Մեկնաբանություն

01.10.2014 21:25


«Առաջադիմության սիմվոլ» իշխանությունը բացում է փակագծերը

«Առաջադիմության սիմվոլ» իշխանությունը բացում է փակագծերը

Իշխանությունները վերջապես Կարեն Ավագյանի բերանով բացահայտեցին իրենց մտադրություններն ու ծրագրերը:

«Սիրելինե՛րս, որ Սահմանադրությունը չփոխվի էլ, ձեր թեկնածուն չի անցնելու, դժվա՞ր է հաշվարկել: Հապա ի՞նչ իմաստ ունի փորձել արգելակել երկրի առաջընթացը, դառնալ զարգացման հակառակորդ, հետադիմության սիմվոլ»,- Ազգային ժողովի հայտարարությունների ժամին դիմելով Աժ ոչիշխանական ուժերի «եռյակին»՝ հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը:

Ավագյանի հնչեցրած այս անպատկառ հայտարարությունից ստացվում է, որ ինչ էլ լինի, միևնույն է, իրենք տոկոս են «խփելու»:

Նա խորհրդարանի ամբիոնից հայտարարում է՝ «եռյակ» հույսեր չփայփայես, Սահմանադրությունը փոխենք, թե չփոխենք, միեւնույն է, ձեզ իշխանություն տվող չկա: Այսինքն, ժողովրդին են դիմում՝ ասելով, որ կեղծիքներից չեն հրաժարվելու։

Այս մտայնությամբ առաջնորդվող իշխող ուժն էլ իրեն համարում է առաջադիմության սիմվոլ, ով մտածում է երկրի առաջընթացի մասին:

«Առաջադեմ» ՀՀԿ-ի համար ամեն ինչ հստակ է, անկախ ամեն ինչից՝ իրենք են մնալու եւ շարունակելու են հավերժ իշխել: Ահա եւ ձեզ կառավարման մոդելի փոփոխմանը ձգտող իշխանությունների եւ նրա առաջնորդի իրական մտադրությունները: Սա Շարմազանովի ներկայացրած Մելիք–Ադամյան փողոցի «տեսության» մեկ այլ տարբերակն է։

Դեռ խորհրդարանական կառավարման համակարգին անցումը տեղի չի ունեցել, բայց արդեն խորհրդարանի ամբիոնից ոչիշխանական ուժերի «եռյակին» զգուշացվում է, որ «ձեր թեկնածուն չի անցնելու»:

Պատկերացրե՛ք, հերթական ընտրություններին դեռ 3 տարի ժամանակ կա (դեռ մի կողմ թողնենք արտահերթը), բայց էս գլխից «նախալավարի» ասում են՝ դուք հաղթելու շանս չունեք: Չե՛նք թողնելու:

Եվ այս իշխանությունները խոսում են ժողովրդավարության ամրապնդման, մարդու իրավունքների, դատական համակարգի բարեփոխման, կուսակցությունների դերի բարձրացման մասին, որոնք, իբր, նախատեսված են սահմանադրական փոփոխությունների նոր հայեցակարգում:

Լավ, իսկ ի՞նչ են առաջարկում ոչիշխանական ուժերի «եռյակին»: Վերջինիս նախատելու պես ասում ու խորհուրդ են տալիս թողնել սահմանադրական փոփոխությունների թեման եւ զբաղվել այլ հարցերով՝ հայ–թուրքական հարաբերություններ, Արցախի հարց և այլն։

Երբ Սերժ Սարգսյանը, անտեսելով ու արհամարհելով քաղաքական ուժերի և հայության կարծիքը, «ֆուտբոլային» դիվանագիտություն էր սկսում, գիշերային որոշումներ էր կայացնում, այդ ժամանակ քաղաքական ուժերի այդ խնդրի շուրջ մտածելու կոչեր չէին հնեցնում:

Հիմա, երբ Սարգսյանը տապալել է արտաքին «նախաձեռնողական» քաղաքականությունը, դրա հետեւանքների մասին պետք է մտածեն ոչիշխանական ուժերը, որոնք անցած տարիներին շարունակ զգուշացնում էին թուրքական նախապայմանների մասին, եւ կոչ էին անում վերջ տալ Հայաստանին եւ հայությանը վնասող այդ գործընթացին:

Այն ժամանակ Սերժ Սարգսյանը ոչ ոքի հետ հաշվի չէր նստում եւ միանձնյա որոշեց ոտքով-գլխով նետվել «ֆուտբոլային» դիվանագիտության վտանգավոր ծանծաղուտները:

Իսկ օրերս ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ունենալով՝ Սարգսյանը հղում է կատարում «պարզ մարդկանց», որոնք ասում են՝ «Գրողի ծոցը՝ վավերացնե՛ք» հայ-թուրքական արձանագրությունները:

Շատ տարօրինակ է, չէ՞: Հինգ տարի առաջ, երբ ստորագրում էր այդ չարաբաստիկ արձանագրությունները, այն ժամանակ այդ պարզ մարդկանց կարծիքը, կոպիտ ասած, շան տեղ չդրեց, իսկ հիմա, երբ մտադիր է (իբր) հրաժարվել այդ փաստաթղթերից, վկայակոչում է պարզ մարդկանց ցանկությունները:

Ինչեւէ, հիմա իշխանությունները «եռյակին» խորհուրդ են տալիս ոչ միայն իրենց «միտք բանին» ծառայեցնել նշված խնդիրների լուծմանը, այլեւ գովերգել Սերժ Սարգսյանի՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, ՄԱԿ-ում եւ այլուր ունեցած ելույթները:

Իսկ սահմանադրական փոփոխությունների թեման պետք է փակել, քանզի, այսպես թե այնպես, տոկոսը «խփվելու» է: Իրենք դա հաստատ խոստանում են:

Իսկ ոմանք, հատկապես այն ուժը, որ ողջ ներուժով, հոգով–սրտով միացել է Սահմանադրությունը փոխելու Սերժ Սարգսյանի նախաձեռնությանը, շարունակում են պնդել, թե վերջինս եւ նրա թիմը դրանով իրենց վերարտադրման հարցը չեն լուծում: Որպես հիմնավորում էլ նշում են, որ եթե վերարտադրման հարց են լուծում, ապա գործող Սահմանադրությամբ էլ կարող են վերարտադրվել:

Գործողով արդեն վերարտադրվել են բազմիցս, իսկ ահա սահմանադրական փոփոխություններով փորձում են խուսափել հայտնի հոդվածի իմպերատիվ պահանջից։ Սա՛ է խնդիրը։ Սա՛ է, որ մտահոգում է Սերժ Սարգսյանին։

Դե, իսկ հասարակությանը լրիվ այլ բան պետք է մտահոգի ու փողոց հանի։ Ժամանակը ցույց կտա, թե որ ուղղությամբ տեղի կունենան զարգացումները։

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը