Տնտեսական

08.10.2014 14:33


Վարդան Բոստանջյան. «Կարևորագույն սպասվող իրադարձությունը հոկտեմբերի 10–ի հանրահավաքն է»

Վարդան Բոստանջյան. «Կարևորագույն սպասվող իրադարձությունը հոկտեմբերի 10–ի հանրահավաքն է»

Այսօրվա ասուլիսին տնտեսագետ Վարդան Բոստանջյանն անդրադարձել է ներքաղաքական հարցերին՝ մասնավորապես անդրադառնալով հոկտեմբերի 10-ին կայանալիք համապետական հանրահավաքին. «Կարևորագույն սպասվող իրադարձությունը հոկտեմբերի 10–ի հանրահավաքն է, որտեղ, ըստ էության, խորհրդարանական ոչիշխանական ուժերի կողմից ենթադրվում է ժողովրդի ձայնի բարձրացումը, թե ինչ ուժգնությամբ, ինչ աստիճանի անհարմարություն ունեն գործող իշխանություններից»,–ասել է բանախոսը՝ հավելելով, որ իշխանություններից եղած դժգոհությունը պայմանավորված է վարվող ներքին և արտաքին քաղաքականությամբ։

Նա նաև նշել է, որ իշխանությունները պետք է «մաքսիմալ լսեն ժողովրդին, և ժողովրդի կարիքները, պահանջները հնարավորինս բավարարեն»։

Բոստանջյանի խոսքեորվ՝ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը դժգոհ է իշխանություններից. «Այդ դժգոհները պետք է արտահայտվեն, պետք է իրենց մոտեցումները դրսևորեն։ Հիմա այդ դրսևորման ձևերից մեկն էլ այդ հանրահավաքն է, մասնավորապես՝ ամսի 10-ը։ Շատ կլինեն, ուրեմն իսկապես բողոքը կդառնա բողոք, քիչ կլինեն՝ բողոքը չի նմանվի բողոքի...»։

Ըստ Բոստանջյանի՝ իշխանությունն էլ իր հերթին է գործում։

Ինչ վերաբերում է «Շրջանառության հարկի մասին» օրենքին, տնտեսագետը նկատել է, որ իշխանությունները «փոքր–ինչ վախեցան», և այն «իբր թե կասեցրել են» մինչև փետրվարի մեկը. «Որքան էլ իրենք կեցվածք ընդունեն, որ չեն վախենում այս շարժումից և այլն, բայց, բոլոր դեպքերում, հասկանում են, որ վտանգ կա։ Հասարակությունը պետք է կարողանա իր ձայնը բարձրացնել»։

Անդրադառնալով ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությանը՝ Բոստանջյանը շեշտել է, որ Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը թերևս այն երկրները չեն, որոնց հետ ընկերակցելու պարագայում մենք կունենանք մեծ հնարավորություններ՝ ստեղծագործելու, գործելու, աշխատելու. «Ես պարզապես մտածում եմ՝ մենք ունե՞նք այլընտրանք։ Պարզվում է, որ այն սարսափելի փոքր է, եթե չասեմ՝ զրոյական՝ պայմանավորված այն հանգամանքով, որ տասնամյակներ շարունակ ստացվել է այդպես... մեր անվտանգությունը պաշտպանվել է Հյուսիսի կողմից, կամ մեզ թվացել է, որ պաշտպանվել է»։

Ըստ բանախոսի՝ անկախ նրանից՝ պաշտպանվել է մեր անվտանգությունը, թե ոչ, բայց երկիրը գտնվում է հյուսիսային ազդեցության գոտում։

Տնտեսագետի կարծիքով ԵՏՄ–ին միանալով՝ երկրում ներդրումներ կկատարվեն, և աշխատատեղեր կբացվեն։ Նա նաև կարևոր է համարել Հայաստանի ներուժի բարձրացումը՝ շեշտելով, որ մենք ինքներս պետք է կրթվենք ու կոփվենք.

«Ցանկացած երկիր իր գոյությունը պաշտպանելու կամ իր զարգացումն ապահովելու համար պետք է գործունեություն ծավալի։ Այդ գործունեությունը պետք է կարողանա ուրիշին հրամցնել։ Ուրիշն էլ պետք է կարողանա օգտվել այդ գործունեության արդյունքից։ Այդ ճանապարհին մենք օգուտներ կքաղենք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը