Կարծիք

18.10.2014 10:06


Մերի Մովսիսյան. «Ակնկալիքները կբավարարվեն. «մարդասիրական միջանցքն» ուժի մեջ է»

Մերի Մովսիսյան. «Ակնկալիքները կբավարարվեն. «մարդասիրական միջանցքն» ուժի մեջ է»

Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը հաղորդել է, որ Սերժ Սարգսյանի վերջնական դիրքորոշումը սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի վերաբերյալ, ըստ ամենայնի, հայտնի կլինի 2015 թվականի փետրվար-մարտ ամիսների ընթացքում:

Այսպես թե այնպես, Սարգսյանը պետք է որոշում ընդուներ: Այդ որոշումն իր բնույթով պետք է արտացոլեր նաև նրա ընտրությունը՝ գնալ առճակատմա՞ն, թե՞ խաղաղ ճանապարհով զիջել, նահանջել: Սարգսյանն ընտրեց երկրորդ տարբերակը: Ճիշտ է, այդ որոշմամբ նա իր հետին մտքում նպատակ ունի ժամանակ շահել ու մարել համազգային շարժումը, սակայն իշխանափոխության գործընթացը մեկնարկել է և անշրջելի է:
Պետք է նաև ընդգծել այն փաստը, որ Սարգսյանի այդ որոշումը պայմանավորված է ոչիշխանական քաղաքական ուժերի, մասնավորապես՝ «եռյակի» քաղաքական ջանքերով:

Եկեք համաձայնենք, որ դա զգալի ձեռքբերում է իշխանափոխության ճանապարհին՝ անկախ Սարգսյանի հետապնդած նպատակներից:
Հավանականություն կա, որ «գնացող» նախագահն այժմ որոշակի ակնկալիքներ կցանկանա ունենալ «եռյակից»: Դա նրա իրավունքն է, սակայն պետք է հաշվի առնի, որ բոլոր ակնկալիքները պետք է տեղավորվեն «մարդասիրական միջանցքի» և խաղաղ իշխանափոխության տիրույթում:

«Եռյակը» բազմիցս նշել է, որ թավշյա իշխանափոխության դեպքում կապահովի երաշխիքներ՝ գնացողին «մարդասիրական միջանցք» տրամադրելու երաշխիքների փաթեթ:
Ինչ վերաբերում է համազգային շարժման հետագա ընթացքին, ապա հոկտեմբերի 24-ին պետք է ներկայացվի «ճանապարհային քարտեզը», և ամրապնդվի համապատասխան գործնական քայլերով:
Նեոբոլշևիկյան ռեժիմի անկմանը զուգահեռ՝ պետք է սկիզբ առնի Հայաստանի նոր քաղաքական համակարգը, որը հանդիսանալու է բուրժուադեմոկրատական հեղափոխության արդյունք:

Հ. Գ. Մեկ առիթով նշել եմ, բայց ևս մեկ անգամ շեշտեմ, որ Սարգսյանն ունի բոլոր շանսերը՝ ապացուցելու, որ մեր երկրի քաղաքական կյանքում կարող է մնալ որպես ունիկալ նախագահ: Անկախ ամեն ինչից՝ խաղաղ ճանապարհով պետական իշխանության ղեկը հանձնել ունակ են միայն ունիկալ անձինք. պատմությունն ապացուցել է՝ սեփական կյանքը վտանգել են միայն անմեղսունակները:

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը