Մեկնաբանություն

15.10.2014 12:35


Տուգանային գումարտակի կամավորականները

Տուգանային գումարտակի կամավորականները

Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենաանմարդկային դրսևորումներից մեկը երևի տուգանային գումարտակն էր («штрафбат»)։

Արյունով մեղքերը քավելու կարգախոսով խորհրդային իշխանությունները կալանավայրերից առաջին գիծ էին ուղարկում հարյուր հազարավոր անմեղների ու մեղավորների, հաճախ՝ գրեթե անզեն։ Դեպքեր են եղել, երբ այդպիսի գումարտակները քշել են դեպի ականապատված տարածքներ։ Չհնազանդվել հնարավոր չէր. տեղում գնդակահարում էին։ Նահանջել հնարավոր չէր. յուրայինների գնդացիրները տեղում ոչնչացնում էին մեկ քայլ հետ կատարողին։

«Շտրաֆբատը» տարբեր կենսագրություններ ու ճակատագրեր ունեցող մարդկանցից կազմված թնդանոթային միս էր՝ գողեր, մարդասպաններ, կաշառակերներ, մտավորականներ, քաղբանտարկյալներ...

Երևույթը հիշեցնում է այսօրվա Հայաստանի քաղաքական դաշտում տեղի ունեցողը. իշխանությունն «առաջին գիծ» է նետել իր «շտրաֆբատը»։ Նույն տրամաբանությամբ՝ անկախ ով լինելուց՝ պետք է մինչև վերջ «փչանաս» հացի խնդիրդ լուծելու համար։

Ով ասես՝ չկա գործող իշխանության տուգանային գումարտակում՝ զառամյալ ու երիտասարդ հաճախորդներ, մոլորյալներ, «ակտիվիստներ», «մտավորականներ», ովքեր միշտ ասել են, թե քաղաքականության հետ ոչ մի կապ չունեն («քաղաքական թեմաներով ոչինչ չեմ ասելու»), բայց, արի ու տես, հանուն մի կտոր հացի՝ հայտնվել են «շտրաֆբատում»։

Պատերազմի տարիների «շտրաֆբատականներից» շատ քչերին հաջողվեց ողջ մնալ ու վերադառնալ քաղաքացիական կյանք։ Իշխանությունը մոռացավ «արյունով մեղքերը քավելու» իր խոստումը։ Ողջ մնացածների գերակշիռ մասը կրկին հայտնվեց կալանավայրերում։

Հիմա դուք ո՞ւմ համար եք նետվել առաջին գիծ ու դարձել թնդանոթային միս։ Կա՛մ մեծացող ալիքն է ձեզ քշելու տանելու, կա՛մ նույն իշխանությունն է ուղարկելու գրողի ծոցը։

Մարդ է՞լ կամավոր զինվորագրվի տուգանային գումարտակ։ Ինչի՞ համար՝ մի փոր հացի՞։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը