Մեկնաբանություն

20.10.2014 13:30


«Նորին գերազանցության» ձախողումները միլիոններ արժեն

«Նորին գերազանցության» ձախողումները միլիոններ արժեն

Սերժ Սարգսյանի «նախաձեռնողականությունը» (թե՛ արտաքին եւ թե՛ ներքին քաղաքական դաշտում) շատ թանկ նստեց մեր երկրի ու ժողովրդի վրա:

Մենք միայն արձանագրում ենք դրանք, սակայն դեռ պետք է հաշվել այն գումարների չափը, որ ծախսվել են «Նորին գերազանցության» կողմից անցած վեց տարիներին նախաձեռնած ու տապալված ծրագրերի իրականացման նպատակով:

Սերժ Սարգսյանի անհիմն ամբիցիաների և անձնական նպատակների բավարարման համար, որքան հասկանում ենք, հսկայական գումարներ են վատնվել, ինչին առայժմ լրջորեն անդրադարձ չի կատարվել:

Պատճառը, թերեւս, տեղեկատվության պակասն է կամ վատնված գումարների չափը խնամքով թաքցնելու իշխանության գործելաոճը:

Այնուհանդերձ, «Նորին գերազանցության» ձախողված նախաձեռնությունները հասարակական հիմունքներով չեն իրականացվել: Դրանք իրականացնելու համար հստակ բյուջեներ են ձեւավորվել:

Մոտ չորս տարի ՀՀ իշխանությունները բանակցում էին Եվրամիության ասոցացման համաձայնագրի շուրջ: Եվ հայտնի է, որ անցյալ տարվա սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը չորսամյա այդ բանակցությունները ջուրը թափեց ու գնաց Մաքսային միության ուղղությամբ: Մի կողմ թողնելով հարցի քաղաքական բաղադրիչը՝ արժե հասկանալ, թե ինչ գին վճարեց Հայաստանը բառիս ֆինանսական իմաստով։

Որքա՞ն գումար արժեցան ԵՄ-ի հետ բանակցությունները, այսինքն՝ այն որքան նստեց մեր պետբյուջեի վրա: Ըստ ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի՝ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների վրա Հայաստանը ծախսել է 34 միլիոն դրամ:

Դժվար է հավատալ այդ թվին, քանի որ չորս տարիների ընթացքում միայն թռիչքների գինը չի կարող 34 միլիոն կազմել: Եթե մանավանդ հիշենք, որ նախկին վարչապետի մեկ թռիչքը նշված գումարի կրկնակին էր:

Ճիշտ է, Սաֆարյանը նշում է, թե ԵՄ-ից էլ են ֆինանսական հատկացումներ եղել, բայց, միևնույն է, 34 միլիոնը ծիծաղելի թիվ է: Անկասկած, Հայաստանը շատ ավելին է ծախսել:

Կամ, օրինակ, հայ-թուրքական «ֆուտբոլային» դիվանագիտությունը:

Սերժ Սարգսյանն առնվազն 5 տարի էլ վատնեց այս գործընթացի վրա եւ այսօր հայտարարում է, թե Հայաստանը քննարկում է հայ-թուրքական արձանագրությունները ԱԺ-ից հետ կանչելու հնարավորությունը (արձանագրություններն, ի դեպ, ոչ թե «գրողի ծոցում» են, այլ ԱԺ–ում): Սակայն չի նշվում, թե ՀՀ-ի համար որքան արժեցավ այդ գործընթացը: Հույժ գաղտնի է պահվում: Մինչդեռ, Սարգսյանի նախաձեռնած «ֆուտբոլային» դիվանագիտությունը «օդից չէր սնվում»: Անցած 5-6 տարիներին դրա համար հսկայական գումարներ են ծախսվել:

Ինչպես ԵՄ-ի, այնպես էլ այս դեպքում պարզվեց՝ անիմաստ ու անտեղի:

Դե հիմա էլ սահմանադրական փոփոխությունների գործընթացն է գնում դեպի փակուղի, ավելի ճիշտ՝ տապալվելու ակնհայտ վտանգի առջեւ է կանգնած:

Այս դեպքում նշվում է, թե, իբր, ծրագիրը ֆինանսավորել է գերմանական մի ընկերություն (GIZ):

Սակայն եթե նույնիսկ այդպես է, ապա հազիվ թե գերմանական ինչ-որ դրամաշնորհով հնարավոր էր ավելի քան մեկ տարի (մինչեւ գարուն ժամանակահատվածն էլ չհաշված) «պահել» գործընթացը:

Անշուշտ, սահմանադրական «բարեփոխումների» համար պետբյուջեից նույնպես պատկառելի գումարներ են հատկացվել: Դա էլ առայժմ չեն բացահայտում: Ինչեւէ:

Սերժ Սարգսյանի նախաձեռնած միայն այս երեք գործընթացները, որոնք, ըստ էության, տապալված կարելի է համարել, բավական թանկ են նստել պետության վրա բոլո՛ր առումներով, այդ թվում՝ ֆինանսական:

Իսկ «Նորին գերազանցությունը» երկար ու էժան փողեր ապահովելու համար «կուտակայինի» անմարդկային համակարգը ներդրեց՝ հարյուր հազարավորներից քամելով աշխատավարձային տոկոսներ:

Իրո՛ք, սույն կատարյալ ձախողակին իր թիմով «գրողի ծոցն» ուղարկելու ժամանակն է:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը