպով հետևում են կառավարության ծրագրի կատարման ընթացքին ու, թեև տարօրինակ ձևաչափով, այնուամենայնիվ ցանկանում են իրենց ակտիվ մասնակցությունը բերել կառավարության կողմից հանրային օրակարգ բերված հարցերի քննարկմանը և լուծմանը: Մասնավորապես, հայտարարությունում նշված հարցերի.
- մի մասը Կառավարությունն իր նախաձեռնությամբ քննարկել է գարնանը և արդեն իսկ իրագործել է հունիսին,
- մի մասը վերցված է Կառավարության ծրագրից, սակայն ոչ թե առաջարկվում է դրանց իրատեսաբար՝ միջինժամկետում կատարումը, այլ դրվում է դրանց անմիջապես իրականացման անհնարին և կատեգորիկ պահանջ,
Վերոնշյալ հայտարարության մնացած դրութներն էլ կամ առաջարկում են պետական բյուջեն անմիջապես դնել աննախադեպ ծախսերի տակ, կամ էլ բազմիցս քննարկվել են և հակասում են միջազգային իրավական ստանդարտներին, կամ դուրս են գործող սահմանադրական շրջանակներից, և այլն:
Թեև հանրային քաղաքական օրակարգին գաղափարական հստակ հենք չունեցող բարի ցանկությունների և անիրատեսական ու կատեգորիկ պահանջների անկանոն միահյուսման միջոցով մասնակցության ձևը միշտ էլ նվազ արդյունավետ է քան ընդդիմադիր, սակայն գործընկերային հարաբերություններով հանրությանը հուզող հարցերի մշակմանը ձեռնամուխ լինելը, մենք այնուամենայնիվ ողջունում ենք ԱԺ ընդդիմադիր և նտրանքային խմբակցությունների առավել առարկայական հետաքրքրությունը կառավարության գործունեության կոնկրետ ոլորտների նկատմամբ: Քանի որ նշված փաստաթղթի ծրագրային բաղադրիչի բացակայությունն անիմաստ է դարձնում հայտարարության՝ որպես միասնական քաղաքական փաստաթղթի անդրադառնալը, ստորև ուղղակի շարադրված են հայտարարության կետերի առնչությունները ՀՀ կառավարության ծրագրին և որդեգրած քաղաքականությանը:
1. Հանել պարտադիր կուտակային բաղադրիչը, աշխատավարձերից կատարված պահումները վերադարձնել ժողովրդին, ամբողջությամբ կատարել Սահմանադրական դատարանի 2014 ապրիլի 2-ի որոշումը, նոր համակարգը ձևավորել հասարակության բոլոր շերտերի ընդգրկմամբ և կամավոր կուտակային բաղադրիչը ներդնելու սկզբունքով:
Առաջարկի առաջին մասի հետ կապված հայտնում ենք, որ ՀՀ սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի ՍԴՈ-1142 որոշման 7-րդ կետով համակարգային առումով իրավական անվտանգությունը չխաթարելու նպատակով ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանվել 2014 թվականի սեպտեմբերի 30-ը, հնարավորություն տալով ՀՀ Ազգային ժողովին և ՀՀ կառավարությանը, իրենց իրավասությունների շրջանակներում, «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված օրենքների և նորմատիվ իրավական ակտերի կարգավորումները համապատասխանեցնել այդ որոշման պահանջներին:
2014 թվականի հունիսի 21-ին «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-67-Ն օրենքով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը շարադրվել է նոր խմբագրությամբ: Դրա հետ ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ընդունվել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից և ամբողջովին համապատասխանում է Սահմանադրական դատարանի որոշմանը, ավելին, քայլ է արված համակարգն աստիճանաբար ներդրման միջոցով մեղմել տարբեր խավերի մոտ նոր համակարգին անցման խնդիրները:
Ինչ վերաբերում է առաջարկի` կենսաթոշակային կուտակային բաղադրիչը միայն կամավոր սկզբունքով և հասարակության բոլոր շերտերի ընդգրկմամբ սահմանելուն, ապա տեղեկացնենք, որ խնդիրը բազմիցս քննարկվել է թե՚ կենսաթոշակային բարեփոխումների օրենսդրական փաթեթի մշակման փուլում, թե՚ դրանից հետո: Ինչպես ցույց է տալիս աշխարհի փորձը, կամավոր սկզբունքով կենսաթոշակային կուտակումների միջոցով հնարավոր չէ ապահովել բնակչության մեծ մասի ընդգրկումը համակարգում, ինչն էլ նշանակում է, որ միայն կամավորության սկզբունքով գործող կուտակային համակարգի դեպքում բնակչության կենսաթոշակային խնդիրը կմնա չլուծված՝ միաժամանակ էապես ավելացնելով բեռը պետական բյուջեի վրա:
Հարկ է նշել, որ կամավոր կուտակային կենսաթոշակային բաղադրիչը գործում է 2011թ. հունվարի 1-ից և 2014թ. մայիսի 31-ի դրությամբ ունի ընդամենը 496 մասնակից` 10.9 մլն ակտիվների ընդհանուր ծավալով, ովքեր կազմում են վարձու աշխատողների ընդհանուր թվի մինչև 0.1-ը: Հետևաբար միայն կամավոր սկզբունքով բնակչությանը կուտակային համակարգում ընդգրկման ծածկույթը մեծացնելու համար կպահանջվի լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ և հարկային արտոնություններ, որոնք նույնպես ծախս են համարվում պետական բյուջեի համար` չստացված եկամտի տեսքով: Ընդ որում, եթե պարտադիր կուտակային բաղադրիչի դեպքում 2014թ. պետական բյուջեով նախատեսվում է ֆինանսավորել շուրջ 20.6 մլրդ դրամ, ապա կամավոր համակարգին բնակչության մասնակցության խթանման համար մի քանի անգամ ավելի մեծ ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ լինելու, որոնց արդյունավետությունը ներկայումս դժվար է գնահատել:
Ինչ վերաբերում է պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչին 1974թ.-ի հունվարի 1-ին և դրանից հետո ծնվածների` որպես պարտադիր մասնակից ընտրությանը, ապա այն պայմանավորված է կատարված հաշվարկներով, որոնց համաձայն անհրաժեշտ է նվազագույնը 23 տարի կատարել կուտակային վճարումներ, որպեսզի կենսաթոշակային տարիքում մասնակցի կենսաթոշակը կազմի մասնակցի միջին աշխատավարձի 45-55%-ը, իսկ ավելի բարձր տարիքային շեմ սահմանելու դեպքում մասնակցի միջին աշխատավարձ-սպասվող կենսաթոշակ հարաբերակցությունը կլինի անհամեմատ փոքր, չի ապահովի մասնակցի սպասվող արդարացի կենսաթոշակը և ի չիք կդարձնի կենսաթոշակային բարեփոխումների նպատակը` պատշաճ կենսաթոշակ ապահովել կենսաթոշակառուների համար, ինչպես նաև ապահովելով ուղղակի կապ ստացած աշխատավարձի և կենսաթոշակի չափի միջև:
2. Վերանայել տեսանկարահանող սարքերի ու «կարմիր գծերի» համակարգը, դրանց կատարման ընթացքում պետական և համայնքային բյուջեի տեսակարար կշիռը հասցնել 75 տոկոսի, սահմանել, որ տուգանքների առավելագույն չափերը չեն կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 10%-ը:
Հայտնում ենք, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համաչափության խնդիրը մշտապես գտնվել է կառավարության օրակարգում, և ՀՀ վարչապետի դեռևս 2014 թվականի մարտի 27-ի N 303-Ա որոշման հիման վրա ստեղծված աշխատանքային խումբը ուսումնասիրել է ճանապարհային երթևեկության կանոնների հաճախակի խախտումների դեպքերի, թվի, դրանց համար կիրառվող տուգանքների չափերի վիճակագրությունը, դրանց վերաբերյալ միջազգային փորձը, ինչի արդյունքում ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2014 թվականի հունիսի 21-ին ՀՕ-78-Ն ՀՀ օրենքը, ինչն էլ բավարար չափով կարգավորել է խնդրո առարկան:
Տեղեկացնում ենք, որ 2013 թվականի հոկտեմբեր ամսից տեսանկարահանող սարքերի համակարգի սպասարկումն իրականացնող կազմակերպության և պետական բյուջեի մուտքերի տոկոսային հարաբերակցությունը 70/30֊ի փոխարեն սահմանվել է 50/50: Ներկայումս քննարկվում է նշված հարաբերակցությունը տրամաբանության շրջանակներում կրկին փոփոխելու հարցը՝ հաշվի առնելով, իհարկե, տվյալ կազմակերպության նորմալ կենսագործունեության համար անհրաժեշտ ներդրումների, ինչպես նաև տեսանկարահանող սարքերի համակարգի շահագործման և պահպանման ծախսերի չափը:
Ինչ վերաբերում է ճանապարհային երթևեկությսւն ոլորտում կատարվող իրավախախտումների համար սահմանված տուգանքների չափերը նվազագույն աշխատավարձի 10%-ը չգերազանցելու վերաբերյալ առաջարկությանը, ապա հայտնում ենք, որ երթևեկության անվտանգության ոլորտում ճանապարհային ոստիկանության կողմից ներկայումս կիրառվող տուգանքների 70%-ի չափը՝ ըստ իրավախախտումների տեսակների պակաս է նվազագույն աշխատավարձի 10%-ից կամ գրեթե հավասար դրան (3000-5000 դրամ): Նշված տուգանքների 20-25%-ի չափը կազմում է նվազագույն աշխատավարձի 20-35%-ը, և 5%-ի չափը գերազանցում է նվազագույն աշխատավարձի 35%-ը: Բարձր տուգանքները նախատեսված են դիտավորությամբ կատարվող իրավախախտումների համար, մասնավորապես, ոչ սթափ վիճակում, վարելու իրավունքից զրկված անձի կողմից կամ առանց հաշվառման համարանիշերի տրանսպորտային միջոցը վարելու համար, ինչպես նաև սահմանված թույլատրելի առավելագույն արագությունը 61 կմ/ժ և ավելի արագությամբ գերազանցելու (օրինակ՝ Երևան քաղաքում 121 կմ/ժ) համար: Նման վտանգավոր խախտումների համար տուգանքների շեշտակի նվազեցումը թե´ ամբողջովին հակասում է առաջավոր միջազգային փորձին, որտեղ, օրինակ, ոչ սթափ վիճակում ավտոմեքենան վարելու համար տուգանքներն էապես գերազանցում են նվազագույն աշխատավարձը, թե´ բացատրելի չէ ՀՀ-ում նման խախտումների կանխարգելման քաղաքականության տեսակետից:
3. Առնվազն երեք անգամ նվազեցնել «Շրջանառության հարկ»-ի դրույքաչափերը, ըստ մարզերի համաչափ զարգացման՝ առաջիկա 3 տարիների համար փոքր շրջանառություն ունեցող սուբյեկտների համար շրջանառության հարկի դրույքաչափերը զրոյացնել: Շրջանառության առավելագույն շեմը՝ մոտ 58 միլիոն դրամից դարձնել 150 միլիոն դրամ, արտոնագրային վճարներով սահմանված 9 միլիոնը դրամը՝ 15-ի: Հանել սահմանի վրա ավելացրած արժեքի հարկը:
Այս առաջարկությունները միայն հատվածաբար են անդրադառնում կառավարության՝ հարկային ոլորտում իրականացվող ավելի լայն շրջանակով իրականացվող բարեփոխումներին: Կառավարության 25.09.2014 թ. նիստում հաստատված հարկային արտոնությունների փաթեթն, օրինակ, էապես նպաստում է ձեռնարկությունների մոտ շրջանառու միջոցների ձևավորմանը, ստեղծում աննախադեպ հիպոթեկային խթաններ, և այլն: Ավելի մանրամասն, նշված կետերի վերաբերյալ.
Շրջանառության հարկի դրույքաչափերն առնվազն երեք անգամ նվազեցնելու վերաբերյալ.
1. Միայն շրջանառության հարկի դրույքաչափի նվազեցումն անընդունելի է և դրույքաչափի նվազեցումը պետք է կատարվի ձեռքբերումները պարտադիր փաստաթղթավորելու պահանջի ներդրմամբ: Տնտեսությունում կատարվող գործարքների լիարժեք փաստաթղթավորման արդյունքում հնարավոր կլինի ոչ միայն փոխհատուցել փոքր և միջին ձեռնարկատերերի կողմից վճարվող հարկերի նվազումը, այլև հարկման դաշտ բերել խոշոր ձեռնարկատիրության իրական շրջանառությունները:
Սույն թվականի հունիսի 21-ին ՀՀ Ազգային Ժողովն ընդունել է կառավարության ներկայացրած «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների փաթեթը, մասնավորապես, ավելի քան երեք անգամ նվազեցնում է առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների համար շրջանառության հարկի դրույքաչափը՝ 3.5 տոկոսի փոխարեն սահմանելով 1 տոկոս և զուգահեռաբար սահմանել կատարվող ձեռքբերումները փաստաթղթերով հիմնավորելու պարտադիր պահանջ:
Փոքր շրջանառություն ունեցող տնտեսավարող սուբյեկտների մասով, ըստ մարզերի համաչափ զարգացման, առաջիկա երեք տարիների համար շրջանառության հարկի դրույքաչափի զրոյացման վերաբերյալ.
Փոքր շրջանառություն ունեցող տնտեսավարող սուբյեկտների համար հարկման առավել բարենպաստ միջավայր ստեղծելու նպատակով, վերոնշյալ օրենսդրական ներդրվել է ընտանեկան ձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգ` այդ համակարգում ընդգրկվող բոլոր տնտեսավարող սուբյեկտներին ազատելով հիմնական պետական հարկերից: Ընդ որում, այդ համակարգը կիրառելի է հանրապետության ամբողջ տարածքում` առանց տարածքային պատկանելիության սահմանափակումների: Նշյալ համակարգից կարող են օգտվել այն տնտեսավարող սուբյեկտները, որոնք իրենց ձեռնարկատիրական գործունեությունն իրականացնում են բացառապես ընտանիքի անդամների ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր ներգրավմամբ և որոնց նախորդ տարվա իրացման շրջանառությունը չի գերազանցում 12.0 մլն. դրամը:
Շրջանառության հարկի շեմը 58.35 մլն. դրամից մինչև 150 մլն. դրամ բարձրացնելու վերաբերյալ.
Շրջանառության հարկի շեմի բարձրացումը բազմիցս քննարկված թեմա է, և կառավարությունը դա համարել է սկզբունքորեն անընդունելի` հետևյալ հիմնական նկատառումներով.
1) մեր կողմից կատարված ուսումնասիրություններն ու վերլուծությունները ցույց են տալիս, որ տարեկան կտրվածքով մինչև 5 մլն դրամ (շուրջ 12 անգամ ավելի քիչ, քան շրջանառության հարկի ներկայիս շեմն է) իրացման շրջանառություն ունեցող հարկ վճարողները կազմում են բոլոր շրջանառության հարկ վճարողների (շուրջ 58 հազար տնտեսավարող սուբյեկտ) 65 տոկոսը, տարեկան կտրվածքով 5-ից մինչև 10 մլն դրամ իրացման շրջանառություն ունեցող հարկ վճարողները կազմում են բոլոր շրջանառության հարկ վճարողների 17 տոկոսը, տարեկան կտրվածքով 40 մլն դրամից ավելի իրացման շրջանառություն ունեցող հարկ վճարողները կազմում են բոլոր շրջանառության հարկ վճարողների ընդամենը 2.7 տոկոսը: Այսինքն, ստացվում է, որ ներկայումս շրջանառության հարկ վճարողների ընդգծված մեծամասնության տարեկան իրացման շրջանառության ծավալները մի քանի անգամ ավելի ցածր են, քան շրջանառության հարկի գործող շեմն է: Հետևաբար, գտնում ենք, որ շրջանառության հարկի գործող` 58.35 մլն դրամի շեմը լիովին բավարար է, որպեսզի հանրապետության փոքր և միջին ձեռնարկատերերը (որոնց համար նախատեսված է շրջանառության հարկի համակարգը) հաջողությամբ օգտվեն հարկման այս համակարգից,
2) շրջանառության հարկի շեմի սահմանումն արդեն իսկ ստեղծում է հարկումից խուսափելու հնարավորություններ, քանի որ խոշոր հարկ վճարողները փորձում են տրոհվել մի քանի մասերի, իսկ իրացման շրջանառության ցուցանիշով շեմին մոտ գտնվող հարկ վճարողները փորձում են թաքցնել իրենց իրացման շրջանառությունների մի մասը, որպեսզի հնարավորություն ունենան օգտվել շրջանառության հարկի համակարգից: Այս առումով, շեմի հետագա բարձրացումը նկատելիորեն մեծացնելու է հարկումից խուսափելու հնարավորություններն ու ռիսկերը, որոնց արդյունավետ կառավարումը մշտապես դժվար լուծելի խնդիրներ է առաջացնում հարկային հսկողություն իրականացնող մարմնի համար,
3) բացի այդ, շրջանառության հարկ վճարող համարվելու համար ներկայումս նախատեսված շեմը տարածաշրջանի և ԱՊՀ երկրների համեմատությամբ աննախադեպ բարձր է: Մասնավորապես, Վրաստանում ԱԱՀ-ով չհարկվող շեմը կազմում է տարեկան 100 հազար վրացական լարի, որը համարժեք է 24.5 միլիոն դրամին, Ուկրաինայում` տարեկան 300 հազար ուկրաինական գրիվնա, որը համարժեք է 15 միլիոն դրամին, Մոլդովայում` տարեկան 600 հազար մոլդովական լեյ, որը համարժեք է 20 միլիոն դրամին: Շրջանառության հարկ վճարող համարվելու համար մեր երկրում կիրառվող շեմը էականորեն բարձր է նաև եվրոպական զարգացած երկրներում կիրառվող շեմերից: Մասնավորապես, ԱԱՀ-ով չհարկվող շեմը Լատվիայում կազմում է տարեկան 35 հազար լատվիական լատ, որը համարժեք է 26.7 միլիոն դրամին, Էստոնիայում` տարեկան 16 հազար եվրո, որը համարժեք է 8,5 միլիոն դրամին, Լիտվայում` տարեկան 155 հազար լիտվական լիտ, որը համարժեք է 23,9 միլիոն դրամին, Չեխիայի Հանրապետությունում` տարեկան 1 միլիոն չեխական կրոնա, որը համարժեք է 30 միլիոն դրամին, Սլովենիայում` տարեկան 25 հազար եվրո, որը համարժեք է 13 միլիոն դրամին, Ֆրանսիայում` տարեկան 81 հազար եվրո, որը համարժեք է 44 միլիոն դրամին, Գերմանիայում` տարեկան 17.5 հազար եվրո, որը համարժեք է 10 միլիոն դրամին,
4) շրջանառության հարկի համակարգը նախատեսված է փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների համար, մինչդեռ տարեկան 150 միլիոն դրամ (օրական 410 հազար դրամ) իրացման շրջանառություն ունեցող տնտեսավարող սուբյեկտը հարկման առումով չի կարող համարվել փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտ,
Արտոնագրային վճար վճարող համարվելու տարեկան իրացման շրջանառության շեմը 9 մլն. դրամի փոխարեն 15 մլն. դրամ սահմանելու վերաբերյալ.
«Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված` տարեկան իրացման շրջանառության մինչև 9 միլիոն դրամի շեմը վերաբերում է բացառապես օրենքի թիվ 1 հավելվածով նախատեսված` գործունեության պարզունակ տեսակներով զբաղվող` միայն անհատ ձեռնարկատերերին և ֆիզիկական անձանց, իսկ «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքով նախատեսված գործունեության մյուս տեսակներով զբաղվող տնտեսավարող սուբյեկտները արտոնագրային վճար վճարող են համարվում` անկախ իրացման շրջանառության մեծությունից: Այս առումով, գտնում ենք, որ անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց կողմից նշյալ պարզունակ գործունեության տեսակներով զբաղվելու շրջանակներում տարեկան իրացման շրջանառության 9 մլն դրամի շեմը գերազանցելը իրատեսական չէ, հետևաբար գործող շեմը ամբողջությամբ բավարար է, որպեսզի այս խմբի արտոնագրային վճար վճարողները շարունակաբար գործեն արտոնագրային վճարների համակարգում: Ընդ որում, հարկ է նկատել, որ վերոնշյալ շեմը մեկ անգամ արդեն իսկ վերանայվել է: Մասնավորապես, ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2012 թվականի դեկտեմբերի 19-ին ընդունված՝ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրեն-քում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-243-Ն օրենքի 3-րդ հոդ-վածի 2-րդ մասով կատարված փոփոխության արդյունքում արտոնագրային վճար վճարող համարվելու համար մինչև 2013 թվականի հունվարի 1-ը սահմանված՝ տարեկան իրացման շրջանառության 6 միլիոն դրամ շեմի փոխարեն 2013 թվականի հունվարի 1-ից սահմանվել է տարեկան իրացման շրջանառության 9 միլիոն դրամի շեմ, ինչը լիովին բավարար է այս ոլորտի բնականոն գործունեությունն ապահովելու համար:
Ներմուծման դեպքում սահմանի վրա ԱԱՀ գանձելու մոտեցումից հրաժարվելու վերաբերյալ.
Սույն դրույթն ունի բարձր ֆինանսական գին, ինչն անհնար է դարձնում սույն դրա անմիջապես կատարումը՝ առանց էական վտանգի տակ դնելու բյուջեի կատարումը: Ներկայացված առաջարկությունը համահունչ է առաջիկա տարիներին ՀՀ կառավարության կողմից իրականացվող տնտեսական քաղաքականության նպատակադրումներին. կառավարության ծրագրի 2.2.2.2. Արդյունաբերական քաղաքականությունը բաժնում, որպես կարևոր քայլ նշվում է՝ «սահմանի վրա ավելացված արժեքի հարկի գանձումը փուլ առ փուլ վերացնելու քայլերի իրականացում, այդ թվում՝ ներդրումային ծրագրերի շրջանակներում հիմնական միջոցների և հումքի ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման հետաձգման գործիքի վերանայում՝ շեմի աստիճանական իջեցմամբ»: Կառավարությունը՝ իր ծրագրին հետամուտ, մշակում է այս նպատակի ֆինանսապես պատասխանատու ռազմավարությունը:
4. Առնվազն կրկնապատկել ոռոգման ջրի և վարկերի համար տրամադրվող սուբսիդիաների ծավալները, սահմանել հստակ մեխանիզմ՝ սուբսիդիաների միավորման, դրանք ֆերմերային և գյուղացիական տնտեսություններին ուղղակի տրամադրելու, ոռոգման ջրի փաստացի օգտագործման դիմաց վճարումներ կատարելու համար:
Այս դրույթը ևս վերցված է կառավարության ծրագրից՝ ՀՀ կառավարության 19.05.2014թ. N511-Ա որոշմամբ ընդունված ՀՀ կառավարության ծրագրի 2.2.2.1. ենթաբաժնում «Գյուղատնտեսությունը և գյուղը» վերնագրի ներքո նշված է. «ավելացվելու են գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծավալները, ինչպես նաև մշակվելու են գյուղացիական տնտեսություններին ուղղակի սուբսիդավորման նոր մեխանիզմներ»:
Հարկ է նշել, որ գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման գործընթացը կարգավորվում է ՀՀ կառավարության 31.03.2011թ. N349-Ն որոշմամբ հաստատված գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման կարգի համաձայն, որով սուբսիդավորվում են առավելագույնը 14 տոկոս փաստացի տոկոսադրույքով, առավելագույնը 2 տարի ժամկետով և մինչև 3.0 մլն դրամ արժեքով վարկերը: Ընդ որում ՀՀ պետական բյուջեով սուբսիդավորման գումարները հաշվարկվել են ելնելով յուրաքանչյուր տարի 15.0 մլրդ դրամի չափով վարկերի տրամադրման սկզբունքից` տարեկան 872.4 մլն դրամ:
Համաձայն կառավարության ծրագրի՝ ՀՀ Ազգային Ժողով ուղարկված ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված է վարկերի համար տրամադրվող սուբսիդիաների ծավալների շեշտակի մեծացում՝ 2014 թվականի 872 մլն 480 հազար դրամից 2015 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված 1 մլրդ 163 մլն 14 հազար դրամ:
Նմանապես, կառավարության ծրագրի 2.2.8.2. ենթաբաժնի «Ջրամատակարարումը» վերնագրի ներքո ՀՀ կառավարությունը նախատեսում է. «ոռոգման ոլորտում կառուցվածքային բարեփոխումների իրականացում, մասնակցային կառավարման ամրապնդում, ջրօգտագործողների հետ առավելագույնս թափանցիկ և նոր որակի հարաբերությունների ներդրում»:
Ինչ վերաբերում է այս հայեցակարգի ներքո սուբսիդիաների ծավալների կրկնապատկման և միավորման, դրանք ֆերմերային և գյուղացիական տնտեսություններին ուղղակի տրամադրման, ոռոգման ջրի փաստացի օգտագործման դիմաց վճարումների կատարման առաջարկությանը, ապա հարկ է նշել, որ այդ ուղղությամբ իրատեսական մեխանիզմներ առաջադրելու համար դեռևս անհրաժեշտ է կատարել համալիր ուսումնասիրություններ` գործընթացի առավելագույն թափանցիկության, ինչպես նաև տրամադրվող ռեսուրսների նպատակային և արդյունավետ օգտագործման առումով: Մասնավորապես.
1. Ոռոգման համակարգում ՋՕԸ-ների կողմից սպասարկվող, ինչպես նաև տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրից օգտվող գյուղացիական տնտեսությունների վերաբերյալ մեծածավալ տեղեկատվության հավաքում, մշակում, ճշգրտում, տեղեկատվական բազայի ստեղծում, կիրառում, պարբերաբար թարմացում,
2. ոռոգման ջրի համար հասցեական սուբսիդավորումը կիրառվելու է միայն ՋՕԸ-ի անդամ հանդիսացող, թե հանրապետությունում առկա բոլոր ջրօգտագործողների նկատմամբ (պետական բյուջեով նախատեսված ՙՈռոգման համակարգի սուբսիդավորում՚ ծրագրի միջոցներն ուղղված են ՋՕԸ-ների ֆինանսական ճեղքվածքի ծածկմանը, հետևաբար վերջնական արդյունքում ուղղվում են ՋՕԸ-ի անդամ ջրօգտագործողներին),
3. յուրաքանչյուր գյուղացիական տնտեսությանը կամ ջրօգտագործողին տրվող պետական աջակցության չափաքանակի որոշման հստակ չափորոշիչների և մեխանիզմների սահմանումը,
4. գյուղացիական տնտեսությունների կամ ջրօգտագործողների կողմից ստացած սուբսիդիան նպատակային օգտագործման վերաբերյալ երաշխիքների և հստակ մեխանիզմների սահմանում և այլն:
Մինչև նման համալիր ուսումնասիրությունների իրականացումը, որը կպահանջի տևական ժամանակ և ջանքեր, ոռոգման ջրի գծով սուբսիդավորման համար հիմք է հանդիսանում ՀՀ կառավարության 30.09.2010թ. «Ջրօգտագործողների ընկերություններին պետական աջակցության միջնաժամկետ ռազմավարությանը հավանություն տալու և ռազմավարությունից բխող առանձին միջոցառումների իրականացումն ապահովելու գործողությունների մասին» N1291-Ն որոշումը, որով հաստատվել են ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) պետական ֆինանսական աջակցության գնահատվող չափաքանակները:
Հարկ է նշել, որ անգամ մինչև նշված հետազոտությունների ավարտը ՀՀ պետական միջոցներից ոռոգման նպատակով սումբսիդավորումը զգալիորեն ավելացել է, մասնավորապես.
• ՋՕՄ-երին 2014թ-ին տրամադրվել է 4 մլրդ 749 մլն 973 հազար դրամ, իսկ
ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված է՝ 5 մլրդ 35 մլն 681 հազար դրամ,
• Ոռոգում ջրառը իրականացնող կազմակերպություններին 2014թ-ին տրամադրվել է 693 մլն 533 հազար դրամ, իսկ ՀՀ 2015 թվականի բյուջեի նախագծով նախատեսված է՝ 948 մլն 980 հազար դրամ:
5. Գյուղատնտեսությանը տրված արտարժութային վարկերը վերածել դրամայինի: Բանկերից ձեռք բերել 2014 թ. հունիսի 1-ի դրությամբ մինչև 3 միլիոն դրամի ժամկետանց բանկային պարտավորությունները, սահմանել դրանց նկատմամբ մարման հնգամյա ժամկետ: Երեք միլիոն դրամից ավելի գյուղատնտեսական պարտավորությունները վերաձևակերպել նոր վարկերի՝ հինգ տարի մարման ժամկետով՝ տարեկան առավելագույնը 8 տոկոսով:
Նման քաղաքականության իրականացումը ենթադրում է միաժամանակյա էական ծախսեր, քանի որ բանկերի, որպես ինքնուրույն տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ՝ վարկերի վերաձևակերպումների իրավական պարտադրանքի նորմեր հնարավոր չէ կիրառել, իսկ վերը նշված ծավալներով արտարժութային վարկերի գնման և դրանք դրամով փոխարինման միջոցներ բյուջում առկա չեն: Առանց հարկերի բարձրացման նման քաղաքականություն իրականացնելու դեպքում կարիք կլինի այլ սոցիալական ծախսերում էական վերաբաշխումներ կատարելու:
Մասնավորպես, արտարժույթային վարկերը դրամային վարկերի փոխակերպելու նպատակով անհրաժեշտ է առնվազն 82 մլրդ դրամ (91 մլրդ դրամ վարկային կազմակերպությունների գյուղվարկերը ներառյալ), և հետագայում յուրաքանչյուր տարում մոտ 10-15 մլրդ դրամ (տարեկան աճի չափով):
Առևտրային բանկերի տրամադրած վարկերի ժամկետային և արժութային կառուցվածքները, ինչպես նաև տոկոսադրույքները էապես պայմանավորված են պարտավորություններով, այսինքն՝ ներգրաված ռեսուրսների (հիմնականում ավանդների) արժույթով, ժամկետայնությամբ և տոկոսային ու ոչ տոկոսային ծախսերով:
2014 թվականի ապրիլի վերջի դրությամբ բանկային համակարգի ավանդների 70%-ը արտարժութային են, և միաժամանակ արտարժութային գյուղվարկերի կշիռը կազմում է 62%, այսինքն՝ թեև մեծամասամբ արտարժութային, սակայն բանկային համակարգում առկա միջոցների համեմատ այս ոլորտում ավելի շատ են դրամային վարկերը: Բանկային համակարգի ավանդների մոտ 90%-ը կազմված է ցպահանջ և մինչև մեկ տարի ժամկետայնությամբ ավանդներից, և միայն ավանդներից ստացված միջոցներով երկարաժամկետ վարկերի տրամադրումը բանկերի կողմից կլինի շատ ռիսկային:
Այդ իսկ պատճառով, ՀՀ Կառավարությունը ՀՀ կենտրոնական բանկի հետ համատեղ աշխատում է ավելի շատ և ավելի էժան դրամային միջոցներ գյուղատնտեսության համար հասանելի դարձնելու ուղղությամբ՝ միջազգային ֆինանսական կազմակերպություններից ներգրավելով արտարժութային միջոցներ, և այդ միջոցներն արդեն դրամով հասանելի դարձնում գյուղացիներին: Մասնավորապես, ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ կառավարության հատուկ ծրագրով տրամադրված գյուղատնտեսության վարկերի պորտֆելի մնացորդը ներկայումս տատանվում է 28-29 մլրդ դրամի շուրջ: Բացի այդ, 2013 թվականի մարտից սկսվել է «KFW» զարգացման բանկի միջոցներով իրականացվող գյուղատնտեսության վարկավորման ծրագիր, որի վարկային պորտֆելն արդեն կազմում է մոտ 4.0 մլրդ ՀՀ դրամ: Արդեն իսկ ստորագրված է 15 մլն եվրո վարկային միջոցների պայմանագիր և արդեն վերջնական փուլին են հասել նոր միջոցների ներգրավման աշխատանքները: Բոլոր այս ծրագրերի գծով արտարժութային ռիսկը ստանձնել և ստանձնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:
Ինչ վերաբերում է տոկոսադրույքներին, ապա բանկերի կողմից ներգրավվող դրամային ավանդների տոկոսը՝ առանց հաշվի առնելու ոչ տոկոսային ծախսերը, կազմում է ավելի քան 13% (որպես ուղենիշ նշենք, որ 5 տարի ժամկետով պետական պարտատոմսի եկամտաբերությունը կազմում է մոտ 11%): Ավանդային ռեսուրսների տոկոսները ձևավորվում են շուկայում մրցակցության արդյունքում, շուկայական առաջարկի և պահանջարկի ներքո: Ընդ որում՝ այս ոլորտում վարկառուների 96%-ի պարտավորությունները չի գերազանցում 3 մլն դրամը և, հաշվի առնելով բանկի բոլոր ծախսերը, նման փոքրածավալ վարկերի տոկոսադրույքները բավականին բարձր են (թե՚ զարգացած և թե՚ զարգացող երկրներում փոքրածավալ վարկերի տոկոսները համեմատաբար բարձր են):
Գյուղատնտեսական վարկերի մատչելիության բարձրացման համար կառավարությունը՝ համաձայն իր ծրագրի, որպես հիմնական գործիք ընդունել է տոկոսադրույքների սուբսիդավորումը: Մասնավորապես, ՀՀ Ազգային Ժողով ուղարկված ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված է վարկերի համար տրամադրվող սուբսիդիաների ծավալների շեշտակի մեծացում՝ 2014 թվականի 872 մլն 480 հազար դրամից 2015 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված 1 մլրդ 163 մլն 14 հազար դրամ:
6. Հաստատել «Նաիրիտ» գործարանի վերագործարկման ծրագիրը, վճարել աշխատավարձերի՝ աշխատակիցների գծով կուտակված պարտքը, ձևավորել «Նաիրիտ»-ի անցած տարիների գործունեությունն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով:
Արդեն տևական ժամանակ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում առկա է սոցիալական լարվածություն՝ կապված չվճարված աշխատավարձերի և աշխատակիցների հետագա ճակատագրի հետ: «Նաիրիտ գործարանի» խնդիրները մշտապես կառավարության ուշադրության կենտրոնում են: Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը ստացել է կարգադրություն՝ մշակել ու կարճ ժամկետում կառավարություն ներկայացնել «Նաիրիտի» առողջացման ու վերագործարկման հնարավորություններն ուսումնասիրող փաթեթ:
Սեպտեմբերի 19-ին, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում տեղի է ունեցել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի խնդիրներին նվիրված խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, խմբակցությունների անդամներ, գիտնականներ, «Նաիրիտ» գործարանի ղեկավարներ ու ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ լրատվամիջոցներ:
Նախարարության կողմից նախաձեռնված այդ բազմակողմանի հանդիպման հիմնական նպատակն էր ընտրել ճիշտ ուղիներ իրավիճակի բարելավման և «Նաիրիտ գործարան» ՓԲԸ վերագործարկման համար, ինչպես նաև, համատեղ քննարկել «Նաիրիտի» շուրջ ծագած խնդիրները, դրանց լուծման եղանակներն ու հետագա անելիքները:
Խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու խնդիրն ամբողջովին օրենսդրի իրավասությունն է, և կառավարության լրացուցիչ դիրքորոշումն այստեղ ավելորդ է:
7. Բացառել «Որոտանի» ՀԷԿ-ի վաճառքը՝ առանց ԱԺ հավանության:
Համաձայն “Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին” ՀՀ Օրենքի մասնավորեցման օբյեկտ են.
ա) պետական բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերը, ոչ պետական և պետական մասնակցությամբ ընկերություններում պետությանը պատկանող բաժնետոմսերը.
բ) պետության մասնակցությամբ ընկերության լուծարումից հետո պետությանն անցած գույքը.
գ) օգտագործման իրավունքով տրված պետական գույքը, այդ թվում` անշարժ գույքը.
դ) բնակելի շենքերում պետական սեփականություն համարվող ընդհանուր օգտագործման տարածք չհամարվող ոչ բնակելի տարածքները.
ե) անավարտ շինարարության օբյեկտները.
զ) պետությանը պատկանող այլ գույքային իրավունքները.
է) բնակելի շենքերում համայնքային սեփականություն համարվող, այդ թվում` պետության կողմից համայնքին հայեցողական սեփականության իրավունքով հանձնված ընդհանուր օգտագործման տարածք չհամարվող ոչ բնակելի տարածքները, եթե դրանք`
-տրամադրված են վարձակալության իրավաբանական կամ ֆիզիկական անձանց,
- տրամադրված են «փոքր» օբյեկտներին` վարձակալության կամ մշտական օգտագործման նպատակով:
Հետևաբար «Որոտան» ՀԷԿ–ի ամերիկյան կողմին արդեն իսկ 2014 թվականի ապրիլին փոխանցված գույքային իրավունքները դուրս են վերոնշյալ օրենքով սահմանված մասնավորեցման օբյեկտների ցանկից, ուստի դրանք ԱԺ բերելու իրավական հիմքերը բացակայում են:
8. Չթույլատրել հանրային տրանսպորտի փոխադրավարձերի բարձրացումը:
Կառավարությունը երբևէ կողմ չի եղել որևէ հանրային ծառայության գների անհիմն բարձրացումներին, սակայն հարցը գտնվում է տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների շրջանակում: Առաջարկում ենք քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների միջոցով հարցը քննարկել համապատասխան ավագանիներում:
9. Կատարել «Ընտրական օրենսգրքի» փոփոխություններ, որոնցով կսահմանվի 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ:
Առաջարկում ենք ընդդիմությանն ակտիվորեն մասնակցել սահմանադրական փոփոխությունների կոնցեպտուալ քննարկումներին և հարցը քննարկել համալիր, ոչ թե ընդհանուր սահմանադրական համատեքստից դուրս:
10. Ընտրությունների ավարտից անմիջապես հետո ընտրություններին մասնակցած ընտրողների տվյալները հրապարակել ընտրատեղամասերում:
Հարցը բազմիցս քննարկվել է, և այն հակասում է ԵԽ, մասնավորապես, Վենետիկի հանձնաժողովի մոտեցումներին: Միաժամանակ, իրավակիրառական պրակտիկան վկայում է, որ ընտրողների ստորագրած ցուցակների ուսումնասիրության հնարավորությունը (վերահաշվարկ, դատական պաշտպանություն) լիարժեք և բավարար է եղել ընտրական իրավունքների պաշտպանության և դրանց անխոչընդոտ իրականացման առումով:
Ներկայացված առաջարկությունը խախտում է քվեարկության գաղտնիության սկզբունքը, քանզի ընտրություններին մասնակցությունը իրենում ևս պարունակում է գաղտնիության հատկանիշներ: Հանրային վերահսկողության առումով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքը պարունակում է բազմաթիվ իրավան հնարավորություններ, որոնք լիարժեք հնարավորություն են ընձեռում ընտրական գործընթացի մասնակիցներին իրականացնելու հանրային վերահսկողություն:
Եվրախորհրդի «ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի լիագումար նիստը դեռևս 2002 թվականի հոկտեմբերին ներկայացրել է իրավական դիրքորոշումը, ըստ որի՝ քվեարկությանը մասնակցածների կողմից արդեն իսկ ստորագրված և լրացված ընտրական ցուցակները համարվում են քվեարկության գաղտնիության տարրերից մեկը և հրապարակման ենթակա չեն: Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի 30.10.2002թ. (CDL-AD (2002) 23) «Ընտրական հարցերում բարենպաստ գործունեության կանոնագիրք, ցուցումներ և բացատրական զեկույց»-ի 4-րդ կետի (գաղտնի ընտրական իրավունք (c)-րդ ենթակետում նշվում է. որ «Փաստացի քվեարկած անձանց ցուցակը չպետք է հրապարակվի», իսկ Բացատրական զեկույցի 54-րդ կետում պարզաբանվում է. «...քանի որ քվեարկության չմասնակցելը կարող է վկայել քաղաքական ընտրության մասին, ապա քվեարկած անձանց ցուցակը չպետք է հրապարակվի»: Միաժամանակ քվեարկած անձանց ցուցակի հրապարակումն արգելելու պահանջի խախտումը գնահատվում է որպես քվեարկության գաղտնիության սկզբունքի խախտում: Նշված փաստաթուղթը նախ ընդունվել է Եվրախորհրդի ժողովրդավարական ընտրությունների խորհրդի կողմից (Ցուցումները՝ 03.07.2002թ., Բացատրական զեկույցը՝ 16.10..2002թ.), հետագայում հաստատվել է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 2003 թվականի հունվարի 30-ի 1320 (2003) բանաձևով և հավանության է արժանացել Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի 2004 թվականի մայիսի 13-ի 114-րդ նիստում ընդունված «Ընտրական հարցերում բարենպաստ գործունեության կանոնագրքի մասին» հռչւսկագրով' գնահատելով դրանում ամրագրված ցուցումները որպես ժողովրդավարական հիմնարար սկզբունքներ:
ԵԱՀԿ Մարդու իրավունքների և ժողովրդավարական հաստատությունների գրասենյակը և Վենետիկի հանձնաժողովն այս հարցին անդրադարձել են նաև մի շարք այլ փաստաթղթերում: Մասնավորապես, ՀՀ Ազգային ժողովի՝ ընտրական օրենսդրության բարեփոխումների աշխատանքային խմբի ներկայացրած առաջարկությունների վերաբերյալ CDL-EL (2010) 003, 2010թ. փետրվարի 3-ի համատեղ դիտողություններում կրկին անդրադառնալով ընտրական հարցերով կանոնագրքի Բացատրական զեկույցի նշված 54-րդ կետին' վերահաստատել են դրանում արտահայտված դիրքորոշումը:
Հարկ ենք համարում տեղեկացնել նաև, որ վերոհիշյալ իրավական դիրքորոշումներն անրագրված են նաև ՀՀ սահմանադրական դատարանի 2012թ. մայիսի 5-ի ՍԴՈ-1027 որոշմամբ:
11. Ապահովել «Ընդդիմության մասին» օրենսդրական փաթեթի ընդունում՝ ընդդիմությանը օժտելով վերահսկողական գործառույթներով:
Վերահսկողական գործառույթները ևս իշխանության մաս են, և դրանց միանշանակ փոխանցումն ընդդիմությանը նշանակում է, որ ընդդիմությունը կոալիցիայի մեջ է քաղաքական մեծամասնության հետ: Առաջարկում ենք այս հարցը քննարկել սահմանադրական բարեփոխումների շրջանակներում, որի հայեցակարգում անդրադարձ է կատարվում նաև ըննդիմության ինստիտուցիոնալ դերի բարձրացմանը:
12. Չստորագրել որևէ համաձայնագիր, որով կփոխվի Հայաստանի և Արցախի միջև ներկա հարաբերությունները, այդ թվում՝ տնտեսական միասնական համակարգը:
Առաջարկում ենք ընդդիմությանը նման համաձայնագրերի ստորագրության հնարավորության գաղափարն անգամ այլևս անտեղի չշրջանառել:
13. Իրականացնել էլեկտրաէներգիայի արտադրության եւ բաշխման համակարգի ամբողջական, անկողմնակալ տեխնիկական, տեխնոլոգիական եւ ֆինանսական աուդիտ, բացահայտել համակարգի անարդյունավետության բոլոր պատճառները, պատասխանատվության կանչել մեղավորներին: Ոլորտում պետական կարգավորման լիարժեք համակարգ ձեւավորելու նպատակով` նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ, այդ թվում՝ վերանայել առանձին ձեռնարկությունների շահութաբերության մակարդակը, բարձրացնել համակարգի անվտանգությունն ու հուսալիությունը, ներդնել էլեկտրաէներգիայի սակագնի ձեւավորման կանխատեսելի համակարգ: Մինչեւ վերը նշված գործողությունները կատարելը՝ բացառել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը:
ՀՀ էներգետիկ համակարգի ռազմավարական զարգացման, այդ թվում` հուսալիության և անվտանգության բարձրացման վերաբերյալ կառավարությունը Համաշխարհային բանկի հետ մի քանի ամիս է ինչ ձեռնամուխ է եղել լայնածավալ ուսումնասիրությունների, որոնց հիման վրա ներկայումս մշակում է համալիր ռազմավարություն, որ հանրությանը կներկայացնի դեկտեմբերին: Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման բացառմանը, ապա դրան կառավարության կողմից միջամտելը հակասում է ՀՀ գործող օրենսդրությանը»:

Այս խորագրի վերջին նյութերը