Հարցազրույց

03.10.2014 14:56


«Հոկտեմբերի 10-ը յուրօրինակ համախմբման օր է լինելու»

«Հոկտեմբերի 10-ը յուրօրինակ համախմբման օր է լինելու»

Հարցազրույց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, «Երիտասարդական կառավարություն» նախագծի համակարգող Արմեն Ասլյանի հետ

Երկրի սոցիալ-տնտեսական այս ծանր վիճակում, երբ ծառացած բազմաթիվ լրջագույն մարտահրավերներ կան, իշխանությունները ցանկանում են փոփոխել Սահմանադրությունը։ Ձեր կարծիքով ի՞նչ նպատակ են հետապնդում այդ սահմանադրական փոփոխությունները։
–Սահմանադրական փոփոխություններն իշխանությունների համար մի քանի խնդիր են լուծում, որոնցից առաջնայինն իշխանության վերարտադրման անթերի մեխանիզմ ստեղծելն է, որի արդյունքում կերկարաձգեն պետական ռեսուրսները և լծակները սեփական շահերի համար ծառայեցնելու հնարավորությունը, ինչը և մինչ այս իրականացվում է։ Երկրորդ խնդիրն այս տարիների իրենց ձախողումները Սահմանադրության վրա բարդելն է։ Ընդ որում, ձախողումները միայն սոցիալ-տնտեսական չեն, ավելին՝ այս իշխանություններն աշխարհում Հայաստանի վարկանիշը հավասարեցրել են աֆրիկյան հետամնաց երկրների վարկանիշին, իսկ որևէ խրոխտ ելույթ դա չի վերականգնի։ Պետք է նշեմ նաև, որ ներկայիս Սահմանադրությունը լիարժեքորեն ապահովում է երկիրը կեղեքելու ոմանց անհագ ցանկությունների կասեցումը։

Ընդդիմությունը տարիներ շարունակ խոսում է համակարգային փոփոխությունների անհրաժեշտության մասին: Ի՞նչն է խանգարում, որպեսզի դրանք իրականություն դառնան։

Ի տարբերություն նախորդ փորձերի, որոնք այս կամ այն պատճառով տեղի չեն ունեցել՝ այս անգամ իրադրությունն այլ է։ Ոչիշխանական խորհրդարանական ուժերի միավորումն աննախադեպ է և խոստումնալից. դրա մասին է վկայում նաև «եռյակի» մարզային հանրահավաքների ակտիվությունը։ Ինչ վերաբերում է խոչընդոտներին, իհարկե, իշխանությունները, այսինքն՝ համակարգը, փորձելու է արհեստածին խոչընդոտներ ստեղծել այնպես, ինչպես խոչընդոտում է Հայաստանի զարգացմանը։ Սակայն այս անգամ ոչիշխանական ուժերը և ժողովուրդը միասնական են և անկոտրում։

Ի՞նչ սպասելիքներ ունեք հոկտեմբերի 10-ի համապետական հանրահավաքից։

Անկեղծ ասած, անհամբեր սպասում եմ հոկտեմբերի 10-ին, ավելի անկեղծ լինեմ՝ իշխանությունը երբևէ չէր էլ կարող պատկերացնել, որ այս եռամիասնությունը կկայանա։ Սա յուրօրինակ համախմբման օր է լինելու, ինչը նորանկախ Հայաստանի պատմության մեջ միայն մեկ անգամ է տեղի ունեցել՝ 23 տարի առաջ։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը