Մեկնաբանություն

17.10.2014 16:14


Եղանակի տեսության մասին ոչ մի խոսք սահմանադրական փոփոխությունների հայեցակարգում

Եղանակի տեսության մասին ոչ մի խոսք սահմանադրական փոփոխությունների հայեցակարգում

Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովը հրապարակել է սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը:

Հանձնաժողովի անդամները երկար աշխատանքից հետո եկել են այն եզրահանգման, որ «արդարադատությունը պետք է լինի անկախ ու անկողմնակալ»: Սահմանադրական հայեցակարգում նման միտք գրելը փաստում է, որ «սահմանադրագետները» զբաղված են կեղծիքով, և չկա սահմանադրական փոփոխությունների կարիք, ինչի պատճառով էլ Բաղրամյան 26-ին ներկայացվելիք 49–էջանոց փաստաթղթում գրել են այն, ինչ անցել է մտքներով։ «Սահմանադրագետների» աշխատանքը հիշեցնում է հայտնի մուլտֆիլմը, ըստ որի՝ ամռանը պետք է տաք լինի, իսկ ձմռանը՝ ցուրտ, արևը պետք է դուրս գա արևելքից և մայր մտնի արևմուտքում, ավելի լավ է լինել առողջ և հարուստ, քան հիվանդ և աղքատ:

Եթե ինչ-որ մեկը ներկայանում է որպես մեքենայի մասնագետ ու ասում, որ ավտոմեքենան պետք է շարժիչ ունենա, ապա նրա մասին ձևավորվում է կարծիք, որ նա մեքենայից որևէ բան չի հասկանում, կամ առնվազն դեմագոգ է։

Այսպիսիով, մասնագիտական հանձնաժողովը կազմել է մի փաստաթուղթ, որը կտրված է իրականությունից։

Այսօր Հայաստանի քաղաքական համակարգի ամենամեծ խնդիրը կեղծված ընտրություններն են և քաղաքական մենաշնորհը: Կեղծ ընտրությունների հետևանքով Սերժ Սարգսյանը վերցրել է Հայաստանի նախագահի պաշտոնը և չունի լեգիտիմություն: Սարգսյանը՝ ՀՀԿ-ի հետ միասին, կեղծ ընտրությունների միջոցով ուզուրպացրել է իշխանությունը, և փորձում է երկրի բոլոր ռեսուրսները կենտրոնացնել իր ձեռքում:

Այդքանից հետո որևէ ադեկվատ մարդ չի կարող հայտարարել, որ Հայաստանի զարգացմանը խոչընդոտող թիվ մեկ խնդիրը Սահմանադրությունն է, և պետք է այն փոխել։

Հայաստանի զարգացման գլխավոր խնդիրը եղել և մնում են կեղծված ընտրությունները, ինչպես նաև շուկայական տնտեսությանը հատուկ ինստիտուտների բացակայությունը կամ դրանց անկատարությունը։

Իշխանության սեփականաշնորհումը թույլ չի տալիս, որպեսզի երկրում գործի սահմանադրական կարգը։ Տարօրինակ պատահականությամբ՝ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգում այս մասին որևէ խոսք չկա։

Այս ամենը նման է ավտոմենքենայի բենզինի բաքը և շարժիչն իրար միացնող խողովակի խցանմանը, երբ վառելիքը չի հասնում շարժիչին, և որպեսզի վերջինն աշխատի, մասնագետը, որը զննել է մեքենան, հայտարարում է, որ թեև խցանված է խողովակը, սակայն պետք է փոխել շարժիչը, որպեսզի մեքենան կարողանա աշխատել։ Պարզ է, չէ՞, որ նման մասնագետը մեքենայի տիրոջ վրա կթողնի առնվազն անգրագետի տպավորություն։

«Սահմանադրագետները», հղում կատարելով Ֆրանսիայի Մարդու և քաղաքացու իրավունքների 1789 թվականի հռչակագրին, հայտարարել են. «Յուրաքանչյուր հասարակություն, որտեղ ապահովված չէ իրավունքների երաշխավորումը, և հաստատված չէ իշխանությունների բաժանումը, ընդհանրապես չունի Սահմանադրություն»: Միևնույն ժամանակ, ամբողջ փաստաթղթում նշում են, որ անհրաժեշտ է անցնել պառլամենտական համակարգի, որի փաստացի կիրառման դեպքում տեղի կունենա գործադիր և օրենսդիր մարմինների վերջնական սերտաճում։ Սա էլ խոսում է այն մասին, որ նրանք ոչ թե իշխանության բաժանում են առաջարկում, այլ միացում, իսկ այդ դեպքում, ըստ նրանց տրամաբանության, Հայաստանը, բնականաբար, Սահմանադրություն չի ունենա:

Բազմիցս նշել ենք, որ սահմանադրական փոփոխությունները կատարվում են Սերժ Սարգսյանի վերարտադրության համար, ու ցանկացած մեկը, որը կփորձի քողարկել այդ նպատակը, կթողնի առնվազն անազնիվ մարդու տպավորություն: Սահմանադրական հայեցակարգի մասնագետներն այսօր հայտնվել են այդ վիճակում:

Արմեն Գրիգորյան

«Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության անդամ

Այս խորագրի վերջին նյութերը