Տնտեսական

09.10.2014 12:39


«Շրջանառության հարկի մասին» օրենքի պարտադիր փաստաթղթավորման պահանջը հետաձգվեց

«Շրջանառության հարկի մասին» օրենքի պարտադիր փաստաթղթավորման պահանջը հետաձգվեց

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով առաջարկվում է երկարացնել օրենքի կիրառության անցումային դրույթների գործողության ժամկետը: ՓՄՁ շահերը ներկայացնող ՀԿ ներկայացուցիչների հետ քննարկման արդյունքում պարզվել է, որ պարտադիր փաստաթղթավորման պահանջի ներդրմամբ ի հայտ են եկել մի շարք տեխնիկական խնդիրներ, որոնք պայմանավորված են ապրանքի գույքագրումը 10-օրյա ժամկետում ավարտելու օրենսդրական պահանջով: Մասնավորապես, առևտրական գործունեությամբ զբաղվող հարկ վճարողները դժվարանում են հաշվառել իրենց ապրանքի մնացորդը և տեղեկություն ներկայացնել հարկային մարմին, ուստի օրինագծով առաջարկվում է սահմանել ավելի երկար ժամկետ: Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների հարկային բեռի նվազեցմանը և զուգահեռաբար՝ տնտեսությունում կատարվող գործարքների փաստաթղթավորման խնդրի լուծմանը:
Օրենքի նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:
ՀՀ կառավարության 2014թ. օգոստոսի 7-ի որոշմամբ հաստատվել է պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովելու ծրագրով Երևանի Ադոնցի փողոցի N 6/1 հասցեում կառուցվող շենքային համալիրի բնակարանների վաճառքի կարգը՝ էսքիզային նախագծով նախատեսված բնակարանների դիրքերից ելնելով: Ծրագրի ֆինանսավորման վարկատու կազմակերպությունը՝ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն, առաջարկել է կանխավճարի ավելի նվազ չափ՝ 20 տոկոսի փոխարեն 7,5 տոկոս, ինչպես նաև տոկոսի ավելի նվազ չափ՝ 10,5 տոկոսի փոխարեն 10 տոկոս: Այս փոփոխություններն արտացոլվել են կառավարության այսօրվա որոշման մեջ: Արձանագրելով, որ պայմաններն ավելի մատչելի են դարձել, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը կարևորել է որոշակի խմբերի քաղաքացիներին մատչելի բնակարանով ապահովելու ծրագրերի ընդլայնումն ու շահառուների թվի ավելացումը:

Այս խորագրի վերջին նյութերը